ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը «Արթիկ» ՔԿՀ-ում այսօր չկայացավ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով: Խմբագրության լրագրողները, փաստաբանները ճանապարհի` Մաստարայի հատվածից ստիպված են եղել հետ վերադառնալ, մեղադրողն ու դատավորը նույնպես ձյան պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստին: Վաղ առավոտից հանրապետության որոշ ճանապարհներ դժվարանցանելի էին ձյունամրրիկի եւ մերկասառույցի պատճառով: Տեղեկացանք, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու Արզնու հատվածից սկսած` տեսուչները վարորդներին հետ էին ուղարկում: Տրանսպորտի նախարարությունից հայտնեցին, որ պատճառը ոչ թե այն է, որ ճանապարհներին ձյուն է, այլ տեսանելիության պակասը եւ մրրիկը: Սա հաստատեց նաեւ ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը.«Մի պահ, այո, փակել ենք, որովհետեւ անհնար էր անցնելը: Գնային, բքի մեջ մնային խեղդվե՞ին»: Ըստ նրա` մինչեւ ժամը 15-ի դրությամբ փակ են եղել Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, Սելիմի ճանապարհը, մոտ երկու ժամով փակված է եղել Երեւան -Սեւանի, Աբովյան-Չարենցավանի հատվածը:Չնայած Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչության առատ հաղորդագրություններին, թե մայրաքաղաքում այսքան մաքրող տեխնիկա է աշխատել, այսքան աղ ու ավազ թափվել, գոնե մինչեւ կեսօր Երեւանում անմխիթար վիճակ էր. խցանումներ, ձյունապատ ու անանցանելի մայթեր: Իսկ Նոր Նորքի 7,8 եւ 9-րդ զանգվածները առհասարակ մեկուսացման մեջ էին: Մինչեւ կեսօր այստեղ երբեմն «ներթափանցում» էին 66, 69 եւ 16 երթուղիների միկրոավտոբուսներ, որոնք այդպես էլ չկարողացան ձգել վերջին կանգառի` 9-րդ զանգվածի շուկայի մոտի շրջադարձը: Ինչի պատճառով բազմաթիվ բնակիչներ եւ ուսանողներ, այդպես էլ հնարավորություն չունեցան գնալու աշխատանքի, դասի ու միգուցեեւ` քննությունների: Տպավորությունն այնպիսին էր, թե այս զանգվածները մայրաքաղաքի իշխանությունները իսպառ ջնջել էին քարտեզի վրայից: Մի բան չէր նաեւ Բաղրամյան պողատայի վիճակը, որտեղ տեղակայված են ԱԺ-ն եւ նախագահականը. մաքրող տեխնիկան այստեղ սկսեց աշխատել միայն ժամը 14-ից հետո: Քաղաքապետարանը խիստ անակնկալի էր եկել, որ ձմռանը ձյուն եկավ: Նրանք անպատրաստ էին: Դե սա էլ հո ռուսերենի դասընթացներ չեն, որ «կամավոր» պատրաստվեն: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑԻ
ՁՅՈՒՆ, ԴՈՒ ԵՐԳԻՐ ՔՈ ԵՐԳԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ