ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ` ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
1999-2000թթ. ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Տոնոյանի ղեկավարած «Արդինտեքս» ՍՊԸ-ն այժմ Բերդի տարածաշրջանում ռազմավարական նշանակության ծրագիր է իրականացնում: Քանի որ այն ռազմական գաղտնիք է պարունակում, չենք հրապարակում այդ գործընթացի հետ կապված մանրամասներ: Սակայն Բերդի տարածաշրջանի բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքեցին այդ ընկերության կատարած աշխատանքների վատ որակից եւ դրա հետեւանքներից: Մասնավորապես, այդ աշխատանքների հետեւանքով Բերդ քաղաքում քանդվել է «Սորան» թաղամասի ճանապարհը, վնասվել է սահմանամերձ Արծվաբերդ գյուղի խմելու ջրագծի 200 մետրանոց հատված: Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց այդ փաստը: Իսկ Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այդ ընկերության կատարած աշխատանքների հետեւանքով իրենց գյուղը սնուցող խմելու ջրագծի համար խնդիրներ են ստեղծվել, եւ հետագայում ջրագծում նորոգման աշխատանքներ կատարելը դժվար է լինելու: Ինքը` Ռուբեն Տոնոյանը, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրենց կատարած աշխատանքում առկա են թերություններ: Նա ասաց, որ արեւային եղանակի դեպքում կշտկեն շինարարության թերությունները: Տոնոյանին հարցրինք, թե արդյոք իրենց ընկերությունը Բերդի համայնքապետարանից տրված շինթույլտվություն ուներ: Նա ասաց, որ ընկերությունը շինթույլտվություն ուներ, սակայն Բերդի համայնքապետարանից տեղեկացանք, որ նման թույլտվություն չի տրվել: Մեր աղբյուրները հայտնում են, որ նույն ընկերությունը մի քանի տարի առաջ նույնպիսի ռազմական նշանակության աշխատանք էր կատարել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ կրկին շինարարական մեծ թերություններով:
Տավուշ
ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՊԵՏՔ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ
2013թ. մայիսի 12-ի կարկտահարության հետեւանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել եւ կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ հետեւյալ բովանդակությամբ. խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ, բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք, լոլիկի մշակության բնային ցանք: ՀՀ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի համոզմամբ՝ այս խորհրդատվական թերթիկների համար ծախսված գումարը ճիշտ կլիներ տրամադրել գյուղացիներին: «Հիմա արդեն ուշ է, գյուղացին դրա կարիքը չունի: Տարիներ շարունակ իրենք անընդհատ ու միայն խորհրդատվություն են անում: Հիմա խեղճ գյուղացիներն այդ թերթիկներն ի՞նչ պետք է անեն: Գյուղացուն հիմա հետաքրքրում է այն, թե որտեղից երկու կոպեկ գտնի ու դրանով իր երեխային կերակրի: Էս պահին գյուղացուն դա է հետաքրքրում: Այդ թերթիկները նա չի էլ կարդում»,-ասաց Սեդրակյանը: Ի դեպ, այդ թերթիկների վրա աղոթքներ գրված չեն եղել: Ցանքատարածություններն օրհնելու մասնագետ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այս անգամ չի դիմել աղոթքի զորությանը: