ՊԱՊԻԿՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն իր պաշտոնավարման երկարուձիգ 12 տարիների ընթացքում երբեք լրագրողների հարցերին նորմալ չի պատասխանել: Բայց եթե նա պարզապես հարցերին չպատասխաներ, ապա այդ գործելաոճն ինչ-որ առումով հասկանալի կլիներ` հաշվի առնելով նրա պաշտոնի առանձնահատկությունները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ վերջին տարիներին Գորիկ Հակոբյանը նախկինի պես չի կարողանում լրագրողների հարցերին պատասխանելուց զուսպ խուսափել: Նա ինչ-որ պատասխան տալու փոխարեն, չգիտես ինչու, իրեն իրավունք է վերապահում լրագրողներին վիրավորել: Նույնը տեղի է ունեցել երեկ, երբ Եռաբլուրում լրագրողները փորձել են Գորիկ Հակոբյանից պարզել, թե նա ինչ է պատրաստվում անել փետրվարի 11-ից հետո, եւ հնարավոր է, որ հատուկ իր համար ՀՀ ողջ օրենսդրությունը փոփոխության ենթարկվի, որպեսզի շարունակի պաշտոնավարումը: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենը մի քանի օրից` փետրվարի 11-ին, կդառնա 70 տարեկան եւ այլեւս չի կարող շարունակել պաշտոնավարել: Ուշագրավն այն է, որ Գորիկ Հակոբյանին հատկապես զայրացրել է լրագրողներից մեկի այն դիտարկումը, թե «հո Դուք հավերժ չե՞ք»: Պարզվում է՝ այդ անմեղ դիտարկումը այնքան խորն է խոցել ԱԱԾ տնօրենին, որ նա երկար ժամանակ չի կարողացել տեղը գտնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պարբերաբար սրտնեղել է. «Ինձ ասում են՝ հավե՞րժ եք: Արա լավ, զզվանքս գալիս ա, այ քեզ բան»: Թերեւս ժամանակն է, որպեսզի լրագրողները Գորիկ Հակոբյանին հարցեր տալուց հիշեն, որ նա արդեն յոթանասուն տարեկան է: Մարդը երկար տարիներ նույն պաշտոնում աշխատում է, եւ իր պաշտոնավարման հավերժ չլինելու մասին դիտարկումն ընկալում է անեծքի պես մի բան: Այսինքն՝ պապիկը ցանկանում է, որ իրեն աչքով չտան:

 

 

 
Ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս, երբ ծանոթանում ենք 2007թ. ապրիլի 26-ին Ռոբերտ Քոչարյանի եւ այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի հանդիպման մասին «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը ամերիկացի դիվանագետին տեղեկացրել է, որ 2007 թվականի տարեսկզբից մինչ այդ օրը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը արդեն երեք անգամ դիմել է իրեն՝ խնդրելով թույլատրել ՕԵԿ-ին կրկին վերադառնալ իշխանական կոալիցիա: Նկատենք, որ Քոչարյանի զրույցը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 12-ին նշանակված ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին: Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը եւ նրա ՕԵԿ-ը, ինչպես բոլոր ընտրություններում, ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բայց միաժամանակ, փաստորեն, բոլորից թաքուն հասցրել էր բանակցել նախագահականի հետ, որպեսզի իրենց հետեւի մուտքից ներս թողնեն դեպի իշխանության կերակրատաշտը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Արդյունքում, Սերժ Սարգսյանի մտերիմները դժվարանում են պատկերացնել, թե ինչպես կարող էին մարդիկ, որոնց իրենք ընկեր են համարել, ցանկանային, որ նախագահական ինքնաթիռը պայթեցվեր կամ համանման իրադարձություններ տեղի ունենային: Արդյունքում, ՀՀ ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել` բոլորին հետապնդե՞լ, թե մի մասի անունները չտեսնելու տալ: Ի դեպ, այս գործով լրագրողներ էլ են հարցաքննվել:

 

 

 
Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերը, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն, քանի որ 2015 թվականին նրանց վճարած հարկերը, նախորդ 2014 թվականի համեմատ, շեշտակի նվազել են: Դրանց մեջ կան նաեւ ընկերություններ, որոնց իշխանական կապեր բոլորին են հայտնի: Այսինքն՝ արհեստական խոչընդոտների տարբերակը կարող ենք բացառել: Վերցնենք «Ֆիլիպ մորիս Արմենիա»-ին, 2014-ին վճարած է եղել 8 միլիարդ 29 մլն դրամի հարկ, իսկ անցած տարի այդ ընկերության վճարված հարկերը կազմել են ընդամենը 7 մլրդ 424 մլն դրամ: «Տոյոտա Երեւան» ընկերության հարկերը 2014-ի 4 մլրդ 145 մլն դրամից նվազել են մինչեւ 1 մլրդ 526 մլն դրամ: «Ֆիլիպ մորիս Արմենիան» ինչպես հայտնի է՝ կապվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընտանիքի հետ, իսկ «Տոյոտա Երեւանը» ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություն: Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանի վճարած հարկերը եւս կտրուկ նվազել են. 7 մլրդ 30 մլն-ից այն հասել է 4 մլրդ 929 մլն-ի:

 

 

 
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ
Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով անսպասելիորեն շարունակեց իր պաշտոնավարումը, թեեւ արդեն իսկ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման հերթն էր, նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում կազմակերպության անդամների հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը, զարմանքով հակադարձել է.«Իսկ ի՞նչ քննադատության մասին է խոսքը, այդ ե՞րբ է Ս. Սարգսյանը քննադատել ՀԱՊԿ-ին»:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը տարեվերջին ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում ունեցած ելույթում ասել էր.«Եթե չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»:
Ուշագրավ է, որ Սարգսյանի այս ելությը որպես քննադատություն չէր ընկալել նաեւ Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը, ով եւս երկրորդել է Բորդյուժային` տարակուսելով, թե ինչ քննադատության մասին է հարցնում լրագրողը: Միեւնույն ժամանակ Բորդյուժան պարբերականներից մեկին տված հարցազրույցում ընդունել է, որ «ՀԱՊԿ-ում միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել եւ հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուժեղացնելու համար արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ապահովելու փոխադարձ աջակցություն»,- ասել է Բորդյուժան` ի դեպ, նկատելով, որ այդ հարցի շուրջ ինքը զրուցել է նաեւ Նալբանդյանի հետ:
Եվ հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ելույթը լուրջ չընդունող (իսկ քննադատական ելույթում քննադատություն չտեսնելը հենց անլուրջ մոտեցում է) Բորդյուժան եւ Նալբանդյանը քննարկում են այդ ելույթում հնչած մտքերը եւ փորձում բարձրացված խնդիրների ուղղությամբ լուծումներ գտնել: Ինչը ինքնին լուրջ չէ: Առավել եւս, որ Ս. Սարգսյանն առաջին անգամը չէր նման ոճով ելույթ ունենում` ի ցույց դնելով ՀԱՊԿ անդամ երկրների ոչ դաշնակցային վարքագիծը: Նա, մասնավորապես, նույնպիսի կտրուկ ելույթ ունեցավ նաեւ 2014թ. հունիսին` Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ ՀԱԽ նիստում: Եվ այն ժամանակ եւս, ինչպես հիմա, նույն Բորդյուժան խոսում էր «միասնական որոշումների կայացման համակարգի արդյունավետության» եւ «փոխադարձ աջակցության» մասին:
Այնպես որ, Ս. Սարգսյանի տարեվերջյան ելույթն, ըստ ամենայնի, կոնկրետ իրավիճակային խնդիրներով թելադրված պոռթկում էր, այլ ոչ թե համակարգային քննադատություն, ինչն էլ բավականին թափանցիկ ձեւով նախօրեին հաստատեցին Բորդյուժան եւ Նալբանդյանը:




Լրահոս