ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը կառավարության անդամներին ասաց, որ «նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»: Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց` հունվարի 20-ի նիստի ժամանակ, Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը: «Ես անձամբ հետեւելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,-ասաց նա:

Սակայն, ինչպես երեւում է, այնքան էլ լուրջ չեն ընդունվել ՀՀ վարչապետի հորդորները, քանի որ մի շարք նախարարներ շարունակում են հետնամուտքով դուրս գալ:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ հարցախույզ է արել մի շարք պաշտոնյաների միջեւ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ներկաներին հորդորել էր գլխավոր մուտքից դուրս գալ: Ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս: Լրագրողներից փախչո՞ւմ եք:
-Բայց ինչու եմ փախչում, եթե փախչեի, ես Ձեզ հետ չէի զրուցի: Այս պահին ինձ շտապ պետք է հասնել հիվանդանոց, դրա համար այսպես եմ դուրս գալիս, այսպես հարմար է:
-Այսինքն՝ խուսափելու բան չունե՞ք:
-Իհարկե ոչ, ես միշտ բաց եմ լրագրողների համար:
-ՀՀ վարչապետը օրեր առաջ հորդորել էր պարտաճանաչորեն հաճախել աշխատանքի՝ նկատի ունենալով, որ մարդիկ ուշ են գալիս եւ շուտ հեռանում աշխատանքից: Ինչո՞ւ նման հայտարարություն արեց, ո՞ր գերատեսչությանը նկատի ուներ, գուցե Ձե՞ր:
-Բայց ինչո՞ւ իմ: Իրեն կարող եք հարցնել:
-Ձեր աշխատակիցները պարտաճանաչորեն հաճախո՞ւմ են աշխատանքի:
-Դուք կարող եք առավոտյան 9-ին լինել մեր մոտ եւ տեսնել, որ 9 անց 15 րոպե արդեն ստորագրությունների մատյանը վերցվում է…
-Իսկ կեղծիքներ չեն կարո՞ղ անել:
-Էս ինչ հարցեր եք տալիս:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյան
– Պարո՛ն Շահինյան, հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր հետնամուտքից դուրս չգալ: Ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:
-Բարեւ Ձեզ:
-Բարեւ Ձեզ:
-Լավ ե՞ք: Ձեր անցած տարին շնորհավոր լինի, Նոր տարին էլ հետը:
-Ձերն էլ շնորհավոր: Պարո՛ն Շահինյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:
-Սա հետնամուտք չի: Սա տեսեք՝ ինչ ճարտարապետական գեղեցիկ…
-Բայց սա հետնամուտքն է: Վարչապետը հորդորել էր…
-Վարչապետը նկատի ուներ այ, էն հետնամուտքը: Սա նայեք, տեսեք՝ հետնամուտքի նմա՞ն է:
-Եւս մեկ հարց՝ պայմանավորված կառավարության աշխատակիցների…
-Ցտեսությո՛ւն:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյան
-Պարո՛ն Թամազյան, վարչապետը կառավարության աշխատակիցներին հորդորել էր գլխավոր մուտքից դուրս գալ: Դուք ինչո՞ւ չեք հետեւում վարչապետի հորդորներին:
-Ես այստեղ եմ պայմանավորվում Ձեր հետ հանդիպել եւ պայմանավորվածությունս կայացավ, համեցե՛ք: Ես կառավարության անդամ չեմ, վարչապետը հորդորել է կառավարության անդամներին:
-Նա բոլոր ներկաներին ասաց:
-Ես պատասխանեցի:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան
-Պարո՛ն Շաբոյան, Դուք ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս, էլի վախենո՞ւմ եք լրագրողներից:
-Ես երբեք չեմ խուսափում, մշտապես գլխավոր մուտքով եմ դուրս գալիս: Պարզապես այսօր ես մեքենայով չեմ, քանի որ իմ աշխատանքի վայրն այստեղ մոտիկ է, ոտքով քայլելով գնալու եմ:
-Վարչապետը նաեւ կոչ էր արել, բոլոր աշխատակիցներին պարտաճանաչորեն հաճախել աշխատանքի: Ձեր գերատեսչությա՞նը նկատի ուներ:
-Դուք մեկնաբանություններ մի՛ արեք, դա Ձեր կարծիքն է: Բայց վարչապետի հանձնարարականի հիման վրա հենց այդ օրը մենք աշխատաժողով ենք կազմակերպել: Աշխատանքային կարգապահությունը շատ ավելի խստացրել ենք մեր գերատեսչություններով:
-Հետեւո՞ւմ եք Ձեր աշխատակիցների կարգապահությանը:
-Շատ ավելի շատ ենք հետեւում: Մշտապես, ճիշտ է, մեր ուշադրության կենտրոնում է եղել, բայց ավելի խստացրել ենք աշխատանքային կարգապահությունը:
-Իսկ ինչպե՞ս եք հետեւում:
-Դա մեր ներքին աշխատանքի կազմակերպման ձեւն է, եթե շատ հետաքրքրված եք, կարող եք գալ եւ ծանոթանալ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչն է պատճառը, որ Դուք մշտապես հետնամուտքով եք դուրս գալիս:
-Ո՛չ, մշտապես դուրս չեմ եկել, եթե Դուք չեք տեսել, չի նշանակում, որ հետնամուտքով եմ դուրս գալիս:
-Տիկի՛ն Պողոսյան…
-Ես հիմա շտապում եմ:
-Տիկի՛ն Պողոսյան, բայց Դուք միշտ հետնամուտքով եք դուրս գալիս…
-Ես էլ Ձեզ նորից ասում եմ, եթե Դուք ինձ չեք տեսել, չի նշանակում… շատ լավ, ես Ձեզ խոստանում եմ, որ հաջորդ անգամ Ձեզ հատուկ կսպասեմ այն մուտքի մոտ ու Ձեզ բարեւ կտամ:
-Շնորհակալությո՛ւն, սիրով: Բայց վարչապետը նաեւ հորդորել էր կառավարության աշխատակիցներին եւ նախարարներին պարտաճանաչորեն աշխատանքի գալ: Արդյո՞ք Ձեր գերատեսչությանը նկատի ուներ:
-Ո՛չ, ո՛չ:
-Հետեւո՞ւմ եք Ձեր աշխատակիցների կարգապահությանը, ամեն ինչ կարգի՞ն է:
-Իհարկե:
-Իսկ ինչպե՞ս եք հետեւում:
-Ամեն առավոտ՝ ժամը 9 անց 20 րոպեին, ինձ տեղեկություն են բերում:
-Իսկ գուցե տեղեկատվությունը կեղծո՞ւմ են:
-Ո՛չ, չի կարող լինել: Գիտեք ինչի, որովհետեւ մեզ մոտ անցումային կետ կա, որտեղ մարդիկ քարտերով են անցնում, եւ այնտեղ ֆիքսվում է ամեն ժամը:
-Հնարավոր չէ՞ քարտերը միմյանց փոխանցել, խաբել…
-Ո՛չ, որովհետեւ այնտեղ մարդիկ են նստած, որ մշակույթի նախարարության աշխատակիցներ չեն: Այսինքն՝ այլ կառույցի աշխատակիցներ են: Դուք հատուկ մեխանիզմի մասին եք ասում: Այդ մասով ես Ձեզ խորհուրդ կտամ, որ երեկոյան ժամերին նայեք, տեսնեք, թե մշակույթի նախարարության լույսերը մինչեւ քանիսն է վառ մնում:
-Այսինքն՝ նախատեսված ժամերից ավելի՞ են աշխատում
-Անպայման, պարտադիր:

 

 

 

 

ՄՅՈՒՍ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ

Ակնկալվում էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում, ի վերջո, պետք է հստակեցվեր ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու hարցը, որն արդեն տեւական ժամանակ է` քննարկվում է, այդ թվում եւ երկու կուսակցությունների առաջնորդների մակարդակով: Սակայն երեկվա ԳՄ նիստը բոլորովին այլ ընթացք ունեցավ, եւ նոր կոալիցիայի հարցն այս անգամ էլ հետաձգվեց:

Նկատենք, որ նիստը նախանշված ժամից ուշ մեկնարկեց, քանի որ Սերժ Սարգսյանը 40 րոպե ուշացումով տեղ հասավ: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ հավանական կոալիցիայի մասին քննարկումներ չեն եղել: Ըստ Շարմազանովի` նիստի ընթացքում քննարկումներն առավելապես ծավալվել են սահմանադրական բարեփոխումներից բխող ընտրական նոր օրենսգրքի շուրջ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: «Քննարկվել են նաեւ ԱԺ առաջիկա նստաշրջանի քառօրյայի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման եւ մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիա ձեւավորելու մասին հարցադրումներին` ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, բայց համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ-ի հետ դեռեւս քննարկվում է համագործակցության ձեւաչափը: Միգուցե հաջորդ նիստի ընթացքում զարգացումների մասին խոսենք, բայց այս պահին որեւէ բանի մասին հստակեցված չէ: Մյուս նիստից հետո հնարավոր է՝ նորություն ունենամ ասելու»: Շարմազանովը նաեւ նշեց, որ նոր կոալիցիայի կազմավորման հետ կապված պաշտոնների բաշխման որեւէ հարց եւս չի քննարկվել:
Հ. Գ. Այսօր տեղի կունենա ՀՅԴ գերագույն մարմնի նիստը, սպասենք զարգացումներին:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾ ԿՏԱՆ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար կալանավորված, իսկ մեկ ամիս անց ազատ արձակված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը դեռ չի գնում աշխատանքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, նա այլեւս նախկին աշխատանքին չի վերադառնա: Իսկ թե ինչով կզբաղվի ՀՀԿ-ական Զավեն Միրջանյանը, առայժմ հայտնի չէ: Ըստ ամենայնի, նրա ազդեցիկ ազգականները այլ աշխատանքի կտեղավորեն: Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Զավեն Միրիջանյանը փորձել էր կաշառել Երեւանի տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի՝ ՀԱԿ-ի կողմից նշանակված անդամին: Արդյունքում, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Զավեն Միրիջանյանին մեղադրանք էր առաջադրվել, եւ նա կալանավորվեց: Սակայն մեկ ամիս էլ չանցած՝ ազատ արձակվեց:

 

ՐԱՖՖԻՆԿՐԿԻՆ ԳՆԱՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է Թուրքիա: Հիշեցնենք, որ նա անցած տարի էլ էր Թուրքիա այցելել, եւ լուրեր էին տարածվել, որ նա Արեւմտյան Հայաստանում ցանկանում է հայկական դպրոց բացել: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել, թե իրենց առաջնորդն ինչ նպատակով է մեկնել Թուրքիա: Ի պատասխան, սակայն, Մարտիրոսյանն ասաց, թե իրեն Թուրքիա մեկնելու մասին ոչինչ հայտնի չէ: Գիտի, որ Րաֆֆի Հովհաննսիյանը Բրյուսել է մեկնել, այնուհետեւ Փարիզ կգնա:

 

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ
Հայաստանի նախարարությունները շարունակում են տասնյակ միլիոնավոր դրամների կոմունալ վճարումներ կատարել: Այս անգամ հերթը ՀՀ բնապահպանության նախարարությանն է: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում այս գերատեսչությունը պետբյուջեից կոմունալ վճարումների համար ծախսել է մոտ 25 միլիոն դրամ: Ի դեպ, այդ գումարից 250 հազարը բնապահպանության նախարարությունը վճարել է սպառված ջրի դիմաց, իսկ մնացածը կազմում է էլեկտրական էներգիայի վարձը: Ի դեպ, ինչպես երեւում է, կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունները բարեբախտաբար գազի վարձ չեն վճարում: Հակառակ դեպքում նախարարությունների կոմունալ վճարումների գումարները մի քանի տասնյակ միլիոն դրամով ավել կլինեին:




Լրահոս