24-ամյա Նարինե Հարությունյանն իր ամուսնու եւ չորս երեխաների հետ ապրում է Թբիլիսյան խճուղու 3/4 հասցեում գտնվող «ԷԿՈ ԱՌ» ՓԲԸ-ի (սանմաքրման) հանրակացարանի հարեւանությամբ գտնվող նախկին պահակատանը: 10 քառակուսի մետր մակերեսով կացարանը, որտեղ բնակվում է ընտանիքը, կիսաքանդ տնակ է` կոմունալ պայմանների իսպառ բացակայությամբ:
Նարինեի ամուսինը բանվոր է աշխատել «Դավթաշեն» բնակֆոնդում, սակայն ավելի քան մեկ ամիս է, ինչ աշխատանք չունի: «Մեկ ամիս է, ինչ ամուսինս աշխատանք է փնտրում, բայց չի կարողանում գտնել: Չեմ իմանում, թե վաղն ինչ եմ եփելու ու կերակրեմ երեխաներիս: Շուտով պետք է այստեղից էլ դուրս գանք, բայց ուր գնանք՝ չգիտեմ: Գնալու տեղ չունենք»,-«Ժողովուրդ»-ին իրենց անելանելի վիճակը ներկայացրեց Նարինեն:
Ամուսինները, չկարողանալով չորս երեխաներին խնամել, նրանցից երկուսին ուղարկել են Նուբարաշենի գիշերօթիկ:
«Սկզբում աղջիկս հաճախում էր սովորական դպրոց, բայց ընթացքում գրքերի, տետրերի համար գումարներ էին հավաքում: Դպրոցական համազգեստի գումար էլ չունեինք: Էրեխեն իրեն շատ վատ էր զգում: Դրա համար էլ տարանք Նուբարաշենի գիշերօթիկ: Երեխաներիս կյանքի մեծ մասն այս ցուրտ, խոնավ տնակում է անցել, որտեղ առնետներն ազատ ելումուտ ունեն: Էրեխեքը մեծանում են, իսկ հոգսերն ավելի են շատանում… ու չկա ոչ մի տեսակի օգնություն: Այս փոքրիկ սենյակում ե՛ւ ճաշում ենք, ե՛ւ քնում»,-հուզված ձայնով նշեց Նարինեն:
Նա, արցունքները սրբելով, «Ժողովուրդ»-ին պատմեց, թե ինչքան է կարոտել իր երեխաներին. «Գիշերները մտածմունքից չեմ քնում: Մտածում եմ՝ էրեխես սառեց, թե տաք վերմակով ծածկված է, հաց կերավ, թե սոված է… չգիտեմ: Ճիշտ է, երեխաները շատ գոհ են այնտեղի պայմաններից, բայց ես ինձ վատ եմ զգում, որ իրենց կողքին չեմ: Չեմ տեսնում իրենց յուրաքանչյուր հաջողությունը: Նրանք էլ շատ են կարոտում, երբ հեռախոսով խոսում ենք, ասում են` մամա՛, ոչինչ, էդ փոքր անկյունում կարող ենք մնալ, միայն միասին լինենք»:
Մեր այցելության պահին ամուսինը տանը չէր. գնացել էր աշխատանք փնտրելու: Նարինեի ավագ՝ 8-ամյա որդին վիրահատության կարիք ունի, սակայն ծնողները դրա համար բավարար գումար չունեն: Նարինեի ամուսնու մայրն ապրում է Նուբարաշենում, եւ ամեն շաբաթ-կիրակի նա է երեխաներին պահում:
«Ձմռանը մի կերպ մնացինք այստեղ: Էրեխեքն անընդհատ հիվանդանում էին, բայց հիմա, փառք Աստծո, լավ են: Ընտանեկան նպաստ չենք ստանում, չենք օգտվում նաեւ «Փարոս» համակարգից»,-ավելացրեց չորս երեխաների մայրը:
Նարինեն 15 տարեկան է եղել, երբ առաջին անգամ տեսել է իր ամուսնուն: Այն ժամանակ նույնիսկ չի էլ մտածել, որ ապրելու է այսպիսի ծայրահեղ աղքատ պայմաններում ամուսնու եւ չորս զավակների հետ: Ամուսինների ապրելու միակ հույսը եւ ուրախությունը երեխաներն են: Նարինեն այսօրվա իշխանություններից ակնկալում է աջակցություն: Նրա խոսքով՝ իր երազածն այդքան էլ մեծ բան չէ. մի փոքրիկ բնակարան եւ ամուսնու համար աշխատանք:
ԿԻՍԱՔԱՆԴ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ