Աթենքում տեղի է ունեցել միջազգային օլիմպիական ակադեմիայի (ՄՕԱ) 12-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի (ՀԱՕԱ) պատվիրակությունը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի ղեկավարությամբ: Աթենք էին մեկնել նաեւ նշած բուհի դեկաններ Հոմբերտ Գալստյանը եւ Հարություն Բաբայանը:
71 երկրների 105 ներկայացուցիչներ քննարկել են օլիմպիական ժառանգության եւ կրթության հիմնահարցերի իրականացման ձեւերն ու միջոցները ազգային օլիմպիական ակադեմիաների աշխատանքներում: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պատվիրակության անդամ Հարություն Բաբայանը, մեր պատվիրակությունը ներկայացրել է ՀԱՕԿ-ի աջակցությամբ Հայաստանում կատարված օլիմպիական կրթության աշխատանքների վերաբերյալ ելույթ եւ փաստավավերագրական ֆիլմ. «Մենք մասնավորապես նշեցինք, որ դեռեւս մ.թ.ա. 632թ. հելլենները նպատակաուղղված ձեւով կրթում ու դաստիարակում էին մտավոր ու ֆիզիկական բարձր արժեքներով օժտված սերունդներ, եւ, ինչպես հելլենները, այնպես էլ հայերն առաջիններից են մասնակցել հին հունական օլիմպիական խաղերին, քաջատեղյակ են դրա գաղափարախոսությանն ու խաղաղարար նպատակներին»:
ՀԱՕԱ-ի պատվիրակներն իրենց ելույթում նաեւ ընդգծել են, որ հայազգի շատ մարզիկներ տարբեր երկրների դրոշի ներքո դարձել են օլիմպիական չեմպիոններ ու մրցանակակիրներ: Պարոն Բաբայանի եւ ընդհանրապես մեր պատվիրակության համար հաճելի անակնկալ է եղել Թուրքիայի ներկայացուցիչ Յումիթ Քեսիմի զեկույցն իրենց երկրում օլիմպիական շարժման վերաբերյալ: Նա խոստովանել է, որ Թուրքիայում օլիմպիական շարժումն սկսվել է ոչ թե թուրք, այլ ուրիշ ազգերի մարզիկների օլիմպիական ելույթներով ու հաղթանակներով. «Նա նշեց մասնավորապես հայազգի մարզիկներ Մկրյանի, Փափազյանի անունները եւ ցուցադրեց նրանց նկարներն ու մարզաձեւերը»:
ԹՈՒՐՔԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ