«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձեւաչափը:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
-Պարո՛ն Բաղդասարյան, ի վերջո, երբ է հստակեցվելու` արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ լինելու է նոր կոալիցիոն համագործակցություն, թե ոչ: Այդ հարցն անվերջ ձգձգվում է, եւ այս ընթացքում արդեն իսկ հնչում են ոչ միանշանակ հայտարարություններ:
-Դեռ վերջնական պայմանավորվածություն չկա, քննարկման փուլում է:
-Մեր տեղեկություններով` փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:
-Ես հանդիպումից տեղյակ չեմ:
-Պարո՛ն Բաղդասարյան, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իշխանությանն անվանեց հեղինակազրկված: ՀՀԿ-ն պատրաստ է նման հայտարարությունից հետո համագործակցել ՀՅԴ-ի հետ:
-Դա տարբեր ձեւերով կարելի է մեկնաբանել: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ կցանկանան գործընկերություն անել: Այո՛, կան խնդիրներ, բայց, համենայնդեպս, այսօր ՀՀԿ-ն ամենահեղինակավոր կուսակցությունն է: Մենք կարիք չունենք, որ այլ քաղաքական ուժերը փորձեն մեր հեղինակությունը բարձրացնել:
-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի՞ խոչընդոտի կոալիցիայի ձեւավորմանը:
-Մենք հիշաչար չենք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ՔԱՐՏՈՒՂԱՐ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Պարո՛ն Մելիքյան, մեր տեղեկություններով՝ փետրվարի 1-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Դուք տեղյա՞կ եք այդ հանդիպումից:
-Համագործակցության առումով հանդիպումներ անընդհատ լինում են, լինելու են եւ կլինեն:
-Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում, արդյո՞ք հստակեցվել է ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիաի կազմավորման հարցը:
-Իհարկե, կլինեն համագործակցության ձեւեր, տարբեր ձեւաչափեր: Այդ ամեն ինչը կախված է բանակցությունների ընթացքից:
-Պարո՛ն Մելիքյան, Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելը վարկանիշի անկում համարեց: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռուստամյանի այս հայտարարությունը:
-Որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական գործիչ չի կարող իրեն վերագրել մի իրավունք, որ ունի միայն ժողովուրդը: Ժողովուրդն է, որ տալիս է գնահատականներ ցանկացած ուժի, ցանկացած քաղաքական գործչի իր վերաբերմունքով, իր քվեարկությամբ: Ես կարծում եմ, որ ճիշտ չէ, որ քաղաքական գործիչը իրեն նման իրավունքներ է վերապահում:
-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի խոչընդոտի կոալիցիայի ձեւավորմանը:
-Կարելի է ցանկացածի հետ համագործակցել, եւ ցանկացած հայտարարություն կարող է նաեւ լինել զղջման պահ, սխալ ընդունելու պահ, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ