Հանրապետականը որևէ մեկի առջեւ դռներ չի փակել. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձեւաչափը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, մեր տեղեկություններով՝ փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում վերջնականապես քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցը: Արդյո՞ք նման հանդիպում տեղի է ունեցել:

-Մենք պարբերաբար հանդիպում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ:

-Այսինքն՝ Դուք հաստատում եք հանդիպման փաստը:

-Ես երեկ մեր դաշնակցական գործընկերների հետ հանդիպել եմ:

-Իսկ հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Տարբեր քաղաքական թեմաներ ենք քննարկել:

-Արդյո՞ք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցն այդ թեմաներից գլխավորը չի եղել:

-Կոալիցիայի մասով քննարկումները շարունակվում են եւ երբ կավարտվեն քննարկումները, ամեն ինչ պարզ կլինի: Մենք ձեզ կտեղեկացնենք, սպասեք:

-Պարո՛ն Շարմազանով, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ նա ՀՀԿ-ի հետ համագործակցությունը համարել էր վարկանիշի անկում, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ:

-Հանրապետականը որեւէ մեկի առջեւ դռներ չի փակել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Ամեն ինչ պետք է արվի ծրագրային հիմքի վրա, ամեն ինչ պետք է արվի գաղափարական հիմքի վրա, ինչպիսի ընթացք կստանա… միգուցե շատ բան գիտեմ, բայց քանի դեռ քննարկումները վերջնական չենք ավարտել, կոռեկտ չի լինի՝ ես հիմա նստեմ եւ գնահատական տամ, որովհետեւ ամեն ինչ համաձայնեցված չի, եւ վերջնական որոշում չկա:

-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի խոչընդոտի համագործակցությանը, չի տանի դեպի տապալում:

-Դուք իմ պատասխանից հասկացաք, որ դեպի տապալում էի տանո՞ւմ: Ես տանում էի դեպի համագործակցություն:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս