Դպրոցներում հաճախելիության խնդիրը վատ ջեռուցմա՞ն հետ է կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է՝ ձմեռային չնախատեսված երկարատև արձակուրդից հետո դպրոցներում դասերը վերսկսվել են: Սակայն պետք է նկատել, որ հաճախությունները, ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ի տարբերություն սովորական օրերի՝ 85-90 տոկոսի փոխարեն 75-80 է: Հանրությունը այս հանգամանքը միանգամից կապեց հանրապետությունում սուր-շնչառական վարակների տարածման հետ, իսկ այսօր էլ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե Երևանի և մարզերի որոշ դպրոցներում ջեռուցումը լավ չի կատարվում, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել աշակերտների՝ դպրոց չայցելելուն:

Ի դեպ, այսօր Երևանի «Բարեւ Երևան» դաշինքի կազմի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ կապված դպրոցների ջեռուցման հետ: Ա. Բախշյանը, մասնավորապես, նշել է, որ դպրոցներից մեկում ջերմաստիճանը գրանցվել է 6 աստիճան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmLur.am-ին վստահեցրին, որ ստուգումներ մշտապես իրականացվում են, քիչ հաճախելիությունը որևէ կերպ կապված չէ դպրոցների ջեռուցման հետ: Ավելին, Արթուր Գևորգյանը հայտնեց, որ արձակուրդների ժամանակ ևս դպրոցները ջեռուցվել են:

Այդուհանդերձ, Անահիտ Բախշյանը պնդում է. «…Այսօր առավոտյան «Սպուտնիկ» ռադիոկայանի առավոտյան մի հաղորդման ժամանակ խոսում էր Նիկոլ Աղբայլանի անվան դպրոցի 2-րդ դասարանի երեխայի ծնող, ով ասաց, որ փետրվարի 1-ին և 2-ին երեխաները դասերին նստել են վերարկուներով, երեխայի ոտքերը պարզապես սառել են ու այսօր երեխային չի ուղարկել դպրոց: Լրագրողի հարցին, թե քանի՞ աստիճան էր դպրոցում, ծնողը պատասխանեց, որ քանի որ ծնողներին արգելում են մտնել դպրոց, ինքը չգիտի, ուղղակի երեխան ակնհայտ մրսած էր»:




Լրահոս