Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Վնասազերծված խմբի գործից երկու ամիս անց 7 անձ ազատ է արձակվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ազատվածներից ոմանք ԱԱԾ-ին արժեքավոր տեղեկություններ են հայտնել եւ այնպիսի անուններ են տվել, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են եղել:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն. պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, մի շարք պետական շենքեր:
Հայտնի անուններ
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս գործով կալանավորվածներից շատերը առաջիկայում ազատ կարձակվեն, քանի որ խոսելով Արթուր Վարդանյանի կամ, առհասարակ, նրա գործունեության մասին՝ իրենք կօգնեն իրավապահներին բացել առեղծվածային թնջուկը: Եվ դատելով վերջին շրջանում այս գործով 7 հոգու ազատ արձակման փաստից, ըստ ամենայնի, վերջիններս օժանդակել են իրավապահներին, ինչն էլ եղել է իրենց ազատության գինը:
Եվ այսպես, հունվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ազատ էր արձակվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահներին «գործը գլուխ» բերելու հարցում օգնել է հատկապես «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը:
Ըստ մեր աղբյուրների՝ վարդապետ Թութունջյանը քննիչներին ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ: Ավելին՝ վերջինս իրավապահներին է հայտնել ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մարդկանց անուններ, որոնց հետ Արթուր Վարդանյանը հանդիպել է եւ, ըստ ամենայնի, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ վարդապետ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ են եղել այնպիսի մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են, նրա մտերիմ, հարազատ մարդիկ, ու դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ցանկանային պայթեցնել Ս. Սարգսյանի ինքնաթիռը: Եվ, ահա, այս անուններն էլ ազգային անվտանգության ծառայությանը խնդրի առաջ է կանգնեցրել:
Կասկած չկա, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կալանավորվածների հայտարարությունների մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին, եւ նա, թերեւս, շոկի մեջ է հայտնվել: Ու իշխանական շատ նեղ շրջանակներում քննարկվում է հարցը, թե ովքեր են եղել Ս. Սարգսյանի թշնամիները, որոնք ցանկացել են հարվածել թիկունքից:
Վարդապետ Թութունջյանի անկեղծությունը շատ զարմանալի է եղել գործով անցնող գրեթե բոլոր կալանավորների համար: Ըստ այդ շրջանակներում պտտվող վարկածի՝ կա՛մ վարդապետ Թութունջյանին ազատ են արձակել՝ իրավապահներին օգնելու համար, կա՛մ նա ի սկզբանե ԱԱԾ-ի «մարդն է» «հանցախմբում»:
Վանաձորից զենք էին բերելու
Այսքանով հանցավոր խմբի գործով աղմկալի բացահայտումները չեն դադարում: Արդեն գրել էինք, որ Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները եւ դրանց մատակարարներին պարզել: Նրանք կալանավորվածների թվում են: Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ խմբի անդամները հատուկ այդ առիթով գնացել են Վանաձոր:
Սա դեռ վերջը չէ: Գրել էինք, որ այս գործով ազատ էր արձակվել նաեւ Արմեն Հայրապետյանը, որի պատճառով մի շարք լրատվամիջոցների լրագրողներ հարցաքննվել են: Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Հայրապետյանը, աշխատելով հանրային հեռուստաընկերությունում, ծանոթ է եղել լրատվական կայքերից որոշ լրագրողների եւ նրանց միջոցով փորձել է լրագրողական թիմ կազմել: Ասել է, թե Արմեն Հայրապետյանի ծանոթ լրագրողները, որոնք աշխատանք չեն ունեցել, հանդիպել են Արթուր Վարդանյանի հետ, որոնց Վարդանյանը ներկայացրել է իր մտադրությունները, որ ուզում է ստեղծել նոր լրատվական կայք, գումարը իր համար խնդիր չէ, իսկ լրատվական կայքն էլ կկոչվի «Հայոց վահան»:
Ավելի ուշ վերջինս լրագրողների հետ խոսել է պատերազմից, հեղափոխությունից, ապա խնդրել խոսակցությունը գաղտնի պահել: Շատ լրագրողներ տարօրինակ են համարել այդ ամենը եւ խուսափել աշխատել նորաստեղծ կայքում: Մեզ հասած տեղեկություններով՝ որոշ լրագրողներ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցաքննվել են: Մի խոսքով, իրավիճակն ավելի հետաքրքիր է դառնում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍԻ ԽՈՍՔԸ
2016 թվականի հունվարի 21-ին տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի կենտրոնում ժամը 14.00-ի սահմաններում 760 ՏԼ 01 պետհամարանիշի «Ինկասացիա»-ի դեղնավուն մեքենայով միջին տարիքի մի կին են առեւանգել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ականատեսը պատմեց դեպքի մանրամասները:
Նշենք, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ մեքենան «Հայինկասացիա» ընկերությանը չի պատկանել, այդ համարանիշով մեքենաները «Հայէկոնոբանկ»-ի ինկասացիոն կազմակերպությանն են: Սակայն «Հայէկոնոբանկ»-ից էլ լրատվամիջոցներին հայտնել էին, որ բանկի ինկասացիոն ծառայությունը որեւէ առնչություն չունի կնոջ առեւանգման հետ: Այսպիսով, ընկերություններն ամեն ինչ արեցին՝ կատարվածից «չոր դուրս գալու» համար: ՀՀ ոստիկանությունն էլ իր հերթին «փրկեց» իրավիճակը՝ հայտարարելով, թե ինկասացիայի մեքենայով կին առեւանգելու մասին ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
Արդյո՞ք ոստիկանությունը չկարողացավ, թե՞ չցանկացավ կատարված միջադեպին ընթացք տալ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նշված օրը թիվ 39 երթուղայինում գտնվող քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպես է մի երիտասարդ կին օգնություն խնդրում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ականատես Տաթեւիկ Նալբանդյանը պատմեց դեպքի մանրամասները. «Մենք երթուղայինի մեջ էինք, լսեցինք ուժեղ դմդմփոց: Մեզ թվաց, որ երթուղայինին ինչ-որ մեկը հարվածում է: Կողքիս կինը հարցրեց, թե ո՞վ է մեքենային այդպես հարվածում: Ես նայեցի մեքենայի կողքը եւ տեսա, որ ինկասացիայի մեքենան կանգնած է մեր երթուղայինին հավասար: Այդ մեքենան մի փոքրիկ ապակի ուներ եւ մի կին ապակու մեջից նայում էր ու ակնհայտ ցույց տալիս իր դեմքը՝ օգնություն խնդրելով: Հետո տեսանք մի տղայի դեմք: Մենք տեսնում ու լսում էինք դմդմփոցի ձայները»:
Ըստ մեր զրուցակցի` երթուղայինում գտնվող քաղաքացիները շփոթվել եւ ահազանգել են ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն. «Անմիջապես դեպքի վայրից մենք ահազանգել ենք, որ օգնեն: Ողջ երթուղայինը նայում ու տեսնում էր այդ տեսարանը: Ինկասացիայի մեքենան ուղեւորվեց Պռոշյան փողոցի ուղղությամբ: Գիտեք՝ ամենազարմանալին այն է, որ մենք այդքան արագ արձագանքեցինք եւ անգամ ուղղությունը ասեցինք, որ մեքենան Պռոշյան փողոցով է գնում, եւ այնտեղ կայանված ոստիկանությունը կարող էր կանխել կատարվածը: Ի՞նչ պետք է մենք անեինք, ի՞նչ կարող էինք, արեցինք»:
Նկատենք, որ մինչ երթուղայինում գտնվող քաղաքացիները փորձել են օգնել տիկնոջը, ոստիկանությունում, ըստ երեւույթին, այնքան էլ լուրջ չեն վերաբերել քաղաքացիների ահազանգին: Թե ինչու, դժվար է ասել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ բուժում է ստանում Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: NEWS.am-ի փոխանցմամբ` նա ունի սուր շնչառական վիրուսային հիվանդություն, սակայն արդեն ապաքինվում է:
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Շիրակի մարզի Փանիկ գյուղից ԱԱԾ-ի կողմից որպես «զինված ահաբեկչական խմբի անդամ» ձերբակալված, ապա կալանավորված 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է նրա մայրը՝ Ռիմա Ջնդոյանը՝ հավելելով, որ որդու համար պարբերաբար դեղամիջոցներ են ուղարկում մեկուսարան. «Ճնշում, սրտի խնդիր ունի: Էդ ամեն ինչի պատճառով նա բանակ չգնաց: Ձերբակալման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, հացադուլ հայտարարեց ու պահանջեց արդարադատության նախարարի հետ հանդիպում: Հիմա հացադուլի մեջ չէ»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը միշտ կարծել է՝ որդին երեւանյան ինչ-որ գործակալությունում է աշխատում. «Ոչ մեկ էլ նրան ճանաչողներից չի հավատում, որ ինքը նման բանի մեջ կարող էր հայտնվել»:
ԵՐԵՍ ՉԵՆ ԹԵՔԵԼ
Զինված խմբավորման անդամների գործով կալանավորված եւ ապա ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանը դեռեւս չի շտապում գործին առնչվող մանրամասներ ներկայացնել: Tert.am-ի գրավոր հարցերին նա պատասխանել է հակիրճ, որ առայժմ միայն ցանկանում է վայելել ազատությունը, գտնել աշխատանք եւ ապրել լիարժեք: Ըստ նրա` կատարվածի արդյունքում իր ընկերներից որեւէ մեկը երես չի թեքել իրենից:
ՈՉԻՆՉ ՉԱՐԱԾ
«Ես չեմ սիրում ամպագոռգոռ բառեր, մարտունակ կամ հզոր բանակ, բայց ասում եմ, որ մեր բանակը լավն է ու հոգատարության կարիք ունի»,- կարծում է գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը: Նա նշում է, թե միայն ցավում է, որ այսօր կռվող են ներկայացնում մարդկանց, որոնք պետության համար ոչինչ չեն արել. «Այդ մարդիկ քրտնել են միայն փող տանելով, պետության համար բան չեն արել»: Նախկին ՆԳ նախարարն անուններ չի նշել, սակայն համաձայնել է, որ այդպիսի մարդիկ այսօրվա վերնախավում կան:
ԹԱՔՈՒՆ ՀՊԱՐՏԱՑԵԼ ԵՆ
«Ընդամենը պատերազմի մասնակից եմ եղել, ջոկատի անդամներից մեկն եմ եղել, որը եղել է ամենակրտսեր՝ «Ճտերի» ջոկատը»,- երեկ պատմել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը` նշելով, որ իրենց ջոկատում եղել է 14 մարդ, հիմնականում՝ 14, 15 տարեկան պատանիներ:
Հարցին՝ տանը գիտեի՞ն, որ ինքն այդ ջոկատում էր, Դ. Ամալյանն ասել է.«Չէ, իմանային, չէին թողնի: Մորս խաբում էի, բոլորն էլ խաբել են, որ մեր տեղը վատ չէ, հանգիստ տեղ ենք գնում: Բայց համոզված եմ՝ ինչքան էլ չեն թողել ծնողները, տղայի գնալուց հետո թաքուն հպարտացել են»: