«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ «ԿՀԱՍՆԵՄ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական Կամերային թատրոնի բեմադրիչ Լուսինե Երնջակյանը ծրագրում է նոր պիես բեմադրել, որտեղ կներկայացվեն կին-տղամարդ հարաբերությունները: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծորեն նշել է, որ իր համար միշտ խորթ է եղել քաղաքական թեման, բայց նաեւ համոզմունք է հայտնել, որ դրան անդրադառնալու ժամանակն էլ կգա: Ինչպես հայտնի է` այս տարի թատերական արվեստի ոլորտի որեւէ ներկայացուցչի չշնորհվեց պետական մրցանակ: Բեմադրիչը վստահ է, որ կան գործեր, որոնք արժանի են մրցանակի, նա, սակայն, խոստովանել է, որ իրենց թատրոնը պարզապես մոռացել էր այդ մրցանակաբաշխության մասին:

-Լուսինե՛, Ձեր բեմադրած ներկայացումներում մեծ տեղ ունեն կին-տղամարդ հարաբերությունները ներկայացնող թեմաները: Առաջիկայում կլինե՞ն նոր բեմադրություններ, որոնցում այդ հարաբերությունները կմատուցվեն նորովի, կա՞ մի թեմա, որին միշտ ուզեցել ես «մոտենալ», բայց չի ստացվել:
-Մենք նախատեսում ենք տարվա վերջում հերթական երաժշտական ներկայացումը հանձնել հանդիսատեսի դատին: Դրանից բացի` կա մի ներկայացում, որին մի քանի անգամ նախատեսել եմ անդրադառնալ, բայց չի հաջողվել, հուսով եմ` այս տարի կյանքի կկոչեմ. խոսքը անգլիական մի պատմվածքի մասին է, որը կվերափոխվի պիեսի: Այն կոչվում է «Սերն ինչպես կինոյում», որը արծարծում է կին-տղամարդ հարաբերությունների թեման: Իսկ, առհասարակ, ես դեռ խուսափում եմ քաղաքական թեմաներից, թեեւ թատրոնում կան ներկայացումներ, որոնցում բարձրացվում են քաղաքական հարցեր: Այդ թեման դեռ ինձ համար խորթ է, բայց, կարծում եմ, դրան մոտենալը ժամանակի խնդիր է. վաղ թե ուշ դրան էլ կհասնեմ:
-Տարիների փորձն ի՞նչ է ցույց տվել, ո՞ր դեպքում է ներկայացումը ընդունվում հայ հանդիսատեսի կողմից, արժանանում լայն արձագանքի եւ որ դեպքում ոչ:
-Ընդունվել-չընդունվելու միակ պայմանն այն է, որ արծարծվող թեման եւ դրա մատուցումը պետք է արդիական լինեն, անգամ եթե բեմադրվում է դասական գործ, միջնադարյան պատմություն, դա պետք է արվի ժամանակակից շնչով եւ մյուս պայմանը` դա պետք է հուզի: Այսօր խորհրդային տարիների խնդիրների վերաբերյալ ներկայացումը չի նայվի: «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» պիեսն, օրինակ, հիպիական շարժման մասին է, բայց մեր բեմադրած ներկայացման մեջ այդ մասին չկա, քանի որ այսօրվա երիտասարդությանը հիպիական թեմաներն արդեն հետաքրքիր չեն:
-Հերթական անգամ թատերական արվեստի ոլորտի որեւէ ներկայացուցչի 2015 թվականի համար չշնորհվեց պետական մրցանակ: Թեեւ 2015-ին պետական մրցանակի ներկայացվել էր ընդամենը մեկ ներկայացում (Համազգային թատրոնի «Համլետը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ): Ի՞նչ եք կարծում՝ թատրոններն իրենք պասիվ չե՞ն այս հարցում: Թե՞ արդեն պետական մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը կորել է:
-Վստահ եմ, որ կան գործեր, որոնք արժանի են մրցանակի: Ինքս երբեք չեմ աշխատել հանուն մրցանակի կամ հանուն փառատոնի, իսկ մեր օրերում, արդեն, բերմադրվում են ներկայացումներ` «փառատոնային հոգեբանությամբ»: Ես մրցանակ ստանալուց անգամ չեմ կարծում, թե դա է բարձրագույն գնահատականը, թեեւ այդ երեւույթը հաճելի է եւ պարտավորեցնող: Իհարկե, արժե, որ հաջորդ անգամ մրցանակի հավակնորդների թիվը մեծ լինի: Կարծում եմ` շատերը մտածում են, որ միեւնույն է` չեն ստանա: Բայց ես գիտեմ երիտասարդների, որոնք ինձ համար անսպասելիորեն ստացել են պետական մրցանակներ, երիտասարդները, փաստորեն, գնահատվել են: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, ապա մենք ուղղակի չենք հիշել այդ մրցանակաբաշխության մասին, ոչ թե արժանի գործ չունեինք, որ ներկայացնենք:
-Ձեր թատրոնը հիմա հրատապ լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ ունի:
-Հույս ունենք, որ այս տարի թատրոնը տեխնիկապես կվերազինվի, այդ խնդրի լուծման ճանապարհներն արդեն կան: Տարիներ շարունակ լուսային եւ ձայնային սարքավորումները չեն թարմացվել, իսկ մեր դեպքում դա շատ կարեւոր է, քանի որ մեզ մոտ բեմադրվում են շոու-ներկայացումներ: Ունենք նաեւ բեմի խնդիր: 30 տարվա բեմ է, պետք է վերանորոգել:
-Այս տարի արտերկրում փառատոների կմասնակցե՞ք: Այդ առումով ի՞նչ ծրագրեր կան:
-Մարտին «Ներոն» ներկայացումը կներկայացվի ռուսական մի փառատոնում, նախատեսվում են նաեւ հյուրախաղեր ԱՄՆ-ում: Տեսնենք` ինչպես կստացվի:

 

 

 

 
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԸ ՀԵՏ Է ՄՂՎՈՒՄ»

Ժողովրդական երգերի կատարող Սեւակ Ամրոյանը պատրաստվում է այս տարի նոր ալբոմ ներկայացնել երկրպագուների դատին, որի վրա աշխատել է մեկ տարի: Այնտեղ ներառված են հին ու նոր երգեր` նորովի գործիքավորմամբ, կա նաեւ երկու նոր զուգերգ: Ձայնասկավառակը կոչվելու է «Մի՛ մոռանա քո ազգին», համանուն երգի անունով:

Սեւակը, շնորհավորելով հայ ազգին Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ ինքը չի ծառայել, բայց թուլություն ունի մեր բանակի նկատմամբ: Ավելին` նրա խոսքով` ինքը փետրվարին ներկա է լինելու Կրեմլում կայանալիք ամենամյա Armenian Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, որտեղ ներկայացնելու է «Հայոց մարտիկներ» անունը կրող նոր երգի պրեմիերան:
Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ժողովրդական երգն իր դիրքերով զիջում է մյուս ժանրերի երգերին. «Տարիների փորձը ցույց է տալիս, որ ժողովրդական երգը հետ է մղվում, ես այդքան էլ գոհ չեմ, որի համար շատ ցավում եմ: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը նախ իր ազգային, ժողովրդական, աշուղական երգերը լսի, հետո նոր այլ ժանրերի գործեր, որոնք ինքս էլ հաճախ ունկնդրում եմ: Կուզենամ, որ Հայաստանում պետականորեն մեծ տեղ տրվի ազգային երգին»,-ասաց նա:
Սեւակը պատմեց, որ վերջերս Գլենդելի` ազգությամբ հայ քաղաքապետի, ինչպես նաեւ` Կալիֆորնիայի սենատորի կողմից մի քանի ժողովրդական երգիչ, այդ թվում` ինքը, արժանացել են պատվոգրերի: Երգչի խոսքով` սփյուռքում կա ժողովրդական երգի սիրահարների հսկայական բանակ, թեեւ Հայաստանում էլ այդ զանգվածը որոշակիորեն ընդլայնվել է. «7-8 տարի է` այս ասպարեզում եմ եւ զգում եմ, որ որոշակի առաջընթաց կա, բայց, ինչպես նշեցի, մյուս ժանրերի, օրինակ` փոփի սիրահարների զանգվածին այն զգալիորեն զիջում է»,-նկատեց Սեւակը:
Մեր այն հարցին, թե ինչպես է երգչին հաջողվել երիտասարդ աղջիկ-երկրպագուների բանակ հավաքել իր շուրջը, Սեւակը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս, պատասխանեց. «Կոչ եմ անում սիրել ոչ թե ինձ, այլ ժողովրդական երգը»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԲԱՑ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Արամ Խաչատրյան համերգասրահում հունվարի 27-ին հնչել են տանգոյի ելեւէջներ։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ են ունեցել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ կիթառահար Լուկա Լուչինին։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հնչել են Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից, ինչպես նաեւ երաժշտություն Էննիո Մորիկոնեի կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո»¬ն, արգենտինյան տանգոներ: Պիետրոդարկին նշել է, որ Իտալիայից հետո իր երկրորդ հայրենիքը Հայաստանն է։ Ըստ նրա՝ Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են իրեն, ու ամեն այցի ընթացքում ավելի ու ավելի է խտանում այդ հարազատության զգացողությունը։ Համերգը տեւել է նախատեսվածից շատ ավելի երկար։ Ծրագրի ավարտից հետո մոտ 40 րոպե երաժիշտները նվագել են հանդիսատեսի խնդրանքով ու իրենց բաց չթողնող ծափահարությունների ներքո։

 

 

ՕԲԱՄԱՆ  ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրության հետ կապված սկանդալը, հայտարարել է, որ ամերիկյան զվարճանքների ոլորտը պետք է հավասար հնարավորություններ ընձեռի բոլոր ամերիկացիներին։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Օբաման շեշտել է, որ արվեստը միայն շահում է, երբ «յուրաքանչյուրի պատմությունը կարող է պատմվել»: Նրա համոզմամբ` այս մարտավարությունը թույլ է տալիս բոլոր բնակիչներին իրենց ամերիկյան ընտանիքի մի մասնիկը զգալ: «Կարծում եմ` «Օսկար»-ի շուրջ վեճն իրականում ավելի մեծ խնդրի մի մասն է: Ձեռնարկո՞ւմ ենք մենք արդյոք բավականաչափ ջանքեր, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա»,- ասել է Օբաման։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ դերասաններ կոչ էին արել բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը գլխավոր անվանակարգերում սեւամորթ դերասանների բացակայության պատճառով։

 

ՏՀԱՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ռեփեր Ջեյ Զին տհաճ պատմության մեջ է հայտնվել: Ինչպես տեղեկացնում է news.am style-ը` հղում անելով gossipcop.com-ին, Parlux Fragrances հայտնի պարֆյումերային ընկերությունը Բեյոնսեի ամուսնուց 20 մլն դոլար է պահանջում: Ընկերության ներկայացուցիչները այդ պահանջը բացատրում են Ջեյ Զիի անվանական օծանելիքի՝ Gold Jay Z-ի գովազդային արշավի ձախողմամբ: Երգիչը բոլորովին չի զբաղվում այդ օծանելիքի գովազդմամբ՝ չնայած նրան դրա համար արդեն 2 մլն դոլար են վճարել: Հիմա ընկերությունը պահանջում է վերադարձնել այդ փողը՝ 18 մլն դոլարի հետ միասին. հենց այդքան է ընկերությունը գնահատում նրա անգործության հետեւանքով իր կրած վնասը: Գումարից բացի՝ Parlux Fragrances-ը պահանջում է չեղարկել Ջեյ Զիի հետ պայմանագիրը ու նրանից վերցնել իր դուստր ընկերության՝ Perfumania Holdings Inc.-ի 300 000 բաժնետոմսերը:




Լրահոս