Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի առաջին նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Ըստ օրակարգի քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները, ներկայացնելով իրենց կարծիքներն ու առաջարկությունները, նշել են, որ ուսումնասիրելով ընթացիկ տարվա ծրագիրը` եկել են այն եզրակացության, որ այն կազմվել է նախորդ տարիների ծրագրերի շարունակականության սկզբունքով, սակայն 2016-ի ծրագրում մի շարք նոր գաղափարներ ու նախաձեռնություններ են ներառվել: Այդ առումով ծրագիրը որակվել է որպես արդյունավետ ու միտված հատուկ կարիքներով մարդկանց կյանքի պայմանների էլ ավելի բարելավմանը: Խոսելով ծրագրի դրույթների մասին՝ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի և հանձնաժողովի համատեղ կյանքի կոչված ծրագրերն իսկապես շարունակական կլինեն ու նաև միտված նոր գաղափարների իրագործմանը:
Այս տարի ևս սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածության ծրագրերում առաջնահերթության կարգով կներառվեն հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանն առաջարկել է «2016 թվականը հավասար հնարավորությունների տարվա» շրջանակում քաղաքային ծրագրից դուրս հանդես գալ մեկ այլ նախաձեռնությամբ`ի նպաստ ոլորտի շահառուների: Քաղաքապետի առաջին տեղակալը համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է համագործակցել առաջարկի շուրջ և ներկայացնել միջոցառման ձևաչափ, որում պարտադիր հաշվի կառնվեն մշակութային, սոցիալական և հոգևոր բաղադրիչները:
Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պետերին էլ հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հետ: Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի ծրագիրը հաստատվել է միաձայն: Ծրագիրը կներկայացվի Երևանի քաղաքապետի վավերացմանը: