«ՀԻԴՐՈԱՊԱՐԱՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոապարատ» ԲԲ ընկերության բաժնետերերը նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Նրանք դիմել են նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նամակի հեղինակները մտավախություն ունեն, որ ընկերությունը միտումնավոր տանում են սնանկության եւ փոշիացման:

«Հիդրոապարատ» ԲԲԸ-ն հիմնվել է Ջրվեժի էլիտար թաղամասում տեղակայված 15 հա հողատարածքի վրա գտնվող «Հիդրոապարատ» գործարանի հիման վրա 1990թ: Ապապետականացման եւ հետագա սեփականաշնորհման գործընթացները կատարվել են 1994թ-ից սկսած: Սեփականաշնորհման նախարարություն ներկայացված բոլոր փաստաթղթերը կեղծվել են գործարանի տնօրեն Մ. Աշուղյանի եւ գլխ.հաշվապահ Կ. Վարդանյանի կողմից: Կեղծվել են նախկինում կնքված պետական բոլոր պայմանագրերը, անձամբ ինքը՝ տնօրենը, խախտելով ՀՀ կառավարության որոշման ժամկետները, փայ է մտել՝ ձեռք բերելով արժեթղթեր եւ գույք: Հետագայում նույնպես շարունակվել է նյութական արժեքների ինտենսիվ թալանը: Մենք՝ բաժնետերերս, տեսնելով եւ մտավախություն ունենալով, որ կկորցնենք ընկերությունը, սկսեցինք 2007թ-ից մեր բաժնեմասերով, 200 հոգով առանձնացման գործընթացը: Մեծ բաժնետերը՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության տնօրինության տակ գտնվող «Հայգազարդ» ՊՓԲԸ-ն տվեց իր համաձայնությունը, հրավիրեցինք անկախ գնահատող, եւ գնահատման արդյունքում բացահայտվեցին կոպիտ եւ շատ խոշոր չափերի հասնող կեղծիքներ, յուրացումներ եւ այլն:
Տնօրենը սկսեց խոչընդոտել առանձնացման գործընթացը՝ չներկայացնելով հաշվապահական փաստաթղթերը: Գնահատման ընթացքում «Հայգազարդ» ՊՓԲԸ 64,8 տոկոս բաժնետոմսերը գրավադրվեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հարկային պարտավորությունների դիմաց: 2011թ-ն բաժնետերերի արտահերթ ժողովի ժամանակ ընկերության խորհրդի նախագահ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Ժ. Կարապետյանը հայտարարեց, որ բաժնետոմսերի 64,8 տոկոսը օտարվում է «Հայգազարդի» պարտքերի դիմաց՝ ներդրողին: Ներդրողը ձեռք բերեց պետական բաժնեմասը՝ 64,8 տոկոսը, 268 մլն ՀՀ դրամով եւ պարտավորվեց 5 տարվա ընթացքում կատարել 5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում: 268 մլն ՀՀ դրամը պետք է մուտքագրվեր պետբյուջե, քանի որ օտարվել էին պետական արժեթղթերը ներդրման նպատակով: Արժեթղթեր ձեռք բերող «Մոնդո-Դի-Մոբիլ» ՍՊԸ ներդրման փոխարեն վերցրել է վարկ «Հիդրոապարատ» ԲԲԸ անունից 58 մլն ՀՀ դրամ: Նման գործարք կատարվել է նաեւ 2000-2004թթ, երբ «ԱՄՖ» ՍՊԸ, եւս ներդրող, ներդրման փոխարեն տնօրենի մասնակցությամբ, գրավադրեց ընկերության ամբողջ գույքը շենք-շինություններով եւ սարքավորումներով, ԱՄՖ-ի անձնական պարտքի դիմաց: Ներդրումը պետք է կատարվեր՝ համաձայն 1998թ-ի կնքված 49-Մ պայմանագրի: Իբրեւ թե կատարված ներդրման մասին Սեփ.նախարարություն զեկուցել է պայմանագրի կողմ չհանդիսացող ընկերության տնօրեն Մ. Աշուղյանը՝ հաստատելով, որ կատարվել է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ /535 մլն ՀՀ դրամ/ներդրում, որի պատճառով էլ ընկերությունը փորձեցին տանել կեղծ սնանկության 2010թ-ին Նոր-Նորքի դատարանում: Սնանկությունը կանխեցինք մենք՝ բողոքելով ՀՀ տարբեր ատյաններին: Իսկ ՀՀ գույքի վարչությունը, իբրեւ ներդրում, հիմք է ընդունել տնօրենի կողմից գրված կեղծ նամակ-հավաստիությունը ներդրման վերաբերյալ՝ գրված 1999թ-ին, եւ այսօրվա դրությամբ ՀՀ գույքի վարչությունը հրաժարվում է պետական գույքից՝ պնդելով, որ այն պատկանում է ներդրողին՝ մասնավորին: Սակայն մինչեւ օրս գույքը հանդիսանում է պետական սեփականություն, որովհետեւ ներդրում երբեք չի կատարվել, այլ եղել են միայն կեղծ զեկույցներ եւ ներդրման իմիտացիաներ: Մենք՝ բաժնետերերս, նույնպես ունենք այդ գույքի մեջ մասնաբաժիններ:
2012թ-ին կայացել է ոչ մրցութային աճուրդ, եւ պետության բաժնեմասը օտարվել է ՀՀ-ում հասցե չունեցող «Մոնդո-Դի-Մոբիլ» ՍՊԸ-ին, որն էլ ձեռք է բերել 58 մլն ՀՀ դրամի երկարաժամկետ բանկային վարկ եւ փոխառություններ «Հիդրոապարատ» ԲԲԸ անունից: Ով է մարելու այդ վարկը: Ստացվում է, որ կրկին նույն սցենարով ընկերությունը տանում են դեպի սնանկություն՝ ոտնահարելով մեր եւ պետության իրավունքները: Կատարված կեղծիքների մասին՝ սկսած 2007թ., բազմիցս բարձրաձայնել ենք, տվել ենք ցուցմունքներ, հաղորդումներ, կատարել ենք առերեսում տնօրենի հետ: Մեր բոլոր փաստարկները ամրագրված են ՀՀ գույքի վարչությունից, ազգային արխիվից եւ «Հանարդնախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված փաստաթղթերով եւ գծագրերով: Արարքները կոծկելու նպատակով տնօրենը կազմել է ընկերության գործունեության վերաբերյալ քաղաքացիա-իրավական ակտ՝ փաստաթղթերը վերացնելու վերաբերյալ, որի տնօրինությունը հաստատում է Ա. Վիրաբյանը /ՀՀ ազգային արխիվի տնօրենը/: Բազմաթիվ բողոքներից հետո իրավապահ մարմինները ստեղծել են իրավիճակ հանցագործությունը չբացահայտելու ուղղությամբ: Քր. գործի հարուցման մերժումը բարդում են մեր վրա՝ բոլորովին չմտահոգվելով պետական գույքի ճակատագրով: Քննչական մարմինների կողմից քննությունը կատարվել է միակողմանի եւ սուբյեկտիվ կողմնորոշմամբ: Մեր հաղորդումները հանդիսանում են հիմք քր.գործի հարուցման համար:
Քանի որ մենք արդեն ունենք մտավախություն, որ ընկերությունը տանում են սնանկության եւ փոշիացման, ուստի խնդրում ենք՝ առանձնացրեք ՀՀ պետության կողմից մեզ՝ բաժնետերերիս նվիրած մասնաբաժինը 1994թ դրությամբ եւ վերադարձրեք մեզ մեր ներդրման հետ միասին:

«Հիդրոապարատ» ԲԲԸ բաժնետերեր 

Նելլի Հակոբջանյան

 

 

 

80 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՏԱՔՍԵՆ
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ, եւ որոնց այն չի տրվել: Նախարարի խոսքով՝ արտաքսման համար կօգտագործվեն հատուկ ավիաչվերթներ, իսկ օպերացիան կտեւի մի քանի տարի: 2015թ. 163 հազար մարդ ապաստան է հայցել Շվեդիայից: Տվյալ պահին քննվել է 58.800 հարցում: Դրանց 55%-ը հավանության է արժանացել:
Հունվարի սկզբին Շվեդիան փաստաթղթերի ժամանակավոր ստուգում մտցրեց Դանիայի հետ սահմանին: Ներկայում հարավից ավտոբուսներով, նավերով ու գնացքներով եկողները չեն կարող հայտնվել Շվեդիայում առանց համապատասխան թույլտվության:

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԶՈՀ
Ռուսաստանում ավելի քան 100 մարդ է մահացել գրիպի հետեւանքով վերջին 3 շաբաթում, երեկ հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Երեկվա դրությամբ զոհերի թիվը կազմել է 107 մարդ, այդ թվում՝ 4 հղի կին ու 8 երեխա: Բոլորը՝ առանց բացառության, չեն պատվաստվել»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ այս սեզոնի առավել վտանգավոր վիրուսը «խոզի գրիպն» է: Այն հայտնաբերվել է զոհերի մեծ մասի մոտ: ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մահացածների մեծ մասն ուշ է դիմել բժշկի: «Անկասկած, մարդկային կյանքը ամենամեծ արժեքն է, սակայն պետք չէ ոչ ադեկվատ գնահատել իրավիճակը: 2009թ., երբ «խոզի գրիպի» համաճարակ էր, մեզ մոտ գրիպից մահացավ 687 մարդ»,- հայտարարել է նա:

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ
Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ խնդրելով գնահատական տալ Դոնբասի մասին Պուտինի հայտարարությանը: «ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն քննարկումների ընթացքում հայտարարել է ՌԴ ղեկավարության՝ պատմությունը վերագրելու փորձերի անթույլատրելիության մասին: Ռուսաստանը կասկածի տակ է դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու քաղաքական անկախությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ «ռուսական ղեկավարության՝ վերջին ցինիկ մանիպուլյացիաներին արժանի հակահարված է տրվել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ խորհրդակցություններում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համառուսական ազգային ճակատ» ֆորումի ընթացքում պատմել է ռուս հեղափոխական գործիչ Վլադիմիր Լենինի սխալների մասին, մասնավորապես, հայտարարելով, որ «Դոնբասի հանձնումն Ուկրաինային Լենինի սխալն էր»:

 

ՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ
«Զիկա» վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել եվրոպական 7 երկրներում: Բացի Գերմանիայից՝ վիրուսով վարակման դեպքերի մասին հայտնել են Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան եւ Նիդեռլանդները: Գերմանիայում վարակման 2 դեպք է գրանցվել: Նշենք, որ վիրուսը տարածվում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում:
Բոլոր դեպքերում վիրուսով վարակվել են Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցի ժամանակ: Վիրուսը առավել տարածում է ձեռք բերել Բրազիլիայում, որտեղ ներկա պահին վարակման արդեն ավելի քան 4 հազար դեպք է գրանցվել, իսկ Կոլումբիայում հայտնում են 16,5 հազար վարակվածի մասին: Վիրուսը, որպես կանոն, բարդացումներ չի առաջացնում մեծահասակների մոտ: Սակայն այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար: Հիվանդության դեմ դեռեւս պատվաստանյութ գոյություն չունի:

 

ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Սիրիայում ահաբեկիչները սկսել են միմյանց սպանել: Ռուսական ավիահարվածների պատճառով ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում: Վերջիններս փորձում են վնասը փոխհատուցել հարեւան խմբավորումների օգնությամբ: Նախօրեին Դամասկոսից ոչ հեռու բախումներ են տեղի ունեցել «Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» միջեւ: Արդյունքում 2 խմբավորումները լուրջ կորուստներ են կրել:
«Ջեյշ ալ-Ֆաթհա» խմբավորման զինյալներն իրենց հերթին մեղադրել են մյուս խմբավորումներին անգործության մեջ: Սիրիայի կառավարական զորքերի տվյալների համաձայն՝ ծայրահեղականները ավելի հաճախ են խնդրում հրադադարի մասին եւ փախչում են Լիբանան եւ Թուրքիա:




Լրահոս