«ՆԱԻՐԻՏ»-Ի ԳՈՐԾԸ «ՁԵՌՔԻՑ ՁԵՌՔ» ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխին կուտակված «սեւ» ամպերը կարծես թե սպառնում են ավելի մռայլ տեսք ստանալ, չի բացառվում նաեւ «կարկտահարությունը»: Իսկ թե ով պետք է փոխհատուցի «կարկտահարության» վնասները, թերեւս դարձյալ ազգովի գումար հանգանակելու խնդիր կունենանք:
Օրերս «Հետք»-ը հրապարակեց օֆշորային գոտում Տ. Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ունեցվածքի մասին, որը կառավարության ղեկավարի խոսնակը փորձեց հերքել՝ դրանով ավելի վատ վիճակում դնելով նրան: Ինչո՞ւ, որովհետեւ սա միակ դեպքը չէ, որ խոսվում է վարչապետի կատարած որեւէ հանցանքի մասին, ինչի առնչությամբ ժամանակին արվել են լրջագույն բացահայտումներ:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը սկսեց «բաց ֆաքսեր» ուղարկել վարչապետի կատարած հանցագործությունների վերաբերյալ: Առաջին հաղորդագրությունը 31 միլիոն դոլար գանձագողության մասին եղել է 2011թ. նոյեմբերին, հետո «բաց ֆաքսերով» բացահայտվեց, որ տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող գանձագողություն է եղել, որի ընդհանուր գումարը գերազանցեց 200 մլն դոլարը:
Բազմաթիվ փաստերով համեմված այս «բաց ֆաքսերի» հրապարակումից հետո Տ. Սարգսյանը դարձյալ դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Սակայն մինչ օրս նրա դիմումն ու դրա հետեւանքները պտտվում են հայրենի իրավապահ համակարգի տարբեր աշխատասենյակներում: Մինչդեռ այդքան աղաղակող բացահայտումներից հետո, թվում էր, որ կա՛մ Տ. Սարգսյանը պետք է հայտնվեր ճաղերի հետեւում, կա՛մ Առաքելյանը՝ զրպարտելու համար: Բայց քանի որ մեր երկրում արդարադատության համակարգը «հիվանդ» է, ուստի վարչապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ Հ. Առաքելյանը հեռացել է երկրից:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այս ֆաքսերի գործն իրավական առումով ինչ փուլում է գտնվում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ««Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով, 2003 թվականի հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»: Այսինքն՝ 2 տարի է՝ գործը տարբեր «թաղային» քննիչներ դեռ քննում են՝ անարդյունք:
Կապ հաստատեցինք նաեւ Եվրոպայում գտնվող Հ. Առաքելյանի հետ՝ պարզելու նրա կարծիքը գործի վերաբերյալ. «Ճիշտ եք, իմ բացահայտումների ժամանակ էլ վարչապետը դիմեց դատախազություն, իսկ արդյունքն ակնհայտ է: Անցել է մոտ երկու տարի, բայց չեն ասում, որ վարչապետը գանձագող է: Իսկ եթե ես կեղծիք կամ շանտաժ արած լինեի, ապա հաստատ հիմա բանտում էի, եւ իզուր տեղը նոր գործ չէին սարքի, թե իբր կուսակցությանը` ՀՌԱԿ-ին, վնաս եմ տվել: Իմ հանդեպ կիրառվեց նույն սցենարը, ինչը Օսկանյանի հանդեպ` սկզբում բոլորը վկա են, տուժող չկա, բողոքող չկա, հետո սկսում են փնտրել հանցագործին: Իմ առաջին հաղորդագրությունը 31 միլիոն դոլար գանձագողության մասին եղել է 2011թ. նոյեմբերին, հետո իմ ուսումնասիրություններով` հետագա բաց ֆաքսերով, բացահայտել եմ եւս տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող գանձագողություն, որի ընդհանուր գումարը գերազանցեց 200 մլն դոլարը: Սակայն ոչինչ չեն բացահայտում»:
«Ժողովուրդ»-ը ուշադրությամբ կհետեւի այս գործին, որպեսզի այն չդասվի «սառեցված» գործերի շարքին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս