ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արա Գեւորգյանը բացահայտում արեց՝ առաջին անգամ Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծվել է նոր հայկական ժողգործիք` բաս քանոն: Գաղափարի հեղինակը հենց ինքը՝ կոմպոզիտորն է, իսկ գործիքի հեղինակը` Ալբերտ Զաքարյանը:
Առաջին բաս քանոնը վարպետ Ալբերտը եւ Արա Գեւորգյանն անվանել են «Ալվարդ»: Այսուհետ ստեղծվող ամեն նոր գործիք, ըստ կոմպոզիտորի, կարող է ունենալ մեկ այլ հայուհու անուն, պայմանով, եթե այդ հայուհու եղբայրը կամ ամուսինը որոշեն ֆինանսավորել դրա ստեղծման ծախսերը: Գործիքի գինը Ա. Գեւորգյանը դժվարացավ ասել, քանի որ դեռ չի հաշվարկվել, միայն նշեց, որ 1000 ԱՄՆ դոլարից ավելի կլինի:
Արա Գեւորգյանը տեղեկացրեց, որ գործիքի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Հայկական նոր ժողգործիքի` բաս քանոնի ստեղծման աշխատանքները տեւել են ութ ամիս: Կոմպոզիտորի փոխանցմամբ՝ գործիքը պրոպագանդելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ արդեն խոսել է, իրենք նախատեսում են գործիքի հեղինակային իրավունքն արձանագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն, թե ով կամ որ ժողովուրդն է ստեղծել այն:
Գործիքը ստեղծող վարպետ Ալբերտի խոսքով` բաս քանոնը պատրաստվել է Սոչիից բերված թխկիի փայտից եւ կոնտրաբասի համար նախատեսված լարերով: Բաս քանոնի վրա, ըստ Արա Գեւորգյանի, կարող է նվագել ցանկացած քանոնահարուհի` ընդամենը 5 րոպե գործիքն ուսումնասիրելուց հետո:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Այսօր՝ մայիսի 31-ին՝ ժամը 16:00-ին, «Star City»-ում տեղի կունենա երգիչ Վարդան Բադալյանի ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ տեղ են գտել հին գուսանական երգեր: Երգչի խոսքով` միջոցառմանը ներկա են լինելու նրա բոլոր ընկերներն ու գործընկերները: Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա Վարդան Բադալյանի նոր ձայնասկավառակը ձեռք բերել տեղում:




Լրահոս