ԿԱՐԿՈՒՏԸ` ԾԵԾԱԾ ՏԵՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի սերմը հողին պահ տալով` գյուղացիներն Աստծուց խնդրում են բերքի համար բարենպաստ տարի, բայց արդյունքում կա՛մ երաշտը, կա՛մ կարկուտը 90 տոկոսով կրճատում են բերքը: Այս տարին եւս բացառություն չէր. գարնանացանի աշխատանքներն ավարտվելուն պես  կարկուտը դարձյալ ծեծեց իր մշտապես ծեծած տեղը:  
Լոռու մարզի Ագարակ, Լեջան եւ Ամրակից համայնքներում մայիսի 25-ին գրանցված կարկտահարությունը խոշոր վնաս է հասցրել: Վնասվել են Ագարակի հացահատիկի ու կարտոֆիլի բերքի 80 տոկոսը, Լեջանի տնամերձ հողամասերն ու հացահատիկի արտերը, Ամրակիցի 50 հա կարտոֆիլի եւ 110 հա ցորենի ցանքատարածությունները: «Կարկուտից ժամեր առաջ տնկել էի գնածս կաղամբի սածիլները, հասցրեցի միայն ուրախանալ նրանց տեսքով, կարկուտը մի վայրկյանում սրբեց տարավ: Ծառերի վրա էլ բերք չթողեց, մի ժամանակ գոնե հակակարկտային կայաններ կային գյուղերում, հիմա դրանցից էլ զրկված ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց Ագարակի բնակչուհի Էլիդա Ջիլավյանը: Ագարակի ղեկավար Ռուբիկ Բարխուդարյանի խոսքով՝ անցած տարի տարածաշրջանում տեղադրվել են հակակարկտային 6 կայաններ, որոնք, սակայն, կարկտահարված համայնքներից բավական հեռու են եւ օգուտ չեն տվել:
Կարկուտի վնասները տեղում ճշտելու եւ վնասի չափը գնահատելու համար նշված համայնքներ են այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Վերջինս նշել է, որ կարտոֆիլի բերքը ենթակա է 60 տոկոս վերականգնման: Տեղում համայնքային հանձնաժողովներին հանձնարարվել է ուսումնասիրել վնասի չափերը եւ արդյունքները ներկայացնել կառավարություն: Անդրադառնալով հակակարկտային կայանների հարցին եւ  հաշվի առնելով վերջին տարիներին տարածաշրջանում կարկուտի պատճառած վնասների չափերը` պաշտոնյաները նշել են, որ նախատեսվում է հակակարկտային կայանների համալրում:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս