ԱԲՍՈՒՐԴ Է. ՉԵՄ ԿԱՐՈՂ ՈՒՐԻՇ ԲԱՌԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընտրական օրենսգրքում փոփոխություններին ընդառաջ առաջարկել է մինչեւ 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրղզստանի ընտրական փորձը, այսինքն՝ քվեարկությունն էլեկտրոնային տարբերակով անցկացնել: Ըստ նրա՝ այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների եւ երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները եւ «կառուսելների» կազմակերպումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, իրականում ՀՀ իշխանություններն են ցանկություն հայտնել քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային, որպեսզի իրենց ցանկալի արդյունքին հասնելու հնարավորությունն ավելի մեծ լինի: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, Դուք ընտրական օրենսգրքում փոփոխություններին ընդառաջ առաջարկել եք, որ Հայաստանում ներդրվի Ղրղզստանի ընտրական փորձը, այն է՝ քվեարկությունն էլեկտրոնային տարբերակով: Իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ հետ եք զրուցել, եւ ովքե՞ր են կողմ Ձեր առաջադրած տարբերակին:
-Դեռ ոչ մեկի հետ չենք խոսել, որովհետեւ օֆիցիալ ինչ-որ հանդիպումներ չեն եղել, բայց տեղյակ ենք, որ քաղաքական մեծամասնությունով, ԿԸՀ-ով քննարկվում է այդ հարցը: Մենք ներկայացրել ենք ղրղզական փորձը: Ես Ղրղզստանում ընտրությունների ժամանակ եղել եմ դիտորդ, այսինքն՝ տեղում տեսել եմ՝ ինչպես է այդ համակարգը աշխատում, եւ մանրամասն ներկայացրել այն: Հիմա ինչ-որ բան չկա մեզ հետ խոսելու, որովհետեւ մանրամասն ներկայացված է, ինչ-որ հանդիպելու, խոսելու բաներ չեմ տեսնում: Եթե նրանք համաձայնեն, ընդունեն դա, որը նաեւ ֆինանսական լուրջ ծախսերի հետ է կապված, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի ընտրական համակարգը վերջապես կազատվի իր 20 տարվա հնության հիվանդություններից:
-Էլեկտրոնային տարբերակով քվեարկություն անցկացնելը որքանո՞վ է արդյունավետ, եւ արդյո՞ք այն ընտրակեղծիքներ կատարելու հնարավորություն չի տա:
-Այդ համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինի կրկնաքվեարկություններ անել, «կառուսելներ» կազմակերպել, հետագայում քվեարկությունից հետո ձայների տրցակը դնել մյուսի վրա եւ, ընդհանրապես, կմաքրվեն ընտրության ցուցակները: Այսինքն՝ քվեաթերթիկ լցոնելը լրիվ կվերանա, տեղամասում այլեւս խախտումներ հնարավոր չի լինի անել, իսկ մնացած` տեղամասից դուրս տեղի ունեցող խախտումները` ընտրակաշառքի բաժանում եւ այլն, արդեն դրա դեմ պայքարը ընտրական օրենսգրքի շրջանակներում չէ: Հիմա կոնկրետ ընտրական օրենսգիրքն են քննարկում, ու այդ մասով եթե մենք հարցը լուծենք, տեղամասի ներսում այլեւս խնդիր չենք ունենա:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ իրականում իշխանության ներկայացուցիչներն են էլեկտրոնային տարբերակով քվեարկություն անցկացնելու ցանկություն հայտնել, եւ նրանց հորդորով է, որ Դուք նման նախագծով եք հանդես եկել: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
-Աբսուրդ է, չեմ կարող ուրիշ բառեր օգտագործել, որ մի քիչ վատ չհնչի: Այսինքն՝ իշխանություններն ասել են՝ գնա Ղրղզստան, ուսումնասիրի, հետ արի, հետո, երբ որ մենք Սահմանադրությունն ընդունենք, առաջարկի՞: Դա աբսուրդ է, ոչ մեկ ոչ մեկի ներսից չի ասել, եւ եթե դա ընդունելի էր, ավելի լավ կլիներ, որ նրանք անեին, ոչ թե այդ կրեդիտը մնար «Լուսավոր Հայաստան»-ին:
-Պարո՛ն Մարուքյան, նշվում է, որ եվրոպական կառույցների հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնեն` նախագիծը կյանքի կոչելու համար: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-Հիմա մենք ենք բոլոր կառույցների հետ աշխատում, որ աջակցեն, եւ այդ տեխնիկան տրվի Հայաստանին: Այսինքն՝ ոչ թե մեզ փող տան, որ ներդնենք, այլ տան այդ տեխնիկան, դասընթացները կազմակերպեն հանձնաժողովի անդամների համար, որպեսզի այդ համակարգը ներդրվի:
-Արդեն իսկ մտահոգություններ են հնչում` կապված այն բանի հետ, որ այս համակարգը հնարավորություն է տալու տեսնել, թե ում օգտին են քվեարկում քաղաքացիները: Արդյո՞ք նախագիծը նման հնարավորություն է տալու, եւ մարդկանց մտավախությունները տեղին են:
-Այստեղ երկու տարբերակ կա: Առաջին տարբերակում քվեատուփը միաժամանակ հաշվում էր ձայները, իսկ երկրորդ տարբերակում ձայները վերջում են հաշվում, եւ ընթացքում ոչ ոք չի իմանում, թե ինչ ձայներ են հավաքվում: Այստեղ պետք է նվազեցվի մարդկային գործոնը, այսինքն՝ որեւէ կերպ մարդու ազդեցություն չլինի համակարգում: Եթե մեր ներկայացված համակարգը ներդրվի, այդ մտահոգությունները չեն լինելու: Ցանկացած լավ գաղափար կարելի է խեղաթյուրել ու փչացնել, ինչը որ Հայաստանում միշտ արվել է, բայց եթե այդ գաղափարը խեղաթյուրված, ինչ-որ խուճուճ ձեւերով ներդրվի, պարզ է, որ չի լինի այն փորձը, ինչ-որ Ղրղզստանում է կիրառվում: Մեր առաջարկած տարբերակով հնարավոր չի՝ Ձեր ասածը տեղի ունենա:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ԴԵ, ՁԱՆՁՐԱՑՐԻՔ ԻՆՁ ԱՐԴԵՆ

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Սրբազա՛ն հայր, որեւէ առնչություն ունե՞ք այդ գործի հետ (խոսքն օֆշորային հայտնի սկանդալի մասին է):
-Բացարձակ ոչ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Որ չունեմ, ի՞նչ պատասխանեմ:
-Իսկ եթե դատարան կանչեն, չե՞ք գնալու:
-Արդեն պատասխանել եմ:
-Սրբազա՛ն հայր, «Բենթլիի» ճակատագիրն ի՞նչ եղավ, վաճառե՞լ եք, նվիրե՞լ եք: Ի՞նչ եղավ, ի վերջո:
-Շնորհավորում եմ բանակի տոնի առիթով, ուրիշ ասելիք չունեմ:
-Ձեր անունն է հոլովվում, Ձեր վարկն է, Ձեր հեղինակությունն է:
-Է՜, դուք էլ եք հոլովվում:
-Դատարանում Ձեզ մեղադրանք է առաջադրված, Ձեզ մեղադրում են, չե՞ք ուզում հակադարձել: Եթե լռում եք, նշանակում է՝ մեղավոր եք, ընդունո՞ւմ եք Ձեր մեղավորությունը:
-Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերում:
-Հանրության կարծիքը լո՞ւրջ է Ձեզ համար:
-Դու հանրության ներկայացուցիչ չես:
-Ինչո՞ւ են մեր հոգեւոր հայրերը թանկարժեք, շքեղ կյանքով ապրում:
-Ցտեսություն, ժողովո՛ւրդ:
-Չունե՞ք ոչինչ ասելու հանրությանը:
-Չէ՛, դու հանրություն չես ինձ համար: Դուք ինձ ձանձրացրեցիք:
-Իսկ ի՞նչ անենք, որ չձանձրանաք:
-Խելոք եղե՛ք, խելոք:
-Ձեր բիզնեսների մասով ի՞նչ կասեք: Jose-ը, ըստ տեղեկությունների, օրինակ՝ Ձե՞րն է:
-Քոնն ա:
-Չեմ ուզում, շնորհակալ եմ:
-Դե, իմը չի, ո՞նց տամ քեզ:
-Սրբազան հայր, ի վերջո…
-Դե, ձանձրացրիք ինձ արդեն:
-Ինչո՞վ ենք ձանձրացնում, սրբազա՛ն հայր:
-Խելոք հարցեր չեք տալիս:
-Սրբազա՛ն հայր, մամուլն անդրադարձավ, որ «Բենթլին» նվիրել եք:
-Վաղուց եւեթ:
-Սրբազա՛ն հայր, գոնե հոգեւոր աշխարհից կարո՞ղ եք խոսել:
-Չհոգնեցի՞ք ինձնից:
-Չէ, չենք հոգնել:
-Է, ես ձեզ հոգնեցրի:
-Հոգեւորականները պետք է հանդուրժող լինեն սովորաբար:
-Ավելի հանդուրժող ինչպե՞ս լինեմ:
-Սրբազա՛ն հայր, քրեական գործ կա:
-Ո՞ւմ վրա: Ի՞մ վրա:
-Կա քրեական գործ, որտեղ շոշափվում է Ձեր անունը:
-Ով շոշափում է, թող նա էլ բացատրի:
Նավասարդ արքեպիսկոպս Կճոյանը մոտեցավ մեքենային, նորից շնորհավորեց տոնի առթիվ եւ ասաց. «Եվ բարի եղեք մի քիչ»:

168 ժամ

 

 

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրությունների քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային: Պարզվում է՝ այս նախաձեռնությունը, բացի ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից, պաշտպանում են նաեւ ՀՀ իշխանությունների հովանավորությունը վայելող ԲՀԿ-ում: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միանշանակ ճիշտ է էլեկտրոնային տարբերակով քվեարկություն անցկացնել: Մենք ողջունում ենք: Այն նախեւառաջ լուծում է խնդիրը, որով պահանջվում է, որպեսզի ցուցակներ փակցվեն: Այդ հարցը հանվում է: Այս տարբերակով մարդը գալիս, քվեարկում է, եւ այդ քվեարկությունը ստորագրային ձեւով երեւում է՝ այսինչ մարդը քվեարկության մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Այսպիսով քվեարկության կրկնությունը բացառվում է: Երկրորդ հարցը, որ կարեւորում ենք, ծրագրային անվտանգությունն է: Սերվերը ամբողջովին ծրագրային վերահսկողություն է իրականացնում»: Իսկ այն հանգամանքը, որ այդ կերպ ընտրությունները փաստացի կդառնան բաց, եւ իշխանություններից ինչ-ինչ պատճառներով վախեցող ընտրողները չեն համարձակվի «սխալ» քվեարկել, թերեւս ոչ էլ ուշադրության է արժանանում:

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ՝ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին հայտնվել է դատարանում խարդախության գործով: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Գարիկ Իսրայելյանի եւ Միքայել Ալկամյանի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող գումարը` ընդհանուր 31 միլիոն եւ 7 միլիոն դրամ: Նշենք, որ այս գործի շրջանակներում իրավապահները ՀՀ կենտրոնական բանկից առգրավել են բանկային գաղտնիք կազմող փաստաթղթեր` 1 փաթեթ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից առգրավված բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը եւ ստորագրության նմուշների 1 փաթեթ:

 

ՎԱԽԵՑԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ հիդրոմետը հայտարարել էր, որ հունվարի 27-ը վերջին մի քանի տասնամյակի կտրվածքով ամենացուրտ օրն էր լինելու: Պարզվում է՝ այս հանգամանքը երթուղայինների եւ ավտոբուսների մի շարք վարորդներին լուրջ վախեցրել է: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ թիվ 57 երթուղու ավտոբուսները (Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 15 թաղամասից մինչեւ «Տաշիր» առեւտրի կենտրոն) եւ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսները ժամը 21:00-ից հետո չեն գործում: «Ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանից, սակայն այստեղից մեզ պատասխանեցին, որ մեր կողմից բարձրացված խնդրի առնչությամբ պարզաբանում կտան առաջիկա օրերին: Շատ օպերատիվ են:




Լրահոս