Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Ամենագեղեցիկ տոնական ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մայրաքաղաքի ամանորյա և սուրբծննդյան տոների ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ լինի:
Հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված որոշակի չափորոշիչներին:

Մրցույթն այս տարի անցկացվել է երկու անվանակարգով՝ լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնցից լավագույնները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Ավան վարչական շրջանը: Եռյակը եզրափակել է Արաբկիր վարչական շրջանը: «Լավագույն ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Դալմա Ինվեստ» ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/, երկրորդը` «Վոտչ Վորլդ» ՍՊԸ /Կենտրոն վարչական շրջան/, իսկ երրորդ տեղը կիսել են «Ֆրիզե»ՍՊԸ / Նոր Նորք վարչական շրջան/ և «ԱրմենԱկոբ» ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/:

Վարչական շրջանների մի շարք տնտեսվարողներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողներն ու մասնակիցները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագայում ևս մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր նախաձեռնություններով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար: Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողեցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին`յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:




Լրահոս