ԱՆԲԱՎԱԿԱՆԱՀԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների պարտքն է քննադատության մեջ գտնել ռացիոնալը: Այս հայտարարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանն արեց օրերս` «168 ժամ» թերթի  գլխավոր խմբագիր, հեռուստամեկնաբան Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Ռ-էովլյուցիա»  հաղորդման ընթացքում: Ընդ որում, ընդգծենք, որ  մեր գործընկերը  ողջ հաղորդման ընթացքում  վարչապետի գործունեության հետ կապված միանգամայն ռացիոնալ քննադատական հարցադրումներ հնչեցրեց: Սակայն զարմանալիորեն,  ռացիոնալ քննադատության սիրահար Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության պաշտոնական կայքէջի «Մամուլը մեր մասին» խորագրի ներքո հայտնվեց այնպիսի  մի  ոչ ռացիոնալ քննդատական  անդրադարձ, որը կարող էր լավագույն դեպքում տեղ գտնել Տիգրան Սարգսյանի բառապաշարով ասած`  «դեղին մամուլի էջերում», բայց ոչ երբեք` պաշտոնական կայքէջում: Այսպես. ՀՀ շարքային քաղաքացիների մուծած հարկերի հաշվին գործող այդ պաշտոնական կայքի պատասխանատուներն իրենց իրավունք էին վերապահել գնահատելու  Հայաստանում ամենաընթերցվող լրատվամիջոցներից մեկի ղեկավարի հնչեցրած հարցերի որակը: «Չնայած վաղօրոք մանրակրկիտ պատրաստված հարցերին, դրանցից եւ ոչ մեկը «գիտելիքահենք» չէր եւ վկայում էր, որ հաղորդման հեղինակը խիստ  մոտավոր պատկերացում  ունի երկրի տնտեսության, կառավարության գործունեության եւ այլ թեմաների վերաբերյալ»,-ոչ ավել, ոչ պակաս` որոշել են  կառավարության լրատվականի «խիստ գիտելիքահենք»  պատասխանատուները: Այս առիթով թերեւս արժե նշել, որ կառավարության գործունեության  եւ երկրի տնտեսության  մասին անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ դրական պատկերացում ունենալ, իսկ հակառակը պնդողներին պարզապես խորհուրդ կտանք  ծանոթանալ  թեկուզ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, որոնցում, ի դեպ, ամեն կերպ փորձ է արված մեղմել այդ պատկերացումները: Սակայն  օրեցօր աղքատացող  եւ դատարկվող երկրի կառավարության  պաշտոնական կայքէջի պատասխանատուների համար, պարզվում է,  հաղորդման ընթացքում հնչեցված լրջագույն հարցադրումներից առավել կարեւոր էր այն, որ հաղորդավարը Տիգրան Սարգսյանին դիմել էր անուն-ազգանունով, այլ ոչ թե պաշտոնով. «Հեռուստահաղորդավարը  ամբողջ  ժամանակ վարչապետին դիմում էր անուն-ազգանունով եւ ոչ մի անգամ` պաշտոնով. թող յուրայիններն իմանան, որ ինքը նրան լեգիտիմ  չի համարում»:  Բայց անգամ այս անկարեւոր հարցում էլ նրանք սխալվում են: Պետք էր ընդամենն ուշադիր դիտել հաղորդումը եւ տեսնել, որ վարողը շատ հանգիստ եւ որպես նորմալ  իրողություն` Տիգրան Սարգսյանին դիմում է «պարոն վարչապետ»՝ ով: Ինչեւէ, այս՝ թվում է թե ոչ այնքան կարեւոր  անդրադարձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց մեր բարեպաշտ,  ժողովրդավարական եւ քրիստոնեական արժեքների  քարոզիչ վարչապետի իրական  կերպարը, առանց որի գիտության, բնականաբար, նման հրապարակում չէր կարող հայտնվել պաշտոնական կայքէջում: Ինչ արած` անբավականության զգացումը հանգիստ չի տալիս մարդուն:




Լրահոս