Արման Թաթոյանի ամենաէական «առավելությունը» Միքայել Մինասյանի հովանավորյալ լինելն է. ով է ՀՀԿ-ի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Անդրեասյանի հրաժարականը մի նոր գլխացավանքի առարկա է դարձել, քանի որ ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակության կողմից հեղինակություն ունեցող մարդ փնտրել՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու համար: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարող է լինել։

Նշենք, որ ըստ Մարդու իրավունքների պաշտապանի մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը…»: Այսինքն՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, նաեւ ակտիվ իրավապաշտպան գործունեություն է ծավալել: Սակայն երեկվանից շրջանառության մեջ է դրվել մի մարդու անուն եւ հանրապետական պատգամավորները գովեստի խոսքեր են շռայլում մի պաշտոնյայի հասցեին, որը որեւէ չափանիշներով չի համապատասխանում շարադրված սկզբունքներին:

Բնականաբար այս չափանիշներին համապատասխանող մարդ գտնելը իշխանության համար լուրջ խնդիր է, քանի որ մտնելով համակարգ՝ ցանկացած մարդ կայծակնային արագությամբ հեղինակազրկվում է կամ իր իներտությամբ, զրո նախաձեռնողականությամբ, կամ էլ հակահասարակական գործունեությամբ:
Իսկ ո՞վ է Արման Թաթոյանը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, կրթություն ստացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, այնուհետեւ ԵՊՀ ասպիրանտուրայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Արման Թաթոյանի աշխատանքային գործունեությունն էլ բավականին հարուստ է՝ ՀՀ արդարադատության փոխնախարար (2014 թ-ից մինչ օրս), Հայաստանի ներկայացուցիչն է «Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում», 2010-ից մինչ օրս սահմանադրական դատարանում՝ խորհրդական է եւ միջազգային մի շարք կառույցներում եղել է Հայաստանի ներկայացուցիչը՝ պետության կողմից ներկայացված:

Հատկանշական է, որ ներկայումս պետական պաշտոնյա Արման Թաթոյանը բանակում չի ծառայել, եւ արդեն իսկ կասկածելի է, թե ինչպես զինվոր չդարձած մարդը պետք է պաշտպանի զինվորի ու զինվորի մոր իրավունքները:

Ի դեպ, 2014 թվականի դեկտեմբերին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում Արման Թաթոյանը հրապարակավ դժվարացել էր ասել՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ․ «Նման դիրքորոշում արտահայտելու համար պետք է լինեին որոշակի իրավական հիմքեր կամ պաշտոնական գնահատականներ»,- նշել էր իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն:

Իսկ Արման Թաթոյանի ամենաէական «առավելությունն» այն է, որ ըստ իշխանական կուլիսներում պտտվող կարծիքների՝ նա Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալներից է: Բացի այդ, սերտ «գործընկերային հարաբերություններ» ունի Մ. Մինասյանի ազգական, արդարադատության նախարարությունում օրինականության վերահսկողության տեսչություն պետ Միքայել Մինասյանի հետ:

Օմբուդսմենի իշխանական թեկնածուն նաեւ բավականին լավ հարաբերություններ ունի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Ու եթե հաստատվի այս թեկնածությունը, հստակ կարող ենք ասել, որ Սամվել Ֆարմանյանին այդքան նյարդայնացնող 500 էջանոց տարեկան զեկույց հաստատ չենք ունենա:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Գագիկ Հարությունյանը իշխանական վերնախավին է ներկայացրել իր երիտասարդ խորհրդական Արամ Վարդեւանյանի թեկնածությունը: Հասկանալի է, որ այս կերպ նա պարզապես ուզում է ցույց տալ, որ ազդում է դեպքերի վրա եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է պնակալեզ հայթայթել ու որպես կադր մատուցել:

Իսկ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, բնականաբար, կկարողանար «պաշտպանել» մեր զինվորների իրավունքները բանակում կամ «բացառեր» խոշտանգումները փակ հաստատություններում: Նա եւս Միքայել Մինասյանի նախընտրելի թեկնածուների շարքում է:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը նույնպես չի բացառում, որ հնարավոր է՝ առաջադրվի այս պաշտոնում: Նա նշել է. «Քաղաքական գործունեության ժամանակ նույնպես անմասն չեմ եղել իրավապաշտպան գործունեությունից, կարելի է ասել` իմ առօրյա աշխատանքը ԱԺ պատգամավորի պաշտոնում կրում է նաեւ իրավապաշտպան բնույթ: Հետեւաբար չեմ բացառում իմ թեկնածության առաջադրումը»:

Թամարա Միքայելյան




Լրահոս