Ով է փորում փոխնախարարի ոտքի տակը. Պավել Սաֆարյանի հայտարարությունը վատ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 2 շաբաթ առաջ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է շուրջ 80 մլրդ. դրամով:
Հետաքրքիր է, որ հենց վերջին օրերին Պավել Սաֆարյանի այս հայտարարությունը սկսել է ակտիվորեն տարածվել՝ տարաբնույթ մեկնաբանություններով: «Ժողովուրդը» Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից փորձեց ճշտել այդ տեղեկությունները:

-Պարո՛ն Սաֆարյան, հայտարարել էիք, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է մոտ 80 մլրդ. դրամով: Արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկատվությունը:

-Այո՛, ես նման հայտարարություն արել եմ եւ ասեմ Ձեզ, որ դա պետական գաղտնիք չէ, պաշտոնական տեղեկատվություն է, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է: Ոլորտի պատասխանատու բազմաթիվ մարդիկ պետք է խոսեն դրա մասին, այդ եկամուտների թիվը դեռ պետք է ճշտվի, կառավարությունը պետք է հաշվետվություն տա: Վառ երեւակայություն պետք է մարդ ունենա, որ շահարկի իմ այդ հրապարակումը: Ամեն տարի ես խոսում եմ այդ թվի մասին, դա խեղաթյուրված թիվ չի, դա պարզապես նախնական տեղեկատվություն է: Ի դեպ, ես ասել եմ, որ սա նախնական թիվ է, որը վերջնական պաշտոնապես կհրապարակվի մայիսին:

-Պարո՛ն Սաֆարյան, իսկ հնարավո՞ր է՝ այդ թիվը փոփոխվի:

-Այո՛, հնարավոր է՝ աճի կամ նվազի, սակայն ոչ էականորեն: Վերջնական հրապարակումը կլինի մայիսին, երբ կառավարությունը հաշվետվություն կներկայացնի Ազգային ժողովին:

-Ձեր այդ հայտարարությունը հատկապես վերջին օրերին տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ, անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ այն դժգոհություններ է առաջացրել իշխանական վերնախավում: Արդյո՞ք կա նման բան:

-Ո՛չ, նման բան չկա: Ես իմ գործն եմ արել, տեղեկություն եմ հրապարակել, որն ամեն տարի պաշտոնապես հրապարակվում է, դա իմ աշխատանքային պարտականությունն է:

-Ի դեպ, նշվեց, որ Դուք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ մարդկանցից մեկն եք, հնարավո՞ր է, որ Ձեր անձի շուրջ վերջերս տարածվող խոսակցությունների հիմքը հենց դա է:

-Ես մոտ 25 տարի արդեն աշխատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, բոլոր նախագահների օրոք, աշխատել եմ բոլոր վարչապետների հետ, բոլոր կառավարություններում: Դուք կարող եք ասել՝ այս դեպքում ես կարո՞ղ եմ լինել ինչ-որ մեկի մարդը: Ես երբեւէ հովանավորության կարիք չեմ ունեցել, քանի որ աշխատանքի ընթացքում մշտապես գործել եմ իմ գործառույթների շրջանակում եւ փորձել եմ պրոֆեսիոնալ կատարել իմ աշխատանքը, ես իմ ոլորտի մասնագետ եմ եւ, ի վերջո, պետական պաշտոնյա եմ:

-Խոսակցություններ են տարածվում, որ հնարավոր է՝ պաշտոնի փոփոխություն ունենաք կամ աշխատանքից ազատվեք:

-Փաստորեն արդեն նման տեղեկություններ են տարածվում, ո՛չ, չկա նման բան: Այսինքն՝ ինչու պետք է ազատվեմ, եթե բյուջեի թիվ եմ հրապարակել, ինչն ամեն տարի արվում է, դրա համար պետք է ազատվե՞մ աշխատանքից: Նորից եմ կրկնում՝ դա մի թիվ է, որը պաշտոնական հրապարակման ենթակա թիվ է, եւ ես ամեն տարի ամենաքիչը 2 անգամ պետական բյուջեի թվեր եմ հրապարակում, դա իմ գործն է: Եվ ասեմ, որ անկախ տարաբնույթ խոսակցություններից` շարունակելու եմ կատարել իմ գործը եւ հանրությանը տեղեկություններ տրամադրել պետական բյուջեի մասին:

Հ.Գ. Բավականին հետաքրքիր է, թե ինչու հենց այս շրջանում են ակտիվորեն տարածվում պարոն Սաֆարյանի շուրջ խոսակցությունները: Ի վերջո, այն հազվագյուտ պետական պաշտոնյաններից է, որ երբեւէ «աթոռի» համար կռիվ չի տվել, այլ եղել է համակարգի չարքաշ աշխատողը:

Տաթև Հարությունյան




Լրահոս