Լարսի հարցում «սայլը տեղից չի շարժվում». ահազանգերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հաճախ է քաղաքացիներից դժգոհություններ ստանում այն մասին, որ Վերին Լարսի անցակետում մշտապես խցանումներ են լինում, որոնց արդյունքում իրենք ստիպված են լինում ժամերով, նույնիսկ օրերով սպասել: Իսկ օրերս «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները պատմեցին, որ իրենք Վերին Լարսի անցակետում մոտ 5 օր հերթ են կանգնել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մշտապես բանակցում է ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Վրաստանի իր գործընկերների հետ, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, «Ժողովուրդ»-ը մշտապես դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ իրենք օրերով հերթ են կանգնում Վերին Լարսի անցակետում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղյա՞կ է, թե որն է այդ խցանումների պատճառը, եւ ինչ քայլեր եք ձեռնարկում իրավիճակի շտկման ուղղությամբ:

-Նախարարությունը ահազանգեր ստանում է, բայց այս պահին դրանք բավականին քիչ են: Նայած թե որտեղ է կուտակում գոյացած լինում, եւ այն ինչ բնույթի է, ըստ այդմ էլ՝ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում:

-Այնուամենայնիվ, այս հարցում ո՞րն է տրանսպորտի եւ կապի նախարարության դերը:

– Նշեմ, որ դա երկու այլ երկրներ կապող ճանապարհահատված է, ՀՀ-ի համար համարվում է տարանցիկ ճանապարհ: Ավելին՝ ցամաքային միակ կենսական նշանակության ճանապարհն է, որը Հայաստանին կապում է ՌԴ-ի եւ դեպի Եվրոպա գնացող այլ պետությունների հետ: Պետք է ի սկզբանե ֆիքսել, որ այդ ճանապարհը երկու այլ պետությունների միացնող ճանապարհ է, սահմանային անցակետ: Մենք բավականին քայլեր ենք կատարել, միջոցառումներ, բանակցություններ են անցկացվել ինչպես Վրաստանի, այնպես էլ ՌԴ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս բացառենք հերթերը եւ այլ կուտակումները: Վերջին անգամ՝ հունվարի 14-ին, Վերին Լարս սահմանային անցակետում հանդիպում է եղել ՀՀ-ի պատվիրակության եւ ՌԴ-ի տրանսպորտի նախարարի տեղակալի հետ: Քննարկումներ եղան, թե ինչպես անել, որ անցակետը առավել արդյունավետ գործի, եւ ճանապարհահատվածում կուտակումները բացառվեն: Քննարկումների արդյունքում որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:

-Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում, իսկ անցակետում կուտակումներն ու հերթերը անվերջ են:

-Մասնավորապես մենք խնդիր ենք բարձրացրել՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, որ ՀՀ-ն առավելություն ունենա սահմանային անցակետում անցնելուց եւ առանձին անցուղի ունենա: Այդ պրակտիկան ԵՏՄ անդամ պետություններում կա: Այդ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, դրանք ավելի բարձր մակարդակներով են քննարկվում, որպեսզի սահմանային անցակետի աշխատանքային արդյունավետությունը բարձրացվի:

-Այժմ ի՞նչ իրավիճակ է՝ ճանապարհը կրկին փա՞կ է:

-Այնտեղ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ տեղանքը բավականին բարդ է, ձմռան ամիսների ընթացքում պարբերաբար հնարավոր է՝ այն փակվի: Հենց այսօր (երեկ-Ս.Հ.) ստացած տեղեկատվության համաձայն՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար ճանապարհը փակ է: Բաց է թեթեւ մարդատար մեքենաների համար, այն էլ համապատասխան անվադողեր ունեցող:

-Արդյո՞ք վրացական կողմը տեղյակ է խնդրին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու համար:

-Այո՛, երկու կողմի հետ էլ մենք բանակցում ենք՝ ե՛ւ Վրաստանի, ե՛ւ ՌԴ-ի հետ: Երկու կողմն էլ պատրաստ է մեզ աջակցել եւ անել հնարավորինս: Նորից եմ կրկնում՝ մենք առանձին անցուղի ենք փորձում ձեւավորել: Ավելին՝ նախատեսվում է էլեկտրոնային հերթերի մեխանիզմ ձեւավորել, այսինքն՝ մարդը դեռ ճանապարհորդություն չսկսած կարող է հերթագրվել եւ տեղեկանալ, թե ե՞րբ եւ ո՞ր անցակետից կարող է ստանալ:

-Այս ծրագրերը ե՞րբ իրականություն կդառնան:

-Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի երկու այլ պետություններ միացնող ճանապարհը եւ սահմանային անցակետերով փոխանցումները մեր քաղաքացիների, ուղեւորների համար առավել արդյունավետ կազմակերպենք: Մենք հույս ունենք, որ առանձին անցուղին շուտ կլինի այս տարվա մեջ:

-Պարո՛ն Մելքոնյան, վրացական կողմը նախկինում խոսում էր այլընտրանքային լուծում գտնելու մասին, արծարծվում էր թունել կառուցելու հարցը, այժմ ի՞նչ լուծում է հնարավոր, որպեսզի Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ից բեռնափոխադրումները կաթվածահար չլինեն:

-Այս պահին նման հարց չի քննարկվում:

-Տեսակետ կա, որ երբ ՌԴ-ի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական դրդապատճառներով լարվում են, դա իր բացասական ազդեցությունն է թողնում Վերին Լարսի անցակետով անցնող հայ քաղաքացիների վրա: Չե՞ք կարծում, որ Լարսի անցակետում գոյացած հերթերը նաեւ քաղաքական պատճառներով են: Չէ որ մեր քաղաքացիները շատ հաճախ դժգոհում են նաեւ անցակետի աշխատակիցների կոպիտ սպասարկումից:

-Քաղաքական խնդիրներ, կարող է, կան, բայց նկատի ունենալով, որ ՀՀ-ն երկու երկրների հետ էլ շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ է, ապա երկուսն էլ մեր տրանսպորտային միջոցների կամ մեր փոխադրումների համար, անկախ իրենց հարաբերություններից, որեւէ խոչընդոտ չեն ստեղծում:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս