ՍՊԱՍԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ կոտրել են սիրված դերասան Մհեր Մկրտչյանի՝ «01-99» ֆիլմում կերտած Գարսեւանի կերպարի կավե արձանի տակառն ու ձեռքը:
Հերթական վանդալիզմի մասին ահազանգել է «Չորս կարիճ» մշակութային կազմակերպության նախագահ Հայկ Մութաֆյանը, որը վիրավորական է համարում, երբ ժողովրդի կողմից սիրված մարդկանց եւ կերպարների արձանների վրա գումար են խնայում:
Ի դեպ, նա դեռեւս ամիսներ առաջ որոշել էր հիմնադրամ ստեղծել, որի միջոցներն ուղղվելու էին մտավորականների արձանների «բարելավմանը»: Նա ցանկանում է, որպեսզի արձանները լինեն ոչ թե կավից ու իսկույն կոտրվեն, այլ կերտվեն բրոնզից, լավ որակի քարից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրվել էին նաեւ Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթեւոսյանի, Պարույր Սեւակի, Տիգրան Պետրոսյանի «արձանները»: Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը մի հարցազրույցում նշել էր, որ Սուրեն Մելքոնյանը դրանք պատրաստել է կավից, արձանները թրծված են, բավական ամուր եւ անվնաս կարող են մնալ անգամ ձմռանը: Քաղաքապետի խորհրդականը հաշվի չէր առել, այսպես ասած, մարդկային գործոնը, եւ ժամանակը ցույց տվեց, որ կավե արձանները չդիմացան այդ փորձությանը:
Այդ ջարդարարությունից հետո խոստացան «արձանների» մոտ տեսախցիկներ տեղադրել, բռնել չարագործներին, պատժել, նույնիսկ երկու պարսիկ երիտասարդի բռնացրին, բայց մեր մեծերի «արձանները» շարունակում են այլանդակվել: Նույն խորհրդականը անցյալ տարեվերջին տեղեկացրել էր, որ մի քանի օրից նստարաններին տեղակայված «արձանները» կտեղափոխվեն. «Եղիշե Չարենցի արձանը քաղաքապետարանը նվիրում է Չարենցի տուն-թանգարանին, Պարույր Սեւակի արձանը կնվիրաբերի Սեւակի` Զանգակատանը գտնվող տուն-թանգարանին, Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը կտեղափոխվի Գյումրի, Հրանտ Մաթեւոսյանի արձանը կնվիրաբերվի «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին, որպեսզի հետագայում տեղակայվի Աբովյան պուրակում կառուցվող Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում»: Սակայն «արձանները» մնում են իրենց տեղում եւ հերթական անգամ դառնում ջարդարարների զոհ:
Ի դեպ, չնայած դրանք տեղափոխվելու էին, բայց, ըստ խորհրդականի, արդեն այս տարվա ապրիլից սկսած` «Մեր հանճարները մեր կողքին` Երեւան քաղաքում» նախագծի շրջանակներում եւս հինգ արվեստագետի «արձան» պետք է տեղադրվեր, այդ թվում՝ Մինաս Ավետիսյանի, Հրաչյա Ներսիսյանի: Հետագայում դրանք նույնպես նվիրելու են թանգարաններին:
Այս ամենը սկսում է նմանվել յուրահատուկ խաղ շոուի. «արձանները» ցուցադրում են, ստուգում մարդկանց համբերությունը, նրանց` ջարդել-փշրելու ընդունակությունները, որից հետո որոշում տեղափոխել թանգարաններ: Թե նման անճաշակ գործերն ինչ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին կամ հյուրերին, դժվար թե որեւէ մեկը կարողանա ասել, բայց որ դրանց վրա բավականին գումարներ են ծախսվում, հասկանալի է շատերին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս