Երեւանում երեկ տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստն ուղեկցվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիայով: Մինչ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր նիստը, հյուրանոցի մոտ էին հավաքվել ՀԱԿ համակիրները, որոնք պահանջում էին եվրոպացի պաշտոնյաներից չսատարել ՀՀ իշխանություններին, քանի որ վերջիններս Հայաստանում ոտնահարում են մարդու իրավունքներն ու ազատությունները:
Իսկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Հայաստանում չորս հիմնական խնդիրներ կան, որոնց պետք է տեղյակ պահել ԵԽԽՎ անդամներին՝ Հայաստանում պարբերաբար կեղծվող ընտրությունները, որոնց արդյունքում ժողովուրդը զրկված է մնում սեփական կամքով սեփական իշխանությունները ձեւավորելու հնարավորությունից, քաղբանտարկյալների առկայությունը՝ հանձին Տիգրան Առաքելյանի, հակառակ ԵԽԽՎ բանաձեւերի, մարտի 1-ի սպանդի բացահայտված չլինելն ու հեռուստատեսության ոլորտում տոտալ վերահսկողությունը: Զուրաբյանը նաեւ համոզմունք է հայտնել, թե ԵԽԽՎ-ում տեղյակ են այս բոլոր խնդիրների մասին, բայց շարունակում են աչք փակել Հայաստանի իշխանությունների անօրինականությունների վրա ինչ-ինչ պատճառներով: Թեեւ նա նիստի ավարտից հետո զրուցել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ եւ տեղեկացրել նրան ընթացող բողոքի ակցիայի մասին:
Իսկ թե որն է ԵԽԽՎ նման պահվածքի պատճառը, թերեւս դժվար չէ ենթադրել. ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոստումները, որ ՀՀ իշխանությունները տվել են Արեւմուտքին: Պատահական չէ, որ երեկ՝ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որեւէ խոսք չեղավ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին: Փոխարենը, ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով արագացնել հարցի լուծումը: Հայտարարության մեջ, նշելով, թե ԼՂ հիմնախնդրի լուծումը վեր է իրենց լիազորությունների շրջանակներից, ԵԽԽՎ-ն իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Վեհաժողովը նաեւ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները, որպես ԵԽ երկու անդամներ, հասնել հաշտեցման, ինչպես նաեւ արագացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության լուծումը: Եւ ընդհանրապես, հարկ է նկատել, որ վերջին շրջանում ԼՂ խնդրի վերաբերյալ բավական ակտիվություն է նկատվում. հատկապես Երեւանի ավագանու ընտրություններից հետո այդ մասին սկսել են խոսել բոլորը՝ միջազգային հանրությունն իր հերթին, հակամարտող կողմերն՝ իրենց հերթին: Ընդ որում արդեն կամաց-կամաց փորձ է արվում գաղտնազերծել նաեւ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Երեկ էլ ԵԽԽՎ պատգամավորներից Անդրեաս Հերկելը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրլ է, թե ինչ զիջումների կարող է գնալ Հայաստանը ԼՂ հակամարտության հարցում: Նալբանդյանն էլ, օգտվելով առիթից, սկսել է դժգոհել, որ Հայաստանը ողջունում ու պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հիմնվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջարկների վրա, սակայն Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է: «Էլ ի՞նչ անենք. Հայաստանը պատրաստ է հարցը լուծել 3 համանախագահող երկրների առաջարկների հիման վրա, ինչին պատրաստ չէ Ադրբեջանը»,-ասել է նա: Նալբանդյանը նաեւ հայտարարել է, թե Դուբլինում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, քննարկել են համատեղ հայտարարության տեքստ. «Բայց Ադրբեջանը մերժեց, որովհետեւ իրենք դեմ էին «հակամարտության խաղաղ կարգավորում» ձեւակերպմանը, դեմ էին, որ ստեղծվի մեխանիզմ հրադադարը ամրապնդելու համար»:
Փաստորեն, ստացվում է, որ այսօր Հայաստանը պատրաստ է ստորագրել բանակցային սեղանին եղած փաստաթուղթը, սակայն դրան դեմ է Ադրբեջանը: Ու սա այն դեպքում, երբ այդ փաստաթղթի առաջին կետով նախատեսված է Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ. այդ մասին օրերս հայտարարել էր ե՛ւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Իսկ թե ինչու է Ադրբեջանը հիմա խուսափում փաստաթուղթ ստորագրելուց, դժվար չէ ենթադրել. պատահական չէ, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե իրենք շարունակելու են Հայաստանը պահել մեկուսացման մեջ, քանի որ իրենց այդ տակտիկան տալիս է իր պտուղները՝ տարեկան Հայաստանը լքում է 80-100 հազար մարդ, արդյունքում՝ ժողովրդագրական լուրջ ճգնաժամ է հասունանում: Ասել է թե՝ Ադրբեջանն այսքան սպասելուց հետո պատրաստ է սպասել եւս մի քանի տարի՝ ստիպելու համար Հայաստանին գնալ էլ ավելի մեծ զիջումների:
ՏԵՂՅԱԿ ԵՆ, ԲԱՅՑ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ