Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել՝ փաստելով, որ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, այդուհանդերձ, դեռեւս անբավարար է: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման համար իրական խոչընդոտներ չկան, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու տնտեսական, առեւտրային եւ մշակութային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:
Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ կանի հնարավորը հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւերին, որոնք, նրա գնահատմամբ, խեղաթյուրում էին իրականությունը եւ արգելակում ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը՝ թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով բանաձեւը քվեարկությամբ չընդունվեց շնորհիվ ԵԽԽՎ այն պատգամավորների, որոնք քվեարկեցին հանուն արդարության: «Այդ բանաձեւը պարունակում էր լուրջ վտանգ, քանի որ այն անթույլատրելի փորձ էր Ադրբեջանի եւ իր համախոհների կողմից՝ այլ զուգահեռ հարթակներ տեղափոխելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը»,- ասել է պարոն Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ հարթակը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նույնպես կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը կրթական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հայ-բրիտանական փոխգործակցության խորացման առումով դեսպանն արժեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը ողջունել է խորհրդարանական կառավարմանն անցնելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումը: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայ զեկույցի վերաբերյալ տիկին Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ անհատի զեկույցը չի արտացոլում կառավարության քաղաքականությունը եւ հավելել, որ Մեծ Բրիտանիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: