ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում կնքվո՞ւմ է ամուսնության պայմանագիր: Եթե այո, ապա ինչպե՞ս են կարգավորվում ամուսինների գույքային հարաբերությունները: Տվյալ պայմանագրում նշվո՞ւմ է, թե ինչպես է տնօրինվելու նրանցից յուրաքանչյուրի գույքը, որը նրանք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում:

Սուսաննա Խանամիրյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվ. համաձայն՝ ամուսնական պայմանագիրն ամուսնացող անձանց համաձայնությունն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականություններն ամուսնության եւ այն լուծվելու ընթացքում: Նույն օրենքի 28-րդ հոդվ. համաձայն՝ այդ պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում:
Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից: Պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:
«Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ: Նրանք իրավունք ունեն պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր:
Պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին»:

«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն ամուսինները, որոնք ցանկանում են կնքել ամուսնության պայմանագիր, պետք է հետեւեն օրենքի յուրաքանչյուր կետին՝ ավելի ստույգ իմանալու իրենց իրավունքներն ու պարտականությունները:




Լրահոս