ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն իրեն բավականին արտոնյալ է համարում: «Ժողովուրդ»-ի տեսախցիկը փաստել է այն պահը, երբ Լ. Մարտիրոսյանը մեքենայով կայանում է անթույլատրելի հատվածում (միակողմանի փողոցի ձախ հատվածում՝ խաչմերուկի անմիջապես եզրին) եւ իջնում մեքենայից: Ակնհայտ է, որ նրա մեքենայի կայանած դիրքը խոչընդոտելու է մյուս մեքենաների երթեւեկությանը: Տեսնես՝ ինչպես պետք է «մարսի» իր այս օրինախախտումը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացին իրավունք ունի՞ ՀՀ-ում որդեգրում կատարել եւ որդեգրել ազգությամբ հայ երեխայի:
Անուշիկ Մելքումյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ երեխաները կարող են որդեգրվել օտարերկրյա քաղաքացիների կողմից: Դա թույլատրվում է միայն այն դեպքում, եթե երեխան չի կարող որդեգրվել մերձավոր ազգականների կամ էլ մշտապես ՀՀ-ում բնակվող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտանիքի կողմից: Նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում երեխա որդեգրել, պետք է գրանցվեն որպես որդեգրող ծնողներ անձամբ կամ իրենց լիազորված ներկայացուցչի միջոցով, կցեն հետեւյալ փաստաթղթերը՝
Անձը հաստատող փաստաթուղթ, հավաստագիր կենցաղային պայմանների վերաբերյալ, վկայական՝ ընտանիքի կառուցվածքի մասին, վկայական՝ եկամուտի եւ պաշտոնի մասին, իրավասու կազմակերպության կողմից տրամադրված անհատական երաշխավորագիր տվյալ անձի պատշաճ վարքագծի վերաբերյալ, բժշկական հավաստագիր, որտեղ բացակայում են հետագայում թվարկվող հիվանդությունները, ամուսնության վկայական, ամուսիններից մեկի՝ երեխային որդեգրելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները եւ համատեղ չեն ապրում ավելի քան մեկ տարի, եւ երկրորդ՝ ամուսնու բնակության վայրը անհայտ է, հավաստագիր դատվածության վերաբերյալ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. 1-ին եռամսյակում գրանցվել է 14 տեղական եւ նույնքան օտարերկյա որդեգրում: Հիմնականում որդեգրում են ԱՄՆ-ից, Իտալիայից եւ Ֆրանսիայից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կերակրողին կորցնելու կենսաթոշակ ո՞ւմ է նշանակվում եւ ո՞ր դեպքերում:
Ալլա Ռուստամյան (59 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ վերը նշված անդամներին, նաեւ.
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում՝ մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաեւ որդեգրվելու դեպքում: Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը՝ հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի: