ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍՈՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի մահանալու ու եւս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով: Գործը հարուցվել է հունիսի 2-ին ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Բուդաղյանը պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ է, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին: Նախաքննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք: Հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ Զարզանդ Նիկողոսյանը եւ Տիգրան Խաչատրյանը (Սյունիքի մարզպետի թիկնապահն ու որդին): Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին:
-Պարո՛ն Կոստանյան, գործի առնչությամբ այժմ փաստական ի՞նչ հանգամանքներ են հայտնի զինդատախազությանը:
-Ինֆորմացիան արդեն մեր հաղորդագրության մեջ տվել ենք, այսինքն` դեպքի հնարավոր նկարագրության մասով ներկայացվել է այնքան, ինչքան որ թույլ է տալիս նախաքննության գաղտնիության սկզբունքը: Այս պահի դրությամբ ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվում, եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան: Այսքանը:
-Տեղեկություններ կան, որ միջադեպի ամբողջ ընթացքը Ս. Խաչատրյանի առանձնատան անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, դրանք գործում առկա՞ են: Խնդրում եմ նշել նաեւ, թե կոնկրետ ինչ ապացույցներ ունեք՝ գործի հետ կապված:
-Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա անձանց նկատմամբ հարուցել եւ հարուցում ենք քրեական հետապնդում:
-Իսկ Ձեր նշած այդ բազմաթիվ ապացույցներում կա՞ն այնպիսիք, որոնք փաստում են, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը եւս մասնակցել է միջադեպին ու կրակել մասնակիցներին:
-Նախ` այդպիսի բան չկա, երկրորդն էլ` ես արդեն ասացի` ապացույցներ ունենք այնքան, որքան որ հիմնավորում է կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունը: Այնպիսի ապացուցողական բազա, որը ձեռք կբերվի հետագայում, ու որը  հնարավորություն կտա այլ անձանց նկատմամբ եւս հարուցել քրեական հետապնդում, վստա՛հ եղեք, որ ցանկացած անձ ենթարկվելու է քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
-Շրջանառվող տեղեկությունները հակասական են, քանի որ նախ` Ս. Խաչատրյանը հայտարարեց, թե ինքը քնած է եղել ու տեղյակ չի եղել միջադեպից, իսկ ավելի ուշ  հակառակը հավաստող տեղեկություններ սկսեցին շրջանառվել: Որպես իրազեկ եւ իրավասու անձ` խնդրում եմ նշեք՝ ի վերջո, որքանով է մարզպետը միջադեպին առնչվում:
-Ես չգիտեմ, թե ինչ ինֆորմացիա է շրջանառվում եւ անընդհատ փոփոխվում, դրանք շահարկման արդյունքում են: Այն ինֆորմացիան, որը մենք տվել ենք մեր հաղորդագրության մեջ, չի փոփոխվում: Բոլոր այն հանգամանքները, որոնց վերաբերյալ մենք  հաղորդագրություն ենք տարածել, փաստված են: Որեւէ այլ հանգամանք, որը գործով ի հայտ կգա, կամ առայժմ դրա մասին տեղեկատվություն չկա, նշանակում է, որ բավարար հիմքեր չկան: Տեղեկատվությունը, թե սա ասաց սենց, սա` այսպես, ես չեմ կարող մեկնաբանել: Ես մեկնաբանում եմ փաստերը:
-Վիրավորների մեջ է նաեւ ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարը, ի վերջո, պարզվե՞լ է, թե ինչու է նա այդ պահին եղել դեպքի վայրում…
-Գործով բոլոր հանգամանքները պարզվել են եւ պարզվում են, հիմա հստակեցման եւ կոնկրետ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված ապացույցների համադրման եւ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ընթացքն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս