Նոր «խաչիկյանի» գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում հայտնաբերվել է 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում: Իսկ Արագածոտնի մարզում հայտնաբերվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:

Վարչապետը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Այսօր ArmLur.am-ը փորձեց Կոտայքի և Արագածոտնի մարզպետարաններից տեղեկանալ, թե արդյոք հետևել են վարչապետի հանձնարարականներին, քայլեր ձեռնարկել են, թե` ոչ:

Այսպես, Կոտայքի մարզպետարանից մեր հարցին ի պատասխան նշեցին, թե ստուգումներ են իրականացվել է 2014 թվականի դեկտեմբերից 2015-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում: Եվ ներկա պահին քննարկվում է խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ի դեպ, հավելենք, որ նշված ժամանակահատվածում Կոտայքի մարզպետ է եղել ներկայումս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Իսկ երեկ մարզպետ Կարապետ Գուլոյանը վստահեցրել է, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները` վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: Ստացվում է՝ գործող մարզպետը «շտկել է» նախկինի օրոք կատարված խախտումները:

Արամ Հարությունյանը մեր հարցին՝ մտավախություն ունի՞ պատասխանատվության ենթարկվելու, կարճ պատասխանեց՝ մեր կողմից նշած քննարկման մասին տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար, որևէ մեկնաբանություն չունի:

Այդուհանդերձ, հարկ ենք համարում նկատել, որ Կարապետ Գուլոյանն այդ ժամանակ եղել է Աբովյանի քաղաքապետը, իսկ խախտումները, ըստ ՎՊ հաշվետվության, արձանագրվել են նաև Աբովյան քաղաքում:

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզպետարանին, ապա այստեղից հայտնեցին, որ Կառավարությունից դեռևս համապատասխան գրավոր հանձնարարական չեն ստացել: Մեր ճշտող հարցին՝ ստանալուց հետո՞ միայն պետք է անցնեն գործի, դրական պատասխան տվեցին:

Մենք հարց ուղղեցինք նաև Վերահսկիչ պալատին՝ իմանալու համար միայն վերոնշյա՞լ մարզերում են խախտումներ հայտնաբերվել: Մեզ պատասխանեցին, որ ստուգումները մյուս մարզերում շարունակվում են, և ուսումնասիրություններն ավարտվել են միայն Կոտայքում և Արագածոտնում: Իսկ այս երկու մարզերից որևէ առարկություն դեռևս չի ստացվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը պարզաբանեց, որ նախարարությունը միայն մշակում է գործակալությունների աշխատանքների քաղաքականությունն ու մեթոդաբանությունը, իսկ աշխատակիցներին հեռացնելու կամ նկատողություն տալու իրավասություն ունի միայն մարզպետարանը: Մեր հարցին՝ ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը, գուցե սխալ մեթոբանությա՞ն հետևանքն են արձանագրված խախտումները, մեր զրուցակիցը հորդորեց դիմել նախարարին, ով գտնվում է Ազգային ժողովում:

Մենք կփորձենք ամեն գնով ստանալ մեր հարցի պատասխանը: Դե ինչ, հուսով ենք պետությանը դեռևս այս պահի դրությամբ հայտնի 105 մլն 700 հազար դրամի վնաս պատճառած իրական մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, և նոր «խաչիկյաններ» չենք ունենա:




Լրահոս