ԲՀԿ-ում իրավիճակը կրկին սրվել է. Նաիրա Զոհրաբյանի դեմ կուսակցության ներսում սկսել են աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որն անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, եւ ներկա ԲՀԿ-ական երկու տասնյակից ավել պատգամավորները համառորեն պնդել են՝ անհրաժեշտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս ՀՀԿ-ին առաջարկի իր հետ իշխանական կոալիցիա ձեւավորել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նիստի ընթացքում միայն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է դեմ արտահայտվել կոալիցիա կազմելուն: Իսկ մյուս ԲՀԿ-ականները պնդել են, որ եթե իշխանության հետ կոալիցիա չձեւավորեն, ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում փաստի առջեւ են կանգնելու. մասնավորապես ունենալու են ձայները ապահովելու եւ լուսանցքում չհայտնվելու խնդիր: ԲՀԿ-ականների կարծիքով նրանք այլեւս չեն ընկալվում որպես ընդդիմադիր կուսակցություն, եւ եթե իշխանության հետ չհամագործակցեն, ապա անհասկանալի կարգավիճակում կմնան:

Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի շարք ԲՀԿ-ականներ որոշել են Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության հարցը բարձրացնել, անգամ պատրաստ են դիմել ԲՀԿ ներկայիս հովանավոր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԲՀԿ-ի քաղաքական հայր Սերժ Սարգսյանին: Թե ինչով կհանգուցալուծվի ԲՀԿ-ի ներսում ընթացող հակամարտությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ Նաիրա Զոհրաբյանի դեմ կուսակցության ներսում սկսել են աշխատել:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, որքան տեղյակ ենք՝ նախօրեին ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, եւ կրքերը բավականին թեժ են եղել: Նշվում է, որ անձամբ Դուք ընդդիմացել եք կոալիցիա կազմելու գաղափարին, ինչը հարուցել է Ձեր կուսակցական ընկերների դժգոհությունը: Արդյո՞ք դա այդպես է:

-Ո՛չ, երեկ որեւէ հատուկ խորհրդակցություն տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն քառօրյայի բոլոր օրերին ժամը 11-ին խմբակցության նիստ է անում` քննարկելով օրակարգի եւ բազմաթիվ այլ հարցեր: Ի թիվս այլ հարցերի նաեւ որոշակի անդրադարձ է եղել մեր խմբակցության որոշ գործընկերների կողմից հնարավոր համագործակցության ֆորմատներին: Քննարկումը տեւել է շատ կարճ: ԲՀԿ-ին ընդհանրապես որեւէ առաջարկ չի եղել կոալիցիա կազմելու մասով, ուստի բացարձակապես աննպատակահարմար է քննարկել մի բան, որը գոյություն չունի: Իհարկե, գաղտնիք չէ, որ մեր որոշ գործընկերներ նպատակահարմար են գտել, որ շատ արդյունավետ կլիներ այս փուլում՝ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ, համագործակցության տարբերակը: ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է: Կարող են լինել տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, այդպես բովանդակային առումով որեւէ քննարկում կոալիցիայի վերաբերյալ չի եղել, որովհետեւ նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա: ԲՀԿ-ն գնում է, պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

-Այնուամենայնիվ, կոալիցիա կազմելու հնարավորությունն առաջիկայում բացառո՞ւմ եք:

-Ես դա բացառում եմ. մինչեւ 2017 թվականը ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա չկա, եւ մենք, ես անձամբ չեմ տեսնում մեկ տարվա կոալիցիայի արդյուանվետությունը: Արդյունավետությունը ինձ համար հասկանալի չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական դաշտը հստակ կլինի, պարզ կլինի, նոր քաղաքական դերակատարները կերեւան, իսկ ես վստահ եմ, որ քաղաքական նոր խճապատկեր ենք մենք ունենալու, այդ ժամանակ նոր իմաստ կունենա խոսել հնարավոր որեւէ համագործակցության մասին:

-Սակայն ԲՀԿ-ականների մեծ մասը կողմ է իշխանության հետ կոալիցիա ձեւավորելուն: Ինչո՞ւ են նրանք համառորեն ցանկանում իշխանության հետ միեւնույն ճանապարհով գնալ:

-Նրանք գտնում են, որ այդպես ավելի արդյունավետ կլինի իրականացնել կուսակցության ծրագրերը: Դա եւս տեսակետ է, դա եւս մոտեցում է: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերների այդ մոտեցմանը: Բայց ես ունեմ իմ մոտեցումը, իմ տեսակետը եւ ես հույս ունեմ, որ իմ գործընկերները եւս նույնպիսի հարգանքով են վերաբերվում իմ մոտեցմանը:

-Տիկի՛ն Զոհրաբյան, մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ականներից շատերը որոշել են խորհրդարանում Ձեր պաշտոնանկության հարցը բարձրացնել, անգամ պատրաստ են դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Սերժ Սարգսյանին: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Առաջին անգամ եմ լսում նման դժգոհության մասին, բայց եթե անգամ նման դժգոհություն կա, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ինձ պաշտոնանկ անելու համար պետք է դիմեն ՀՀ նախագահին կամ ՀՀ վարչապետին: Կուսակցության մասին օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ, որքան ես տեղյակ եմ, բացարձակապես այլ ընթացակարգեր են նախատեսված:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս