ՏԱՎՈՒՇԻ ԼԵԳԵՆԴՆԵՐՆ ՈՒ ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ընթացքում ահազանգ է հնչեցվել այն մասին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հնագույն հուշարձանները վտանգի տակ են: Բերդի հնավայրերում իրականացված գիտարշավի ղեկավար Բորիս Գասպարյանը նշել է, որ Տավուշի Բերդի (Ցլիկ Ամրամի բերդ) տարածքում, որտեղ կան նաեւ քարայրներ, թաքնված է հնագիտական մեծարժեք ներուժ, սակայն դրանք այսօր վտանգված են, քանի որ տարածքում առկա են գանձագողերի բազմաթիվ հետքեր: Բանն այն է, որ տեղացիների շրջանում շշուկներ են պտտվում, թե իբր այդ քարայրներում թաքնված են Ցլիկ Ամրամի ոսկիները, ուստի որոշ մարդիկ պայթեցնում են քարայրների միջանցքները, որպեսզի գտնեն գանձերը:

Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գանձերի մասին այդ լեգենդները մարզում վաղուց են պտտվում. «Այդտեղ ո՛չ ոսկի կա, ո՛չ բան, դա 100 տարվա լեգենդ է: Բերդում 2004-2005 թթ. եղել են գանձագողեր, այդ մի քանի հոգուն ես հանձնեցի իրավապահներին: Բայց վերջին տարիներին այդ տեսակ դեպքեր չեն արձանագրվել: Տարածքում պահապան ունենք, համագործակցում ենք քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ»:
Պարոն Մուրադյանը, սակայն, կոչ արեց ՀՀ մշակույթի նախարարությանը ուշադրություն դարձնել մարզի այս եւ մի շարք այլ հուշարձանների վրա, որոնք, ի դեպ, ներառված են ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Նույն Ցլիկ Ամրամի բերդը, նրա խոսքով, ոչ մի անգամ չի ամրակայվել եւ հիմա քամու, ձյան, անձրեւի պատճառով վնասներ է կրում, դրանից քարեր են պոկվում-ընկնում:
Պարոն Մուրադյանն ամենաշատը մտահոգված է Շխմուրատի (12-13-րդ դար) ճակատագրով. «Այս վանքի փլման վտանգը բավական մեծ է, նախարարությունից եկել-նայել են, բայց գործնականում որեւէ տեղաշարժ չկա»,-ափսոսանքով նշեց նա:
Վտանգվածների շարքում հաջորդը Խորանաշատ վանքն է (13-րդ դար), որը գտնվում է սահմանային գոտում, ինչպես նաեւ Կապտավանքը (13-րդ դար). «Բոլոր վանքերի համար էլ նախարարությանը դիմել ենք, բայց թվարկվածներից ոչ մեկի ամրակայմանը պետական միջոցներ չեն ուղղվել, իսկ բարերարներն էլ քիչ են»,-ասաց պարոն Մուրադյանը:
Նա նաեւ պատմեց, որ բարերարի ֆինանսավորմամբ Մայրիվանքի (նաեւ՝ Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի) համար ապակուց տանիք է դրվել, իրենց ուժերով քիչ թե շատ վերականգնել են Արծվաբերդի Զորավոր եկեղեցին, սակայն այս բոլոր գործընթացներին պետությունը կրկին չի «խառնվել»:
Պարոն Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվեց իր մեկ այլ մտահոգությամբ եւս. «Հայտնի է, որ Տավուշի մարզը մեծ սահմանային գոտի ունի, այդ հատվածում, շատ դամբարանադաշտեր կան ընկած, եւ, օրինակ, խրամատներ փորելու ժամանակ մեծ թվով պատմական արժեքավոր նյութեր են հայտնաբերվում, օրինակ` խեցեղեն: Դրանց մի մասը հանձնվում է տեղական թանգարանին (Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարան), բայց շատ նյութեր այդպես էլ չենք կարողանում ձեռք բերել, այդ տարածքում անվտանգության հարց կա, չենք կարող ամեն րոպե այնտեղ ներկա լինել: Գտնողները պետք է բարեխիղճ լինեն` հանձնեն, բայց ոչ բոլորն են դա անում, մտահոգություն ունենք, հանկարծ նյութերը սրա-նրա ձեռքը չընկնեն ու հայտնվեն սեւ շուկայում»,-եզրափակեց նա:

 

 
ՄՀԵՐԸ ՔՐՈՋՆ ՕԳՆՈՒՄ Է ՄՏՆԵԼ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Երգիչ Մհերը (Մհեր Մեսրոպյան) այս տարի մի շարք գործնական ծրագրեր է կազմում: Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն հեղինակային երգեր. դրանք նոր գործեր են, որոնք հանդիսատեսը չի լսել: Մհերը «Ժողովուրդ»-ին պատմել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակներ, եւ նոր զուգերգեր. «Առաջին դուետը կներկայացնեմ իմ հարազատ քույրիկի հետ, այս նոր երգը հենց քրոջ եւ եղբոր հարաբերությունների մասին է»,-ասաց նա:

Մենք Մհերից հետաքրքրվեցինք` արդյոք իր քույրիկը պրոֆեսիոնալ երգչուհի է, ի վերջո, ով է նա, եւ ինչպես որոշվեց, որ վերջինս պետք է մուտք գործի երգարվեստի ասպարեզ: «Քույրս վաղուց է երգում, բայց այս ոլորտում իր առաջին քայլերն է անում, եւ մենք ցանկացանք, որ մեկնարկը լինի հենց մեր դուետով: Ես, բնականաբար, օգնում եմ նրան: Քրոջս անունը Ռոզա է, նա ներկայանում է որպես Ռոզա Ֆիլբերգ. Ֆիլբերգը վերջինիս կեղծանունն է, նա 25 տարեկան է»,-պատմեց երգիչը:
Հաջորդ դուետը Մհերը կկատարի երգչուհի Սոնայի հետ: Նրանք արդեն պատրաստվում են տեսահոլովակի նկարահանմանը: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մհերը նշել էր, որ ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն ունի: «Կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ»,-ասել էր նա:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Սոնայի հետ զուգերգը ռուսական շոու-բիզնեսում հաջողություն գրանցելուն միտված քայլ չէ, երգիչը պատասխանեց. «Սոնայի եւ իմ դուետը հենց ռուսական շոու-բիզնեսի ֆորմատի երգ է, որի մի հատված էլ կատարում ենք հենց ռուսերենով: Տեսնենք` որքանով բախտներս կբերի: Ի դեպ, նշեմ, որ իմ «Ո՞վ է, ո՞վ է» երգը Մոսկվայում մեծ տարածում է գտել, այն հաճախ կարելի է լսել Радио Восток-ի եթերում: Կամաց-կամաց առաջ ենք գնում, բայց պետք է ասեմ, որ ռուսական շուկայում շատ դժվար է որեւէ քայլ անելը, այնտեղ մրցակցությունը շատ մեծ է»:
Հերթական կարեւոր իրադարձությունը, որին Մհերը սպասում է, այս տարի կայանալիք մենահամերգն է Երեւանում` Օպերայի եւ բալետի թատրոնում:
Մհերի հետ զրույցում մենք չշրջանցեցինք նաեւ նրա անձնական կյանքի թեման: Երգիչը նշեց, որ կանանց հարցում իրեն հաջողակ համարում է, սակայն դեռեւս կարգավիճակում փոփոխություն մտցնելու ժամանակը չէ. «Հիմա շուտ է այդ մասին խոսել… Դեռ պետք է ընտրություն կատարեմ, որը շատ բարդ է »,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ
2016¬ը հոբելյանական տարի է մշակույթի մի շարք հայտնի գործիչների համար: ՀՀ մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան` տրամադրել է տարվա հոբելյարների ցանկը: Ըստ ցանկի` այս տարի նշվելու է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի 145¬ամյակը, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 95¬րդ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի 90¬րդ հոբելյանները: Տարին հոբելյանական է նաեւ ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի համար. նրա ծննդյան 80¬րդ հոբելյանն է նշվում: 75-րդ հոբելյանն են նշում ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Ժենյա Ավետիսյանը եւ այլք:

 

ԴՈՒԳԼԱՍՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ամուսիններ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը պատրաստվում են ամուսնալուծվել, քանի որ նրանց հարաբերությունները լուրջ ճգնաժամի մեջ էին հայտնվել: Այսօր արդեն նրանք հաստատապես կարող են ասել, որ դժվարին փուլը ետեւում է:
elle.ru-ի փոխանցմամբ` օրերս Դուգլասը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկել ընտանիքը` շեշտելով, որ այդ հարցում իր մեծ դերակատարությունն է ունեցել կինը. «Մենք երկուսս էլ շատ աշխատեցինք այդ ուղղությամբ, ավելի փորձառու ու խելացի ենք դարձել, եւ այս արդյունքին հասնելու համար բավական երկար ժամանակ պահանջվեց: Այժմ մենք շատ ենք գնահատում մեր ունեցածը»,-ասել է օսկարակիր դերասանը:

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Հունվարի 28¬ին 74 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկացի ռոք երաժիշտ Փոլ Քանթները, որը հիմնել է հիպիի դարաշրջանի կուլտային խմբերից մեկը՝ Jefferson Airplane¬ը: Մահվան պատճառ են դարձել բազմաթիվ բարդացումներն անցյալ տարվա մարտ ամսին տարած ինֆարկտից հետո: Նշենք, որ Փոլ Քանթները եւ վոկալիստ Մարտի Բալինը Jefferson Airplane¬ը հիմնել են 1965 թվականին: Խմբի հաշվին կան ութ ստուդիական ալբոմներ: 1960-ական թվականներին Jefferson Airplane¬ն ամենապահանջված ռոք¬խմբերից մեկն էր աշխարհում: Նրանց Surrealistic Pillow (1967) ալբոմից երկու կոմպոզիցիաներ՝ Somebody to Love¬ը եւ White Rabbit¬ը, Rolling Stone հեղինակավոր հանդեսը ներառել է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում:




Լրահոս