ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում աղմկահարույց երկու զեկույցները հաստատ վերջին հակահայկական փաստաթղթերը չեն: Կասկածից վեր է, որ Ադրբեջանն առաջիկայում համանման նոր զեկույցներ եւ այլ փաստաթղթեր կնախաձեռնի: Ուստի առավել քան կարեւոր է, որպեսզի հայկական դիվանագիտությունը տեղի ունեցածից հետեւություններ անի եւ փորձի շտկել իրավիճակը: Այս տեսանկյունից առավել քան կարեւոր է պարզել, թե հակահայկական զեկույցների հետ կապված այս պատմության մեջ հատկապես որ դեսպանություններն են թերացել:
Այսպես, հակահայկական զեկույցներին կողմ քվեարկած ԵԽԽՎ պատվիրակների շարքում եղել են, օրինակ, հարեւան Վրաստանի ներկայացուցիչները: Այդ երկրում, ինչպես հայտնի է, ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այն, որ վերջինս դիվանագիտության հետ կապ չունի ե՛ւ Վրաստանի իշխանություններին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին որեւէ հարցում չի կարող համոզել, կարծում ենք՝ ինքնըստինքյան հասկանալի է: Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը ավելի քան մեկ տարի` 2013-ի մայիսից մինչեւ 2014-ի հունիսը, զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման շրջանում նշված նախարարությունը, կարելի է ասել, լիարժեք կազմալուծվեց: Այսինքն՝ մարդը աշխարհահռչակ ծանրամարտիկ է, բայց նա պետական կառավարման համակարգից եւ առավել եւս դիվանագիտությունից հեռու է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Վրաստանում Հայաստանը նորմալ դիվանագետներ ունենար, ապա կկարողանային այդ երկրի քաղաքական շրջանակներին համոզել, որ նրանք իրենց երկու հարեւաններին վերաբերող հարցում չեզոքություն պահպանեն: Բայց նման արդյունք ունենալու համար, կրկնում ենք, անհրաժեշտ է, որպեսզի դեսպանի պատասխանատու պաշտոնը զբաղեցնեն դիվանագետները:
Հաջորդ երկիրը, որի պատվիրակները ԵԽԽՎ-ում ի վնաս Հայաստանի են քվեարկել, Ուկրաինան է: Այս երկրի հետ կապված Հայաստանի հարաբերությունները վերջին երեք տարիներին, մեղմ ասած, մշտապես լարված են: Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին րոպեից հասկանալի էր, որ այդ զարգացումներն, ի վերջո, վնասելու են հայ-ուկրաինական հարաբերություններին: Հետեւաբար, այդ իրավիճակի ծագելուց անմիջապես Հայաստանը պարտավոր էր իր լավագույն դեսպաններից մեկին նշանակել Ուկրաինայում ՀՀ դեսպան: Փոխարենը այդ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռեւս 2010 թվականից զբաղեցնում է դիվանագիտության հետ առնչություն չունեցող Անդրանիկ Մանուկյանը: Ուկրաինայում 2014-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մանուկյանը պարբերաբար ինչ-որ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվում այդ երկրում, եւ ակնհայտ է, որ Հայաստանի դեսպանը այդ երկրի մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, եւ այդ հանգամանքը ինքն իրենով չի փոխվի: Մեր տեղեկություններով՝ ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը եւս այդ ամենից հոգնել է եւ մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել դեսպանի պաշտոնից, բայց Սերժ Սարգսյանը նրան հանձնարարել է մնալ: Բանն այն է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ծախսերի մեծ մասը Մանուկյանը հոգում է իր միջոցներով: Հենց այս հանգամանքն է նրա նշանակման պատճառը դարձել, իսկ այժմ էլ նպաստում է, որ Սերժ Սարգսյանը չցանկանա նրան ազատել: Արդյունքում, Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերություններն ամբողջությամբ թողնված են բախտի քմահաճույքին:
Ի վնաս Հայաստանի՝ քվեարկողների շարքում են եղել նաեւ ԵԽԽՎ-ում Հունաստանի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ալբանիայի պատվիրակությունների անդամները: Այս երկրները մեկ ընդհանրություն ունեն. բոլոր այդ երկրներում Հայաստանի դեսպանը նույն մարդն է` Գագիկ Ղալաչյանը:
Հայաստանի դեմ քվեարկողների շարքերում են եղել նաեւ ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակները: Այս երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնը շուրջ յոթ տարի է՝ զբաղեցնում է Վիգեն Չիտեչյանը: Ի դեպ, նա համատեղության կարգով հանդիսանում է նաեւ Անորայում եւ Մոնակոյում ՀՀ դեսպանը:
Հաջորդ երկիրը, որի ԵԽԽՎ պատվիրակները ի վնաս Հայաստանի են քվեարկել, Իտալիան է, որտեղ ՀՀ դեսպանը Սարգիս Ղազարյանն է: Վերջինս մասնագիտությամբ դիվանագետ է, բայց ողջ խնդիրն այն է, որ նա մինչեւ դեսպան նշանակվելը փաստացի բնակվել է Իտալիայում եւ դասախոսական գործունեությամբ է զբաղվել: Այսինքն՝ մինչեւ 2013-ը՝ Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվելը, նա արդեն փաստացի Հայաստանից արտագաղթած է եղել եւ Իտալիայում դասախոսական գործունեությամբ է զբաղվել, ինչպես նաեւ միջազգային կառույցներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ինչպիսի դիվանագետ է Սարգիս Ղազարյանը, փաստն այն է, որ ՀՀ դեսպանի պաշտոնը նրա պարագայում ձեռքի հետ զբաղմունք է:
ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակները եւս կազմակերպված Հայաստանի դեմ են քվեարկել: Այս երկրում ՀՀ դեսպանը 2014-ի օգոստոսից Ավետ Ադոնցն է: Նա եւս երկար տարիների դիվանագետ է, բայց նրա մասին ասում են, որ նա իբրեւ դեսպան պաշտոնավարելիս ավելի շատ զբաղված է տարբեր պաշտոնյաների համար տվյալ երկրում բիզնես հետաքրքրություններ հայթայթելով: Այսինքն՝ նրան ավելի շատ հետաքրքրում է, թե Իսպանիայում գումար ներդնելու ինչ տարբերակներ կարող է առաջադրել այս կամ նախարարին:
Այն մոտեցումը, որը Հայաստանը դրսեւորում է Եվրամիության այս պահին թիվ մեկ պետության` Գերմանիայի հետ դիվանագետ հարաբերություններում, մեղմ ասած, անհասկանալի է: Ուստի այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս երկրի պատվիրակներն ի վնաս Հայաստանի են քվեարկում, ամենեւին էլ պատահական չէ: Նշենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանն է Աշոտ Սմբատյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:
Ինչեւէ, շարքը կարելի է դեռ շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը բավարար է, որպեսզի ՀՀ դիվանագիտության պատասխանատուները, ի վերջո, լրջանան եւ հետեւություններ անեն ու ապագայում պատրաստ լինեն հակահայկական փաստաթղթերի չեզոքացման խնդիրը լուծելուն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԶԵՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել դերասան Գոռ Վարդանյանին ֆիլմ նկարահանելու համար զենք տրամադրելու հայտնի պատմությունը: Այս առնչությամբ Օհանյանն ասաց. «Ես այսօր եւս մեկ անգամ փաստում եմ, ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիլմ նկարահանելու համար ես եմ եղել պաշտպանության նախարարը, եւ մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերել, իսկ մնացածն իմ գործը չէ»: Հարցին, թե ֆիլմի նկարահանումից հետո Գոռ Վարդանյանը արդյո՞ք վերադարձրել է զենքերը ԼՂՀ ՊԲ-ին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի հիշում. այդ խնդիրներով հատուկ մարմիններ են զբաղվել:
Հիշեցնենք, որ «Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատե» ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Բայց նա հայտարարել է, որ զենքերը ձեռք է բերել ԼՂՀ ՊԲ-ից: Հավելենք, որ այս գործով դատական նիստերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում են:
ԻՐԵՆՔ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Այսօր սպասվում է, որ երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես ճշգրտվելու են իշխանական նոր կոալիցիայի հետ կապված հարցերը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի վերնախավը որոշել է ընդունել ՀՅԴ-ի առաջարկները եւ պայմանները: Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեց պարզել, թե արդյոք հնարավոր է՝ ՀՀԿ ԳՄ նիստին ներկա լինեն Դաշնակցության ներկայացուցիչները: Ի պատասխան մեր հարցի՝ Վարդանյանն ասաց. «ՀՀԿ-ի նիստին մենք ինչ գործ ունենք: Ով է ասել, որ կոալիցիայի մասին քննարկում է լինելու այնտեղ»: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ Դաշնակցությունը ցանկանում է, որ իրենց տրվող պորտֆելներից մեկը լինի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, եւ ՀՀԿ վերնախավը համաձայնել է այդ պայմանի հետ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սակայն նա երեկ մեկնել է Բրյուսել՝ ԵԺԿ նիստին մասնակցելու: Ստացվում է՝ մարդը երկրից ոտը քաշեց՝ պաշտոնը ձեռքից տարա՞ն: Սիրուն չէ:
ԱԳՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐԸ
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվարին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավելի քան 51 մլն դրամ է ծախսել կոմունալ վճարների համար, որից շուրջ 48 մլն դրամը եղել է էլէներգիայի վճարը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՄԱՄԻՏ ՉԷ
«Համամիտ չենք այն գնահատականին, որ հոգեւոր առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում»,- երեկ Եռաբլուրում ի պատասխան լրագրողների հարցին` ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն` հավելելով. «Կարծում ենք՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի»: Անդրադառնալով HSBC բանկում իր անունով բացված հաշվեհամարին՝ կաթողիկոսը նշել է.«Կարծում եմ՝ դուք ինքներդ այդ մասին լավ գիտեք, եւ այդ հարցին պատասխան տալն ավելորդ է»:
ԱՆՄԱԿԱՐԴԱԿ
168.am-ը անդրադառնալով մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 77-ամյակին եւ այդ կապակցությամբ պետական գերատեսչությունների դրսեւորած անտարբերությանը` արձանագրել է, որ Մաեստրոն իր ծննդյան օրն ացկացրել է տանը` սովորականի պես, իսկ մշակույթի նախարարությունից էլ Մաեստրոյին շնորհավորել են ընդամենը հեռախոսազանգով` բաժնի վարիչներից մեկի մակարդակով: Հավանաբար մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ ավելի «կարեւոր» հարցերով է զբաղված եղել` կենդանի լեգենդին, Հայաստանի անունը բոլոր համաշխարհային երաժշտական բեմերում պանծացրած մեծանուն կոմպոզիտորին անձամբ շնորհավորելու համար: Դե, ինչ արած, ճաշակի եւ մակարդակի հարց է, եւ Հասմիկ Պողոսյանի դեպքում առանձնապես զարմանալ պետք չէ: Իսկ ահա այն, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տասնամյա տարեդարձին նվիրված համերգին չեն հրավիրել Տիգրան Մանսուրյանին, արդեն զարմանալի է եւ շատ տխուր: Նվագախմբի՛ համար տխուր: