Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանային խնդիր է լուծվել ևս երկու ընտանիքի համար: Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցության արդյունքում՝ ավարտին է հասցվել կիսակառույց մեկ տան շինարարություն և մեկ տանիքի վերանորոգում: Բնակարանաշինության ծրագրով շինարարական աշխատանքների կազմակերպումը դարձյալ ստանձնել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:
Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Խաչիկ համայնք՝ ընտանիքների հետ բնակարանամուտի բերկրանքը կիսելու համար:
Կուրեխյանների ընտանիքն ամիսներ առաջ ապրել է 4-րդ կարգի վթարային տանը, որը վերանորոգման ենթակա չի եղել: Ավելին, առկա է եղել ամեն վայրկյան դրա փլուզման վտանգը: Ընտանիքը 4 տարի առաջ նոր տան շինարարություն է սկսել, սակայն կառուցել է միայն պատերն ու ծածկը: Կիսակառույցն ավարտին հասցնելու հարցում անհրաժեշտ է եղել աջակցություն, որը դրսևորվել է: Այժմ ամեն ինչ այլ է. ընտանիքը զգում է բարի կամքի դրսևորման հրաշագործ ուժը:
«Մեր գյուղը սահմանին է և, ինչ որ տեղ, մենք սովորել ենք ապրել վտանգի զգացումով: Առավել քան սարսափելի է, սակայն այն, երբ գիտակցում ես, որ ոչ թե թշնամին, այլ քո սեփական տունը կարող է վտանգել ընտանիքիդ կյանքը: Իմ ընտանիքը մեկն էր նրանցից, որն ապրում էր 4-րդ կարգի վթարային կացարանում: Մեծ մարդու մեծ աջակցության շնորհիվ՝ մենք այսօր ոչ միայն ապահով, այլև բարեկարգ ու հարմարավետ տուն ունենք: Անկեղծ ասած՝ անակնկալ չէր. հավատում էինք, որ պարոն Յիրիկյանն անտարբեր չի մնա: Աստված օրհնի նրան ու իր ընտանիքը»,-ասել է Կուրեխյանների ընտանիքի հայրը՝ Կամոն:
Կուրեխյանների հարևանությամբ բնակվող Հովհաննիսյանների համար էլ անցած տարին բարեբեր է եղել. Ռալֆ Յիրիկյանի աջակցության շնորհիվ, ընտանիքին հաջողվել է նորոգել ազբեստե հնամաշ տանիքը, որն ամբողջովին քայքայվել էր, անձրևն ու ձնհալի ջրերն էլ քայքայում էին տունը:
«Կան մարդիկ, ովքեր իրենց էությամբ՝ աշխատանքում, ընտանիքում, առօրյայում, ամեն վայրկյան ցույց են տալիս մարդասեր լինելու դասական օրինակը: Անհնար է Ռալֆ Յիրիկյանին պատկերացնել առանց որևէ մեկին աջակցելու: Իմ ու ընտանիքիս անունից մեր երախտիքի խոսքն եմ ուզում ասել նրան ու իր ընտանիքին՝ մեզ օգնության ձեռք մեկնելու համար»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Վարդանը:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: