Դեռևս 2014 թվականի հունվարի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծեծի դեպք էր գրանցվել, որը հետագայում որակվեց որպես սպանության փորձ: Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Հովնան Խաչատրյանը փորձել է սպանել իր ծանոթ Գրիգոր Մելիքսեթյանին: Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովնան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ արդեն հիշատակված օրն իրեն է դիմել իր ծանոթ Ս. Անտոնյանը և հայտնել, որ հեռախոսազրույցի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանն իր հասցեին տվել է հայհոյանքներ:
Հ. Խաչատրյանը հեռախոսազրույց է ունեցել Գ. Մելիքսեթյանի հետ, որից հետո Ա. Էլոյանի և Ա. Սևլիկյանի հետ գնացել է Մելիքսեթյանի մոտ, վիճաբանել նրա հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել է Մելիքսեթյանին՝ պատճառելով առողջությանը ծանր մարմնական վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Մոտ երկու տարի ձգվող դատական քննությունն այսօր ավարտվեց, և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, որով Հովնան Խաչատրյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 9 ամիս ժամկետով, մինչդեռ մեղադրող դատախազը միջնորդել էր 4 տարվա ազատազրկում:
Եվ սա այն դեպքում, երբ գործով ներգրավված տուժողը չի ընդունում, որ իրեն ծեծել են, իրեն տուժող չի համարում և պնդում է, որ նախաքննական մարմնին բազմիցս ասել է այդ մասին, սակայն իր դիմումը չի ընդունվել: Նշենք, որ դատաքննության ընթացքում ևս Գրիգոր Մելիքսեթյանը բազմիցս պնդել է, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի մեղադրյալի հետ, նրա հետ պարզապես մեկ անգամ վիճաբանություն է ունեցել, որի ընթացքում Հովնան Խաչատրյանն իրեն երկու ապտակ է հասցրել. այսքանով ամեն բան ավարտվել է: Իսկ Հ. Խաչատրյանի դեմ ցուցմունք տվել է Գրիգոր Մելիքսեթյանի հոգեպես անառողջ կինը:
Այս ամենը՝ տուժողի ներկայացմամբ: Իսկ ահա մեղադրյալի պաշտպան Սուրեն Մնացականյանը մեր հարցին՝ ինչպես կգնահատի դատավորի կայացրած վճիռը, պատասխանեց, թե պետք է որոշումը ստանա, հետո միայն կարծիք հայտնի: Պաշտպանը չհայտնեց նաև՝ վճիռը կբողոքարկվի, թե` ոչ:
Առաջին հայացքից հեշտ լուծվող հարցը, կարծես, անլուծելի է դարձել. տուժողը բողոք չունի, մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում, վկաներն էլ դատարանում հայտնում են, որ ծեծ չի եղել: Մինչդեռ վճիռ կայացնելիս դատարանը հաշվի չառավ ոչ միայն նշված հանգամանքները, այլև այն, որ մեղադրյալ Հովնան Խաչատրյանն ունի հաշմանդամության կարգ, խնամքին մեկ անձ, ազատամարտիկ է, պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Թերևս, խնդիրն այն է, որ ի սկզբանե ծեծի հատկանիշներով հարուցված գործը, երբ հետագայում վերաորակվեց առողջությանը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշի, Հ. Խաչատրյանի համար շատ ավելի դժվար դարձավ անմեղությունն ապացուցելը:
Հ. Գ. Այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ առևանգված, ապա դաժան ծեծի ենթարկված «Էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանը հետ է վերցրել իր բողոքը՝ հայտարարելով, թե հաշտվել է ՀՖՖ նախագահի հետ, քրեական գործը կարճվեց: Իհարկե, ակնհայտ է, որ այս դեպքի հանգուցալուծումը սպասված էր այնքանով, որ կար շահերի բախում. բողոքը հետ վերցնելու դիմաց Արսեն Ավետիսյանը շահեց:
Դե, իսկ շարքային մահկանացուների դեպքում պլան լրացնելու համար պետք էր խիստ իրավական մարմին ձևանալ… բոլորը չէ, որ կարող են Ռուբեն Հայրապետյանի և Արսեն Ավետիսյանի հնարավորություններն ունենալ: