2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը: Այդ օրերին եւս ՀՀ վարչապետը զայրացած դիմեց դատախազություն: Երկու տարի է անցել, իսկ գործը դեռ «թաղային» քննիչների մակարդակով էր քննվում: Երեկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում «ֆաքսերի գործը»: Պաշտոնապես հայտնեցին, որ ««Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով, 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»: Փաստորեն, գործը բարդում են գործարանի նախկին գլխավոր տնօրենի գլխին, իսկ վարչապետն էլի «պլստաց»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ