ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուս կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հատկապես «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացման համատեքստում այս հանդիպումը բավական ուշագրավ է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ-ում արված հայտարարությունների զգալի մասը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում պարզապես չկա: Ի՞նչ են թաքցնում:
Տ.Սարգսյան-Դ.Մեդվեդեւ հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները միմյանցից բավական տարբերվում են, ընդ որում տարբերությունները էական են: Ըստ ՌԴ կառավարության հաղորդագրության, Դ.Մեդվեդեւը, ողջունելով Տ.Սարգսյանին, ասել է, թե իրենք քննարկել են Մաքսային միության եւ ընդհանրապես ինտեգրացիոն պրոցեսները: «Հայաստանը, ընդհանուր առմամբ, ուզում է դրան մասնակցել: Մեզ համար եւս դա կարեւոր է»,-ասել է Մեդվեդեւը, իսկ Տ.Սարգսյանն ի պատասխան նշել է. «Մեր դիրքորոշումը հստակ է. այստեղ երկմտություն չի կարող լինել, եւ մեր նախագահները եւս այդ թեման քննարկել են: Հիմա արդեն ամեն ինչ պետք է որոշել տեխնիկական առումով, թե ինչպիսի տեմպերով, ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ»: ՌԴ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Տ.Սարգսյանը նաեւ նշել է, թե տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ իրենք քննարկել են երկկողմ հուշագրի ստորագրման հարցը: «Մենք պետք է շտապ պատրաստենք (Մասքային միությանն անդամակցելու մասին-Ա.Գ.) հուշագիրը, համաձայնեցնենք նախագահների հետ ու ստորագրենք»,-ասել է ՀՀ վարչապետը:
Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «Անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին եւ դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձեւաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաեւ երկկողմ հուշագրի ստորագրման հարցը»: Այսինքն` ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ որեւէ բառ չկա Մաքսային միությանն անդամակցելու հուշագիրը շտապ պատրաստելու եւ ստորագրման ներկայացնելու մասին: Թե ինչու է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունն այս հարցում «լռում», դժվար չէ ենթադրել. ընդամենը մեկ տարի առաջ ՀՀ-ի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը ՀՀ անդամագրվելու հարցին. այդ մասին նա հայտարարել է բազմիցս: Օրինակ՝ 2012թ. ապրիլին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ… Մաքսային միությունը մեզ համար չի հանդիսանում այնպիսի գործիք, որը պետք է եկամտաբեր լինի տնտեսվարող սուբյեկտների համար»: Նույն միտքը նա կրկնել է 2012թ. նոյեմբերին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, իսկ այս տարվա փետրվարին «Մոսկովսկիյե նովոստի» թերթին տված հարցազրույցում Տ.Սարգսյանը լրացուցիչ փաստարկներ է բերել` հիմնավորելու, թե ինչու է դեմ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամագրվելուն. «Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից… Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»:
Բայց, ինչպես տեսնում եք, վերջին շրջանում մտածողության մեջ հեղափոխություն կատարելու մասին պարբերաբար հայտարարող Տիգրան Սարգսյանի մոտ իրոք մտածողության հեղափոխություն է կատարվել: Մաքսային միության դեմ խոսող վարչապետը հիմա խոսում է շտապ համաձայնագիր պատրաստելու մասին:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, թե ինչպես է ՀՀ վարչապետի մտածողության մեջ հեղափոխություն կատարվել. «Կողմերն անդրադարձել են նաեւ գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռեւս կշարունակվեն»: Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանը ռուսներից հերթական անգամ փող է խնդրել, եւ վերջիններս էլ խոստացել են քննարկել ՀՀ-ին գրանտ տրամադրելու հարցը, որով ՀՀ կառավարությունը կփորձի մեղմել գազի սակագնի բարձրացման բեռը: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ինչ չի անի փողը, կանի շատ փողը»:
Ի դեպ, ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ որեւէ բառ չկա ՀՀ եւ ՌԴ վարչապետերի միջեւ գազի սակագնի վերաբերյալ քննարկումների եւ ՀՀ-ին տրամադրվելիք գրանտի մասին: Թե ինչու, դա էլ միգուցե ՌԴ կառավարությունը մեկնաբանի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս