Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին թեժ մթնոլորտում քննարկել են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը:
Քննարկումը, ըստ լուրերի, նախաձեռնել էր կոալիցիա կազմելու ԲՀԿ-ի կողմ թևը: Ըստ նախնական տեղեկությունների՝ կոալիցիա կազմելուն դեմ են կուսակցության և խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Հայկ Խաչատրյանը: Թեպետ լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կոալիցիայի թեմայով քննարկում չի եղել:
Նկատենք, որ ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ շատ մոտ ապագայում արդեն ԲՀԿ-ի կոալցիայի մաս դառնալու հարցը կլուծվի: Իսկ թե խմբակցության պատգամավորներից ով է դեմ, ով կողմ, դեռևս հստակ հայտնի չէ: Ստեփան Մարգարյանն, օրինակ, պարզվում է՝ ո՛չ դեմ է, ո՛չ կողմ: ArmLur.am-ին պատգամավորը հայտնեց՝ կուսակցությունն ինչ որոշի, դրան էլ կողմ կլինի. «Ես նման հարցերին չեմ խառնվում: Որևէ ձևով չեմ մասնակցել… Դա կուսակցության խնդիրն է. ինչ կորոշեն՝ կորոշեն: Ես ինձ իրավունք չեմ վերապահում… եթե չունեմ որևէ ազդեցություն»:
Ստացվում է՝ Ստեփան Մարգարյանը որևէ տեսակետ չի հայտնում իր կողմից ներկայացվող խմբակցության ճակատագրի մասին: