Որ ոլորտներում է իրեն տեսնում Արծվիկ Մինասյանը. ՀՅԴ-ն լռում է խոսելով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր «Հայ հեղափոխական դաշնակցության» Բյուրոյի և Գործադիր մարմնի ընդլայնված նիստն էր: Տեղեկություններ տարածվեցին, որ նիստին հրավիրվել են ոչ միայն Բյուրոյի ու ԳՄ անդամներ, այլեւ շարքային դաշնակցականներ: Ինչպես ավանդաբար՝ նիստը դռնփակ էր ու գաղտնիության քողի տակ: Նիստի ավարտին ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարություն տարածեց, ըստ էության, ոչնչի մասին՝ միայն արձանագրելով. կարեւորվեց կուսակցության մոտեցումները հանրության լայն շրջանակներին բացատրելու եւ պատշաճ ներկայացնելու հարցը, առանձնահատուկ շեշտվեց Սահմանադրության լիարժեք կենսագործման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման եւ որպես առաջին քայլ՝ վստահություն ներշնչող նոր ընտրական օրենսգրքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը։

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, բոլորը խոսում են կոալիցիայի ձեւավորման մասին, սակայն գործընթացը ձգձգվում է: Ինչո՞ւ է ուշանում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:

– Քննարկումները շատ պրիմիտիվ են ներկայացվում, որ պաշտոնների մասին է խոսքը: Ամենեւին այդպես չէ: Կարեւորը սկզբունքների հարցն է, բարեփոխումների խորությունը, ծավալը, ուղղությունները ճշտելն է: Սահմանադրական նոր իրողության պայմաններում մեզանից, որպես պատասխանատու քաղաքական ուժ, պահանջվում է ամբողջական խնդիրների լուծումներ ապահովել: Դա վերաբերում է գրեթե բոլոր ուղղություններին: Օրենսդրական մակարդակում դա ենթադրում է օրենքների վերանայում, գործադիրում՝ իրավակիրառ պրակտիկայի արդյունավետ կիրառում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրում մրցունակության հրամայականն է կարեւոր: Քանի դեռ այս ամենը չի ճշտվել նաեւ ՀՀ արտաքին անվտանգության տեսակետից, ուղղությունները, խորությունները, ծավալները չեն ճշտվել, չի կարող խոսք լինել այլ հարցերի մասին, այդ թվում եւ անձնավորված կամ պաշտոնների մասին: Բայց չպետք է թաքցնենք, այո՛, երբ այդ հարցերը որոշվեն, կլինեն նաեւ պատասխանատվության ոլորտները եւ պատասխանատու անձանց մասին տեղեկատվություն:

-Կա՞ն արդեն կոնկրետություններ՝ ի՞նչ է քննարկվում ՀՅԴ-ի ներսում:

-Այս պահին չկա անհաղթահարելի խոչընդոտ, որը հնարավորություն կտա համագործակցությունն առավել իրական տեսնել: Մենք ՍԴ փոփոխությունների համագործակցության շրջանակներում հասանք այն բանին, որ ՀՀ-ն քաղաքական վերափոխումների եւ նոր մոտեցումների ճանապարհ է ընտրել: Այս պահին ընտրական օրենսգիրքը թիվ մեկ պահանջն է. ունենալ այնպիսի օրենսգիրք, որը կերաշխավորի 2017 թ ազատ ընտությունների անցկացումը: Մինչեւ այստեղ հասնելը տնտեսական ոլորտում ունենք անելիքների անհրաժեշտություն՝ ազատ տնտեսական մրցակցության պայմանների ձեւավորում, հակամենաշնորհային քաղաքականության նոր հայեցակարգի ամրագրումը, Հայաստանի տնտեսական պոտենցյալի վերաարժեվորումը եւ տնտեսության զարգացման իրական հիմքերի ստեղծումը, արդարադատության համակարգում որակապես նոր մոտեցումների կիրառումը: Ինչպես նաեւ արտաքին հարցերի հետ կապված ՀՀ հեղինակության բարձրացումը եւ անվտանգության համակարգի ուժեղացումը, որտեղ նաեւ կոնկրետ հարցադրումներ կան: Մեր պատկերացմամբ, դրանք բխում են մեր հայտնի 7 կետերից, իսկ իշխանության տեսակետից բխում են այն մոտեցումներից, որոնք հաճախ շարադրվել են ՀՀ նախագահի ելույթներում, կան իրենց ծրագրերում, ինչպես նաեւ փոփոխված Սահմանադրության մեջ են ամրագրված: Այս հարցերի շրջանակներում են գնում քննարկումները, եւ ես վստահ եմ, որ առաջիկա օրերին առավել հստակություն կմտնի ոլորտային պատասխանատուների անուններով:

-Արդեն տեղեկություններ կան, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը, օրինակ, նշանակվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, քանի որ նախնական համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, սակայն այլ լուրերի համաձայն՝ այդ մարզը ՀՅԴ-ին չի տրվելու:

-Վաղ է խոսել պատասխանատուների ու կադրային քաղաքականության մասին: Մենք լինելով քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ո՛չ ես, ո՛չ պարոն Մանուկյանը որեւէ բան չենք կարող հստակ ասել: Եթե մեր կադրային քաղաքականությունից եք հետաքրքրվում՝ արդյո՞ք ունենք կարող մարդիկ, իհարկե, ունենք: Բայց թե ինչպիսի մարդիկ պայմանավորվածություն կլինի, ճշգրտման հարց է:

-Բայց ակնհայտ է, որ ՀՅԴ-ն ցանկանում է այն պորտֆելները ստանձնել եւ այն մարզերում մարզպետներ ունենալ, որտեղից հեշտ է ձայներ բերել՝ հօգուտ կուսակցության:

-Մենք՝ որպես դրականին, լուսավորին տրամադրված ուժ, ցանկանում ենք մեր ազդեցությունը, նպաստը բերել այդ գործին: Եթե դա կլինի համաձայնությունը, մեր կադրային բանկը, փառք Աստծո, կա այնքան, որ կկարողանանք ոլորտային պատասխանատվությունը ստանձնել: Բայց այս պահին խոսել կոնկրետ պատասխանատվության մասին, ճիշտ չէ: Ցանկացած համագործակցություն, որի նպատակը Սահմանադրությունը օր առաջ կյանք դարձնելն է, երկրի անվտանգության համակարգը բարձրացնելն է, նշանակում է՝ պետք է խրախուսվի: Կադրերը ընդամենը պետք է ապահովեն այդ քաղաքականության արդյունավետ իրականացումը: Որեւէ փոքր, կարճաժամկետ նպատակ չի կարող ավելի գերադասելի լինել, քան այս հիմնական, գլոբալ նպատակները, այդ թվում եւ ընտրություններում ձայներ հավաքելը:

-Դուք, ի վերջո, գործադիրում նոր կարգավիճակ ունենալո՞ւ եք, չէ՞:

-Որտեղ եմ ես ինձ տեսնում. երբ այդ հարցը տալիս են տնտեսագետ-իրավաբանին, պետք է ակնհայտ լինի: Ես երբեք ո՛չ թերագնահատում, ո՛չ գերագնահատում եմ այն պաշտոնները, որտեղ կարող եմ լինել, ո՛չ էլ իմ ցանկությունն եմ հրապարակում: Ես անձ, անհատ լինելուց զատ՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, եւ եթե քաղաքական ուժը, իմ կարողությունը գնահատելով, առաջարկ կներկայացնի եւ կստացվի էդպիսի համաձայնություն նաեւ ՀՀ նախագահի կողմից, բնականաբար, այդ ժամանակ նոր կարող եմ տեսակետ հայտնել: Ես ինձ տեսնում եմ բոլոր այն ոլորտներում եւ ուղղություններում, որտեղ իմ մասնագիտական եւ աշխատանքային փորձի արդյունքում որոշակի գիտելիքներ ու անհրաժեշտ փորձառություն եմ ձեռք բերել:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս