«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետբյուջեի հաշվին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գրասենյակը վարձակալելու համար տարեկան վճարում է 9 մլն 600 հզ. դրամ: Այսինքն՝ ամսական վարձավճարը կազմում է 800 հզ. դրամ:
Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն տարածք է վարձակալում հայտնի քանդարար Սամվել Մայրապետյանից: Վարձակալը՝ այս դեպքում Ս. Մայրապետյանը, ամսական 800 հզ. դրամի դիմաց դեռեւս 2010թ.-ից վարձակալին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող Աբովյան 8-ի 1/6 հասցեում գտվող 177,4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը ՀՀ նախկին փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանի սանիկն է: Վերջինս մինչեւ 2008-ը զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ 2008-ից մինչեւ 2014թ. պաշտոնավարեց որպես փոխվարչապետ եւ նախարար: