Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագիրը՝ իր իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին, ցնցել է իրավական ողջ համակարգը: Այս նշանակումը որքան անակնկալ էր, այդքան էլ սպասված շատերի համար, քանի որ ուժային կառույցներում առաջացած խմորումները վաղուցվա պատմություն ունեն:
«Ժողովուրդ»-ը ամիսներ շարունակ հրապարակել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի շուրջ օղակը սեղմվում է, եւ նրա դեմ աշխատում են ուժային գրեթե բոլոր կառույցների ղեկավարները: Երեկ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո ՀՀ նախագահի նստավայրից մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գեւորգ Կոստանյանը դատախազի պաշտոնում կմնա կարճ ժամկետով, եւ նրա համար նոր պաշտոն են նախապատրաստել` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը:Այս օրերին Գեւորգ Կոստանյանն իր աշխատասենյակից կամաց-կամաց իրերն է հավաքում:
Իսկ ի՞նչն էր ուժային կառույցներին ստիպել Կոստանյանի դեմ գործել: Պարզվում է, որ պատմությունը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ ՀՀ գլխավոր դատախազը ուժային կառույցներից մեկին ցուցում է տվել որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես մի քանի անձի ձերբակալել, սակայն ուժային կառույցի ղեկավարը թերացել է: Կոստանյանն այդ թերացման մասին տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին՝ հետաքրքիր մեկնաբանությամբ բացատրելով, թե ինչու կարող էր տապալվել այդ օպերացիան:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերջին շրջանում բավականին լարված են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հարաբերությունները Գեւորգ Կոստանյանի հետ: Դե, իսկ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած լարվածության մասին բոլորը գիտեն: Եվ երեւում է՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ Գեւորգ Կոստանյանի հարաբերությունների վատթարացումը ՀՀ գլխավոր դատախազի համար ճակատագրական դարձավ, եւ Սերժ Սարգսյանը ամիսներ շարունակ լռելուց հետո կայացրեց իր դժվար որոշումը: ՀՀ գլխավոր դատախազություն գործուղեց իր իրավաբանական հարցերով «աջ ձեռքին»:
Նշենք, որ Գեորգի Կուտոյանը տարիներ շարունակ լինելով Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական՝ զբաղվել է ուժային կառույցների փաստացի համակարգմամբ, եւ այն քրեական, դատական գործերը, որոնք Սերժ Սարգսյանի համար ունեցել են ցանկալի ելքեր, կայացվել են Գեորգի Կուտոյանի ամենակարող զանգի միջոցով, քանի որ նրա զանգը ուժային կառույցի ղեկավարի համար ընկալվում էր որպես Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգ:
Եվ հիմա Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը կարճ ժամկետով կստանձնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կտեղափոխվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ ապագա գլխավոր դատախազը Գեորգի Կուտոյանն է:
Նկատենք, որ այս քայլով Սերժ Սարգսյանը, ըստ էության, փակեց մյուս ուժային կառույցների բերանը, քանի որ նրանց դժգոհությունը տվեց իր ցանկալի արդյունքը, եւ Գեւորգ Կոստանյանը պաշտոնանկ կարվի: Սակայն ցանկալի իրավիճակ չստեղծվեց, քանի որ Գեորգի Կուտոյանը եւս իր տեսակով չոր, փոխհամաձայնության չգնացող, չշփվող տեսակ է եւ ավելի անկանխատեսելի է, քան Գեւորգ Կոստանյանը: Այսպիսով, ըստ էության, փակվեց նաեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի թեման՝ որպես դատախազի հնարավոր թեկնածուի. նա կշարունակի մնալ իր պաշտոնում:
Իսկ ի՞նչ է սպասվում Գեւորգ Կոստանյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Ըստ էության, գնալով այդ պաշտոնին՝ Կոստանյանը որոշակի չափով կորցնում է իր ազատության չափաբաժինը, քանի որ գործ ունի դատավորների հետ եւ նրանց ինչ-որ բան հրահանգելը այդքան էլ հեշտ չի լինի: Ի վերջո, դատավորներին նշանակում է նախագահը, ցմահ: Ասել է, թե Գեւորգ Կոստանյանը այդքան էլ լավ չի զգա իրեն համակարգում:
Բայց եթե Գեւորգ Կոստանյանը համագործակցի իր թիմակից Գեորգի Կուտոյանի հետ, ապա ուժային կառույցների միջեւ լարվածությունը ավելի կթեժանա: Եթե մինչ այս միայն Գեւորգ Կոստանյանն էր դիմադրում ավագ սերնդի ուժային կառույցների ղեկավարներին, ապագայում կարող է դաշնակից ունենալ:
Չի բացառվում, որ ուժային մյուս կառույցների ղեկավարները փորձեր անեն Գեորգի Կուտոյանի եւ Գեւորգ Կոստանյանի՝ այսօրվա ջերմ հարաբերություններում «սեպ խրել»: Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այսօրվա դրությամբ պետք է արձանագրենք, որ ջահելներն անտանելի են դարձել:
Քնար Մանուկյան