Սփյուռքի ներուժը՝ ի շահ Հայրենիքի բարօրության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության համատեղ ջանքերով կայացավ համաժողով՝ նվիրված երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտում Սփյուռքի ներգրավման նորարարական ռազմավարությանը և մոտեցումներին: Համաժողովը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» ծրագրի շրջանակում:

Համաժողովին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, պետական գերատեսչությունների և կառույցների, սփյուռքի հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչ:

Համաժողովում քննարկվեցին Հայաստանի զարգացման գործընթացում սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավոր օգտագործումը երեխաներին առնչվող ոլորտներում:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նա կարևորեց նման ձևաչափի համաժողովի կազմակերպումը և նշեց, որ այն տարբեր երկրների փորձը յուրացնելու և Հայաստան-Սփյուռք գործակցությունը կատարելագործելու, սփյուռքի ներուժը ի շահ հայրենիքի զարգացման առավել արդյունավետ կերպով կիրառելու հնարավորություն է ընձեռում:

Նախարարը ներկայացրեց Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ռազմավարական ուղղությունները, գլխավոր հարցադրումներն ու խնդիրները:

Սփյուռքի նախարարը մասնավորապես ասաց,- «Ուզում եմ այս հրաշալի նախաձեռնության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, Եվրոպական միության պատվիրակությանը, «Առաքելություն-Արևելք» կազմակերպությանը, որոնց ջանքերի շնորհիվ սփյուռք ունեցող երկրների միջև կայանում է միջմշակութային երկխոսություն, ստեղծվում է փոխճանաչողության, գիտելիքների ու հմտությունների, փորձի փոխանակման բացառիկ հարթակ, փոխառնչությունների ուրույն միջավայր: Վստահ եմ, որ համաժողովը կընթանա ակտիվ, կառուցողական քննարկումների և փորձի ստեղծագործական յուրացման, նորարարական խելամիտ մոտեցումների դրսևորման մթնոլորտում:

«Համաշխարհային կամ տեղական մակարդակներում զարգացումը հնարավոր չէ առանց ներդրումներ անելու, առանց մարդկային ռեսուրսների: Ներդրումները մանկական ծրագրերում լավագույն ճանապարհն են երկիրը, ինչպես նաև ազգի ներուժը զարգացնելու համար: Սփյուռքահայերը և սփյուռքի կազմակերպությունները կարող են նշանակալի դեր ունենալ ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծման, խոցելի ընտանիքների համար նոր սոցիալական ծառայություների տրամադրման, երեխաների այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հետագա զարգացման գործում»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ նշելով, որ Հայաստանի համար Սփյուռքի կողմից իրականացվող նախագծերը մեծ նշանակություն ունեն, վերջին տասնամյակում երկուստեք հսկայական ռեսուրսներ են ներդրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները զարգացնելու և արդյունավետ օգտագործելու համար:

Զեկույցներով հանդես եկան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից հրավիրված երկու միջազգային առաջատար փորձագետներ իռլանդական Diaspora Matters ընկերության ղեկավար Քինգսլի Այքինսը և վաշինգտոնյան Migration Policy Institute–ի համահիմնադիր Քեթլին Նյուլեդը:

Քինգսլի Այքինսը ներկայացրեց երկրի զարգացման գործընմթացում սփյուռքի ներգրավման Իռլանդիայի բացառիկ ձևաչափը, որը հնարավորություն է ընձեռում օգտագործել Սփյուռքի ներուժը տնտեսության և այլ ոլորտների զարգացման, աշխատատեղերի ստեղծման գործում:

Քեթլին Նյուլեդը ներկայացրեց դրամական փոխանցումների հնարավոր օգտագործման տարբեր եղանակները՝ ուղղված երեխաների բարեկեցությանը, այդ թվում՝ ուղղակի ֆինանսավորումը, ֆինանսական գործիքների և ծառայությունների կիրառումը և սոցիալական ցանցերի օգտագործումը:

Բանախոսները պատասխանեցին համաժողովի մասնակիցների հարցերին, այնուհետև տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այցի շրջանակներում, փոտրվարի 2-ին Քինգսլի Այքինսը սփյուռքի ներգրավման ռազմավարությունների վերաբերյալ դասախոսություն էր կարդացել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար: Թեմատիկ քննարկումներ են անց կացվել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի Ուսուցման և հետազոտական կենտրոնի անդամների և երկրում գործող մի շարք այլ շահագրգիռ կողմերի համար:

Բանախոսների այցը կազմակերպված էր ի շարունակություն 2015 թ. հոկտեմբերին հայաստանյան պատվիրակության այցի Իռլանդիա, որի նպատակն էր ուսումնասիրել սփյուռքի ներգրավման իռլանդական փորձը: Մասնակիցները քննարկեցին սփյուռքի և միգրանտների՝ Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացմանը և առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու ներուժը՝ երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտում:




Լրահոս