ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բժշկի ապօրինություններից տուժած Հովհ. Կաթրջյանի գործով վճռաբեկ բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ զբաղվում է բժշկի ապօրինություններից տուժած Հովհ. Կաթրջյանի իրավունքների պաշտպանությամբ: Վերջինս 1985 թ.-ից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում», վերջին դեպքում 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար վճարել է գնացուցակով նախատեսված գումարը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս ժամկետ ունեցող սարք, ընդ որում՝ 2004թ.-ին տեղադրվել է արդեն իսկ օգտագործված սարք՝ չնայած սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում դրա կրկնակի օգտագործումը:

Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից: Քրեական գործը կարճելու վերաբերյալ դատախազ Գ. Մարգարյանի որոշումը Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 2015 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ դատարանը մերժել էր ներկայացված բողոքը՝ հաստատելով ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 29-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ 2015 թվականի նոյեմբերի 16-ին մերժեց Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը: Հովհաննես Կաթրջյանը և նրա ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան, որով պահանջել են բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: 2016 թվականի հունվարի 27-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննարկելով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, մերժել է այն՝ պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքում նշված նախադեպային որոշումները կիրառելի չեն տվյալ դեպքում:




Լրահոս