ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22-Ը ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է 22 ֆուտբոլիստներից բաղկացած կազմը, որը կնախապատրաստվի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Մալթայի (հունիսի 7) եւ Դանիայի (հունիսի 11) հավաքականների հետ խաղերին:
Դարպասապահներն են` Ռոման Բերեզովսկի` «Դինամո», Ռուսաստան, Գեւորգ Կասպարով` «Զոբ Ահան», Իրան, Արթուր Հարությունյան` «Շիրակ»: Պաշտպաններից հրավիրվել են՝ Ռոբերտ Արզումանյանը` «Ակտոբե», Ղազախստան, Վալերի Ալեքսանյանը` «Սանաթ Նաֆթ», Իրան, Կամո Հովհաննիսյանը, «Փյունիկ», Տարոն Ոսկանյանը` «Փյունիկ», Վարազդատ Հարոյանը` «Փյունիկ», Արտյոմ Խաչատուրովը` «Շերիֆ», Մոլդովա, Արթուր Ավագյանը` «Գանձասար»: Կիսապաշտպանների թվում են՝ Կառլեն Մկրտչյանը` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա, Դավիթ Մանոյանը` «Փյունիկ», Արթուր Եդիգարյանը` «Գովերլա», Ուկրաինա, Արաս Օզբիլիսը` «Կուբան», Ռուսաստան, Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա, Մարկոս Պիզելին` «Կրասնոդար», Ռուսաստան, Գեւորգ Ղազարյանը` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա, Նորայր Ասլանյանը` «Էմմեն», Հոլանդիա, Արթուր Յուսպաշյանը` «Փյունիկ»: Իսկ հարձակվողները երեքն են` Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ», Ռուսաստան, Յուրա Մովսիսյան՝ «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան, Արթուր Սարկիսով՝ «Վոլգա», Ռուսաստան: Ընդ որում, Յուրա Մովսիսյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ կանցկացնի կարճատեւ արձակուրդը: Հիշեցնենք, որ Մովսիսյանի ընտանիքը բնակվում է Փասադենայում: Իսկ արդեն հունիսի 3-ին Յուրան կմիանա Հայաստանի հավաքականին եւ կսկսի նախապատրաստվել ընտրական հանդիպումներին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ հունիսի 6-ին կայանալիք Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնության՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ, հնարավոր է, միանան ազգային թիմին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լեւոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը:

ԸՄԲՇԱՄԱՐՏԸ` ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Սանկտ Պետերբուրգում կայացած ութ մարզաձեւերի շնորհանդեսի արդյունքում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը 2020թ. օլիմպիական խաղերի թեկնածու մարզաձեւեր է ընտրել ըմբշամարտը, բեյսբոլ-սոֆթբոլը եւ սկվոշը։ Պայքարից դուրս են մնացել կարատեն, ուշուն, մարզական ժայռամագլցումը, անվաչմշկային սպորտը եւ վեյկբորդինգը։
Ըմբշամարտն առաջինն է դուրս եկել եզրափակիչ։ Սեպտեմբերի 8-ին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանի ժամանակ հայտնի կդառնա հաղթող մարզաձեւը։ Հուսանք, որ հաղթողը կլինի ըմբշամարտը, ինչի համար պայքարում են այդ հնագույն մարզաձեւի ներկայացուցիչները:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս