Հաճախ անտեղի ոգեւորվում ենք մեր, մեր ազգի հասցեին հնչեցված քաղցր խոսքից, իսկ երբ այդ խոսքը գրավոր է լինում, միանգամից երջանկանում ենք: Դրա վառ ապացույցը վերջին օրերին թուրք եւ ադրբեջանցի հեղինակների գրքերի քննարկումներն էին:
Նախ տեղի ունեցավ հանրաճանաչ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Թարգմանության հեղինակն ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի Մարո Մադոյան-Ալաջաջյանն է: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մասնավորապես նշեց, որ հայ գրողների մոտ այնքան էլ լավ չի ստացվում գրել Ցեղասպանության մասին. հայերի մաշկի տակ դեռ ցավ կա, եւ մենք կարծես չենք կարողանում օտարվել ու կողքից նայել 20-րդ դարի այդ մեծ աղետին: Մինչդեռ օտար գրողները շատ ավելի լավ են ներկայացնում Ցեղասպանությունը: ՀԳՄ նախագահը կարեւորեց այն փաստը, որ հեղափոխություն է կատարվել հենց թուրք ազգի մտածողության մեջ, եւ Շաֆակի վեպը դրա վառ ապացույցն է: Թարգմանության հեղինակն ասաց, որ գրքի առաջին տողերը կարդալուն պես հասկացել է, որ այն պիտի հայերեն թարգմանի: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող վեպի հրատարակումից հետո գրքի հեղինակին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածով, որն ազգային ինքնությունը վիրավորելու մասին է: Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին հիմա ապրում է Լոնդոնում:
Երկրորդ գիրքն ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի՝ Արտակ Վարդանյանի թարգմանությամբ «Քարե երազներ» վիպակն է: Խոսելով գրքի մասին` «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը մասնավորապես ասաց. «Սա այն ստեղծագործություններից է, որ կարելի է համարել արգելված գիրք Ադրբեջանում: Աքրամ Այլիսլին գիրքը հրապարակելու մեկ պատճառ է ունեցել՝ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը: Հալածանքները սկսվեցին Այլիսլիի նկատմամբ դրանից հետո, որովհետեւ հուժկու հարված կար Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական իշխանության դեմ»: Բանախոսը հավելեց, որ, ամեն դեպքում, գիրքը խիզախորեն նկարագրում է իրականությունը, այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ կոչ է` հասկանալու, ընդունելու, գնահատելու: Իսկ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն էլ նշեց, որ վեպում ճշմարտությամբ նկարագրվում է, թե ինչպես են ադրբեջանցիները հալածում հայերին: Գրքի մասին կարծիք հայտնեց նաեւ արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը. «Աքրամ Այլիսլին այս ամենն արել է իր ազգը պատմական անցյալից մաքրելու եւ իր ազգին պաշտպանելու համար»: Եվ հենց այս վերջին կարծիքն է, ամենայն հավանականությամբ, արտահայտում ադրբեջանցի գրողի` այդ գիրքը գրելու բուն նպատակը: Ու չարժե ոգեւորվել նման բացառություններով ու բթացնել զգոնությունը, երբ, առավել եւս, հարեւան երկրում շարունակում են հնչել հայատյացության, պատերազմի կոչեր, երբ սահմանին ամեն օր կրակոցներ են հնչում:
ՉԱՐԺԵ ՈԳԵՎՈՐՎԵԼ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ