Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման հետ կապված հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին: Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ այս գործի քննության ընթացքը շատ է հիմնական ուղուց «շեղվել», սակայն ինքն այս անգամ մեծ ակնկալիքներ ունի:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել էր 2009թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:15-ին, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո: Մհերյանի վրա արձակվել էր ութ կրակոց, որոնցից հինգը դիպել էր նրան: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ: Ավելի ուշ պարզվել էր, որ Գ. Մհերյանի մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ: Երբ Մհերյանը վերելակից դուրս էր եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին: Գործի հնարավոր բացահայտման հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Պետրոս Մհերյանին:
-Պարո՛ն Մհերյան, ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարականով կրկին սկսվել են Ձեր որդու սպանության բացահայտման աշխատանքները: Դուք որեւէ ակնկալիք ունե՞ք այս անգամ:
-Ժամանակին մարդիկ խոսում էին այն մասին, որ դա «պատվի հարց է», բայց դրա արժեքն իրենք չէին պատկերացնում, թե ինչ է: Հիմա Գասպարյանի կազմած խումբը, որը գործը տանում է, համոզված եմ, պատվի եւ արժանապատվության գինը, արժեքը գիտի: Ու հարցն այն չէ` կբացահայտվի, թե չի բացահայտվի գործը, հարցն այն է, որ մարդիկ հոգով-սրտով աշխատում են:
-Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ իսկապես աշխատում են գործի բացահայտման համար, Դուք անձամբ հետեւո՞ւմ եք բացահայտման աշխատանքներին:
-Դե միանշանակ, ես ինչպե՞ս կարող եմ չհետեւել, հետեւել եմ, շփվել եմ մարդկանց հետ: Ճիշտ է, ամեն ինչից տեղյակ չեմ, բայց համոզված եմ, որ մարդիկ բավական լուրջ աշխատում են, եւ, իրոք, պատվի ու արժանապատվության հարցը գնահատում են ու գիտեն, թե դա ինչ է նշանակում: Ես չեմ ցանկանում անունները տալ, բայց եթե նրանց նման մարդիկ աշխատեին ոստիկանությունում, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ:
-Այս գործի շրջանակներում Դուք անձամբ հանդիպե՞լ եք Վ. Գասպարյանի հետ, ի՞նչ եք զրուցել:
-Հանդիպել եմ, ուղղակի ինքը չի կարող ինչ-որ բան խոստանալ, ինքը չի կարող ոչինչ ասել, բայց իր… ոնց որ մարդ` ես համոզված եմ, որ ինքը հետաքրքրված է այդ հարցով, ինքն իսկապես ոստիկանապետ է, ոչ թե ամպագոռգոռ խոսքեր ասող:
-Բայց գոնե գործի բացահայտման հույս կամ խոստում չի՞ տվել ոստիկանապետը:
-Ա՛յ այդ հարցին չեմ պատասխանի, ինչ խոսել եմ, մնում է մեր մեջ: Ես բացատրել եմ, մարդն էլ լսել է: Վարկածների, նախնական կարծիքների հետ կապված` ես տեղյակ չեմ: Ճիշտ է, ի սկզբանե շատ են խառնել գործը, տարել են այլ ճանապարհով, բայց հիմա համոզված եմ, որ մարդիկ աշխատում են: Այլ բան է՝ կբացվի, թե չի բացվի, ես չեմ կարող դա ասել, բայց որ մարդիկ աշխատում են հոգով-սրտով, ես համոզված եմ դրանում: Մի քիչ հանգիստ եմ: Սուսուփուս, ոչ մի բան չխոսելով աշխատում են:
-Դուք ժամանակին հայտարարեցիք, որ Ձեր որդու USB կրիչը, որին նա շատ խնամքով էր վերաբերում, գործից անհետացել է…
-Այդ կրիչի մասին պետք է հարցնել առաջին խմբին, որը ստեղծվեց Ալիկ Սարգսյանի ժամանակ… այդ ժամանակ ֆաքսն է անհետացել եւ այլն, եւ այլն: Դրանք եթե լինեին, գործը ավելի հեշտ ու ավելի շուտ կարող էր բացահայտվել, բայց քանի որ դրանք չկան, անպայման չէ, որ բացահայտումը դրանցից կախված լինի: Դրանք կարեւոր փաստեր էին, որոնք անհետացան, ու հարց է ծագում, թե ինչու եւ ինչպես դրանք անհետացան: Ես այս հարցը ուղղել եմ Հեկտոր Սարդարյանին, ուղղել եմ Անդրանիկ Միրզոյանին, ուղղել եմ եւ դատախազին, որոնք ներկա են եղել այդ պահին, իսկ ի՞նչ` դատարկ խոսքեր: Բայց այս անգամ լիահույս սպասում եմ նոր ստեղծված խմբի աշխատանքների արդյունավետությանը:
ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆ «ՏԱՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ