ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նկատել եմ, որ հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ փող են դնում: Դա վարձատրությո՞ւն է քահանային, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ:

Սաթենիկ Պարսամյան (23 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է քահանայի սկուտեղի մեջ հանգանակվող գումարին, ասենք, որ դեռեւս նախաքրիստոնեական շրջանում, երբ Աստված հրեա Ղեւիի ցեղին հանձնեց քահանայությունը, պատվիրեց, որ մյուս 11 ցեղերը հոգ տանեն ղեւտացիների մասին: Վերջիններս պիտի սպասավորեին Աստծո տաճարում եւ չէին կարող գումար ու ապրուստ վաստակելու այլ միջոց գտնել: Մինչ այդ ամեն ընտանիքի առաջին արու զավակը նվիրաբերվում էր եկեղեցուն որպես սպասավոր: Հրեաների մոտ մինչեւ հիմա էլ մնացել է առաջնեկ տղաներին տաճարին նվիրաբերելու փոխարեն որեւէ բան նվիրաբերելու կամ զոհ մատուցելու սովորությունը: Եթե հիշում եք, 40 օրական Հիսուսին էլ ծնողները տարան տաճար, ապա 2 տատրակ որպես զոհ մատուցեցին:
Արարողությունների ու ծեսերի ժամանակ մարդկանց կողմից նվիրաբերվող գումարով էլ քահանաներն ապրում էին: Այդպես է նաեւ հիմա: Յուրաքանչյուր ոք ազատ է իր ցանկությամբ գումար նվիրաբերել: Մարդիկ կան, որ ի վիճակի չեն այդ նվիրաբերությանը: Որեւէ մեկը չի կարող ստիպել գումար տալ: Այն գումարը, որ ծեսերի ժամանակ ժողովուրդը տալիս է քահանային, մի տեսակ զոհաբերություն է Աստծո սպասավորին: Ինչ վերաբերում է առանց գումարի պսակադրվելուն, ասենք, որ նման բան իհարկե հնարավոր է: Սակայն որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեք ե՛ւ դուք, ե՛ւ քահանան, որը, սովորույթի համաձայն, վերջում պիտի սկուտեղ մեջտեղ բերի, ցանկալի է, որ նախապես խոսեք պսակադրող քահանայի հետ եւ բացատրեք իրավիճակը:

Աղոթաբար՝ Նոյ սարկավագ Անդրեասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչքան էլ ներկայացված ավանդույթը գեղեցիկ է, ամեն դեպքում նկատենք, որ այդ հավաքված գումարներն ամենեւին էլ փոքր չեն: Ի դեպ, անգամ մոմն է թանկացել:




Լրահոս