ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԹԻՐԱԽՈՒՄ ՄԱՏԱՂԻՍԻ ՈՒ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել են ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք են հաղորդել:

Դեռեւս 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մ-ն (ազգանունը չենք հրապարակում), ով երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Պարզվում է, որ սա միակ աղմկահարույց գործը չէ, որ բացահայտվել է ազգային անվտանգության ծառայության կողմից:
Տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւս մեկ գործ է ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից: Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկին ցուցում է տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել:
Եվ, ահա, Ռաֆիկը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյին: Տեղեկացանք, որ Սերգեյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկի ուղղորդմամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից: Արդյունքում Սերգեյը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից Սեյրանին է տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները: Բացի այդ՝ Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակկց կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Բայց սա դեռ վերջը չէ. գործին է խառնվել նաեւ Կապան քաղաքի բնակչուհի Կարինեն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հայտնվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում: Արդյունքում, 2013թ. հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակից Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Կարինեն համագործակցության համար Ադրբեջանի ծառայության կողմից ստացել է մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումար: Եվ, ահա, գալով Հայաստան` Կարինեն ՀՀ տարածքից զանգահարել է Ադրբեջանի ծառայության աշխատակից Արմանին ու, ըստ երեույթին, տեղեկություններ տրամադրել: Նա իր այդ ծանոթության ու գործունեության մասին ոչ մեկին չի հայտնել, բացի իր հորաքրոջ աղջկանից` Դիանայից, որը եւս իրավապահների աչքից չի վրիպել: Վերջինիս եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջկա եւ Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակիցների գործունեության մասին իմացել է, սակայն պետական դավաճանության մասին ոչինչ չի հայտնել իրավապահներին: Ի դեպ, հավելենք, որ Թուրքիայում բնակվող Կարինեն պատրաստվում էր իր որդուն եւս հավաքագրել Ադրբեջանի հետախուզական ծառայության կազմում:
Նկատենք, որ Ադրբեջանի հետախուզական ծառայության հետաքրքրությունների հիմնական թիրախը եղել են Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը: Հուսանք, որ վերոնշյալ խմբին չի հաջողվել այնպիսի տեղեկություններ տրամադրել հակառակորդին, որոնք կարող էին վնաս հասցնել սահմանը պահող մեր զինվորներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՏԵՆԱՄ ԷԼ, ՉԵՄ ՈՒԶԵՆԱ ՀԱՎԱՏԱԼ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ֆուտբոլային խաղերի վաճառքի մասին հրապարակումներին, կարծիք հայտնեց, թե «տեսնեմ էլ, չեմ ցանկանա հավատալ: Ցավալի կլինի, եթե նման բան եղած լինի»:
-Պարո՛ն Ռոստոմյան, ըստ Ձեզ՝ տեղի ունեցածը ամենաթողությա՞ն հետեւանք է, թե՞ այլ խնդիր կա:
-Ֆուտբոլում ամենաթողություն չկա: Գիտեք՝ այդ խնդիրները կան նաեւ միջազգային ֆուտբոլում, ընդհուպ բանը հասավ այնտեղ, որ հրաժարական տվեց միջազգային ֆեդերացիայի նախագահը, եւ մի շարք այլ չինովնիկներ ձերբակալվեցին: Հիմա մեզ մոտ խնդրով զբաղվում է ազգային անվտանգության ծառայությունը, երբ վերջնական հրապարակում կունենանք, կարող ենք ասել, բայց որ խնդիրներ կան, դա արդեն պարզ է, դրանց լուծումներ պետք է տալ:
-Ֆուտբոլային խաղերի վաճառված լինելու մասին տեղեկություններից հետո ՀՖՖ նախագահը նիստ արեց եւ նոր կարգավորումներ առաջարկեց՝ ոլորտում նմանօրինակ դեպքերը բացառելու համար, դա կարո՞ղ է իրավիճակը փրկել:
-Իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայության այս քայլը, որ նա ձերբակալեց եւ ի ցույց դրեց դա, ավելի զսպող քաղաքականություն էր, քան այլ քայլերը: Բայց ես վստահ եմ՝ ե՛ւ ֆեդերացիան, ե՛ւ մենք անելիքներ ունենք՝ այդ չարիքից ձերբազատվելու համար: Ցավոք սրտի, այսօր ֆուտբոլը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային երկրներում նստած նայում ես, չես իմանում՝ ծախված խաղ է, գնված խաղ է: Այսինքն՝ ֆուտբոլը, որ իր մեծությունն ունի, ցավոք, եկել, հասել է նրան, որ նստած նայում ես ու մտածում՝ արդյո՞ք ծախված է, թե՞ ոչ, դա աբսուրդ է:
-Դուք սպորտի նախարար եք եղել, կարողացե՞լ եք «լեզու գտնել» ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ասում են՝ բարդ մարդ է:
-Իմ հարաբերությունները նորմալ աշխատանքային հարաբերություններ են եղել: Այն, ինչ ինձ հետաքրքրել է ֆուտբոլի ոլորտում, ես իմ բոլոր հարցերի պատասխանը ստացել եմ թե՛ ֆուտբոլի, թե՛ այլ մարզաձեւերի վերաբերյալ:
-Իսկ Ալբանիա-Հայաստան խաղի հայ ֆուտբոլիստների կողմից խաղը վաճառելու մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք մեր ֆուտբոլիստները ունակ էին գնալ այդ քայլին:
-Անկեղծ լինեմ՝ տենամ էլ, չեմ ուզենա հավատալ, ցավալի կլինի, եթե նման բան եղած լինի, ցավալի կլինի մեր երկրպագուների համար, անգամ այդպիսի հաղթանակները չեն ուրախացնում, ուր մնաց թե այդպիսի պարտությունները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Սյունիքի, Արարտի եւ Վայոց ձորի մարզերում նշանակվել են դատավորներ: Արսեն Սարդարյանը եւ Դավիթ Սարգսյանը նշանակվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 
ՈՉ ՄԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
Գեւորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ։ Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` հավելելով. «Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան»: Արդարադատության նախարարը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում է Սաֆարյանից եւ շատ լավ տեղեկացված է, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել, եւ իր անձնական հսկողության տակ է այդ ամենը։ «Ստուգումներ եղել են, որեւէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել, որոշակի դժգոհություններ սկզբում եղել են խցի հետ կապված, այնուհետեւ թե՛ դիտորդական խումբը, թե՛ իրավապաշտպան կազմակերպությունները նրան այցելել են, նրա հետ զրուցել են, նա այդ պահի դրությամբ, երբ որ եղել է խցում, ասել է, որ այդ պահին իր մոտ ամեն ինչ նորմալ է, եւ որ եթե այդպես շարունակվի, ոչ մի խնդիր չի լինի»:

 

ԱՆԲԱՎԱՐԱՐ
Եվրախորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները անբավարար մակարդակի վրա են գտնվում, եւ Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու համար իրավապահների համարժեք ջանքերի գործադրումը. «Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը եւ յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը եւ անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար», – նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ
«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանը իր վստահորդների պահանջով դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, վարչապետին, արդարադատության նախարարին, Աժ խմբակցությունների ղեկավարներին: Դիմումներում գրված է. «Այն, որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սեփականատեր, դա հաստատված փաստ է, եւ չի հերքվում հենց նույն բանկի կողմից, եւ հրապարակված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում: Սույն հանգամանքը իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը եւ լրջագույն իրավական խնդիրներ է առաջացնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների եւ հաճախորդների համար: Ադրբեջանը, որպես բանկի սեփականատեր, անարգել տիրապետում է 1. հաճախորդների եւ աշխատակիցների անձնական տվյալներին եւ նրանց դրամաշրջանառությանը, 2. բանկից են ստանում իրենց աշխատավարձերը ՀՀ ուժային կառույցների աշխատակիցների մի մասը, իրենց թոշակն են ստանում նաեւ պահեստազորի սպաները եւ ՀՀ թոշակառուները, 3. բանկը միայն իր տրամադրած վարկերով եւ նրանց վերլուծությամբ առանց խոչընդոտի վերլուծում է ՀՀ տնտեսության իրական վիճակը, առկա հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները, 4. փաստացի բանկի աշխատակիցները անկախ իրենց կամքից դարձել են Ադրբեջանի աշխատակիցներ եւ աշխատավարձ են ստանում նրանից»:

 

ՎԿԱՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։ Երեկվա նիստի ընթացքում, սակայն, Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանն ասել են, որ իրենց վատ են զգում, եւ միջնորդել դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը։ Դրանցում նրանք երկուսն էլ նշել են, որ չեն հավատում, թե Պերմյակովը միայնակ է կարողացել հինգ մեծահասակի սպանել։ Ավետիսյանների բակի հարակից տանը բնակվող Կարինե Ավետիսյանն էլ երեկ դատարանում ասել է, որ առավոտյան մոտավորապես ժամը 6-ին «գմփուն» է լսել, մտածել է՝ երկրաշարժ է, դուրս է եկել բակ, սակայն տարօրինակ որեւէ բան չնկատելով` նորից տուն է մտել։




Լրահոս