ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈԼԱՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԱՃ
ԿԲ տեղեկացմամբ` մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.4 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարովը՝ 39.4 մլն ԱՄՆ դոլար: Դրամային վարկերի ծավալը նախորդ շաբաթվա ցուցանիշը գերազանցել է 2 մլրդ դրամով կամ 5.7%-ով, իսկ դոլարային վարկերի ծավալը՝ 12 մլն դոլարով կամ 30%-ով։ Այսպիսով` առկա է դոլարային վարկերի աճ, ինչը անուղղակիորեն վկայում է այն մասին, որ բանկերը կանխատեսում են դրամի հետագա արժեզրկում։

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱԴԱՍՏՐԻ
Գյումրու քաղաքապետարանը բացահայտել  է, որ  Երկաթուղիների փողոցի 51/1, 51/2, 51/3 տարածքների գործառնական նշանակությունը Գյումրու կադաստրի կողմից ինքնակամ փոխվել է` հասարակականից դառնալով արտադրական, ինչի պատճառով վերանայվել է գույքահարկը եւ նվազեցվել: Բացի այդ, դա հիմք է հանդիսացել, որ կադաստրի կողմից, առանց համայնքի թույլտվության, տվյալ տարածքն օտարվի անհատույց: Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը «Լուրեր»-ին ասել է, որ այդ  տարածքն օտարելու վերաբերյալ ավագանու որոշում չկա: Գործի հետ կապված համապատասխան գրություններն ապրիլի 17-ին ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն:

ՊԵՏՔ Է ԴԱՏԵԼ
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նախօրեին հայտարարել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինաշխատանքներում արձանագրվել են խայտառակ խախտումներ. «Ճանապարհի հիմքում 3 սմ քարեր օգտագործելու փոխարեն 30 սմ քարեր են օգտագործվել, տեխնիկական վերահսկող ընկերությունը չի իրականացրել իր լիազորությունները: Ջրահեռացման մասով ոչ թե ջրահեռացում են արել, այլ ջրագոյացում, կամուրջն ուժեղացնելու հետ կապված բացարձակ անորակ աշխատանք է իրականացվել, եւ դա երեւում է առանց որեւէ լաբորատոր հետազոտության»: Ի. Զաքարյանն այս մասին զեկուցել է ՀՀ նախագահին, արդյունքում՝ ծրագրերի իրականացման տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:

ՕՁԸ` ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Հունիսի 3-ին՝ ժամը 14:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարար ջոկատը: Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

ԱՌԱՋԱՐԿԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ
Երեւանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երեւանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:

ՔՆՆԻՉԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
ՀՀ քաղաքացի Ժաննա Զաքարյանին ծեծելու մեջ մեղադրվող իրանցի Հասան Աբոլֆազլ Ղոլամ Դոլաթխահը անարգել կերպով հեռացել է Հայաստանից՝ չնայած այն բանին, որ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական հերթական նիստում դատավոր Մխիթար Պապոյանն ապշել է, երբ իմացել է, որ ամբաստանյալը Հայաստանում չէ: Նրա նկատմամբ հենց դատարանում հայտարարվել է հետախուզում: Ուշագրավ է, որ քննչական մարմինները մեղադրյալից չեն վերցրել նրա անձնագիրը, ինչի շնորհիվ նա վերադարձել է Իրան:




Լրահոս