Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի նիստ է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարավոր համագործակցության ձևաչափին վերաբերող հարցերին:

Կարևորվեց կուսակցության մոտեցումները հանրության լայն շրջանակներին բացատրելու և պատշաճ ներկայացնելու հարցը։ Առանձնահատուկ շեշտվեց սահմանադրության լիարժեք կենսագործման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման և որպես առաջին քայլ՝ վստահություն ներշնչող նոր Ընտրական օրենսգրքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ընթացքում հատուկ ընդգծվեց պետականաշինության նոր փուլում ՀՅԴ ստանձնելիք ակտիվ դերակատարության կարևորությունը։

Հանդիպման վերջում կայացած հարցուպատասխանի ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը պարզաբանումներ ներկայացրեցին օրակարգային մի շարք հարցերի կապակցությամբ։

ՀՅԴ ԳՄ մամլո դիվան

03.02.16




Լրահոս