ՇՏԱՊ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ. «ԵՍ ԵՄ ԿՐԱԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում հնչած կրակոցները հասարակության լայն շերտերի մոտ զարմանք չհարուցեցին: Բոլորին է հայտնի, թե ինչ անցյալ ու ներկա ունի Սուրեն Խաչատրյանը: Զարմանալին թերեւս այն էր, որ նա հրապարակավ ցավ հայտնեց, իսկ որդին այս անգամ ձերբակալվեց:

ՄԵԴԱԼ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Գործող իշխանության գրեթե բոլոր օղակների պատասխանատուները մշտապես տարբեր իրավիճակներում տարբեր ձեւերով պաշտպանել են Սուրեն Խաչատրյանին՝ ջանալով արդարացնել նրան: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Խաչատրյանին մշտապես գովել է որպես օրինակելի մարզպետ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախորդ տարեվերջին ոսկե մեդալով պարգեւատրեց նրան, Սերժ Սարգսյանը տակավին վերջերս՝ մայիսի 8-ին, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» շքանշանով պարգեւատրեց: Իսկ մայիսի 28-ին էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Խաչատրյանին հրապարակավ գովեց՝ ասելով, թե «Սուրեն Խաչատրյանը կրիմինալ չէ, մարզպետ է, հավատացե՛ք»:
Իհարկե, քիչ էր մնում հավատայինք՝ մոռանալով, որ նա միայն վերջին երկու տարվա ընթացքում արդեն հասցրել է աղաղակող բռնություններով աչքի ընկնել: Նախ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ի տես բոլորի ապտակեց Սիլվա Համբարձումյանին, իսկ մարտի 26-ին նրա բարեկամ-թիկնապահ Զարզանդը Սյունիք գյուղի գիշերային ակումբի մոտ ծեծի էր ենթարկել քաղաքացի Արմեն Վարդանյանին, որն անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Չհաշված եղբորորդու գործած դաժան սպանությունը, մյուս եղբոր կողմից կատարված բռնաբարությունը եւ շատ այլ դեպքեր: Սակայն մշտապես Սուրեն Խաչատրյանը «ջրից չոր է դուրս եկել»:

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԱՆԸ՝ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ի՞նչ եղավ այս անգամ: Արդեն երեք օր է՝ ողջ երկրում Լիսկայի տան դիմաց արձակված կրակոցների տարբեր վարկածներ են շրջանառվում. ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքից, ուր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ աշխատանքային այցով Գորիսում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «մի կտոր հաց են կերել»: Ու երբ Բակո Սահակյանը հեռացել է, 40-50 րոպե անց քեֆի սեղանի շուրջ վեճ է ծագել Սուրեն Խաչատրյանի եւ «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանի միջեւ: Սակայն շուտով հարթվել է, եւ ներկաները որոշել են քեֆը տեղափոխել Սյունիքի մարզպետի առանձնատուն: Ի դեպ, Խաչատրյանը հաց տվող մարդ է: Եվ ահա այստեղ, քեֆից բացի, կրքերն էլ են բորբոքվել: Թե ինչից, ականատեսները «Ժողովուրդ»-ին կոնկրետ պատճառ դժվարացան ասել՝ նշելով, թե զրույցը եղել է ինչ-որ խոսակցության շարունակություն: Արդյոք նախկին լարվածությունն է եղել քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բուդաղյանի եւ Խաչատրյանի վեճի պատճառը, թե թարմ ինչ-որ միջադեպ՝ պարզ չէ, քանզի կողմերից մեկն արդեն սպանված է: Միայն հայտնի է, որ Ավետիք Բուդաղյանը, որը 2009թ. եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու, Խաչատրյանի տնից զանգահարել է իր եղբորը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար, ներկայումս Արցախի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին եւ շտապ կանչել մարզպետի տուն: Հրամանատարն էլ, առանց ժամանակ կորցնելու, շտապել է եղբոր թասիբը պաշտպանելու՝ «դե հերիք եղավ» սկզբունքով: Բնականաբար՝ զինված:
Բուդաղյանի եղբորը դարձյալ զինված «դիմավորել են» մարզպետի ազգական թիկնապահ Զարզանդ Նիկողոսյաննը եւ որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը (մարզպետը քնած է եղել): Դեռեւս անհայտ հանգամանքներում (թեեւ ամեն ինչ տեսանկարահանված է) «Բերետա» տեսակի որսորդական հրացանից արձակված կրակոցների արդյունքում Ավետիք Բուդաղյանը սպանվել է, Խաչատրյանի թիկնապահն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ Զարզանդն ու Տիգրանը ձերբակալվել են, իսկ ծանր վիրավոր հրամանատարը հատուկ հսկողությամբ դեռ իր բուժումն է ստանում:
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Իսկ Խաչատրյանի եւ նրա հարազատների բնակարաններից մեծաքանակ զենք է առգրավվել:

«ՍԱՌԵՑՎԱԾ» ՊԱՇՏՈՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո՝ երեկ, Սուրեն Խաչատրյանը «սառեցրեց» իր պաշտոնավարումը. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած՝ ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Թե ումից է թույլտվություն վերցրել մարզպետը, չի մանրամասնել: Բայց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արդեն «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է, թե վարչապետը չի եղել «թույլատրողը»: Ու, ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ այս «մեղայականի» տեքստը գրվել է ՀՀ նախագահի նստավայրում այն նույն մարդու կողմից, որը գրել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը «Հարսնաքար»-ի հայտնի դեպքից հետո:
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ասում են՝ ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ՝ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի, 100 պատիժ կլինի: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային ժողովի պատգամավորի իմ մանդատը»,-մեկ տարի առաջ ասել էր Ռ. Հայրապետյանը:
Բայց, ի տարբերություն Հայրապետյանի, Խաչատրյանը պաշտոնից հրաժարվեց կիսով չափ՝ մինչ այդ հոխորտալով, թե «ես քնած եմ եղել, թե չէ մի 20 հատ գլխից կշարեի»:

ԼԱՎ ՏՂՈՒ «ՍԻՆԴՐՈՄԸ»

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրների՝ այս կրակոցների դեպքն առանձնանում է հետաքրքիր նրբությամբ. բոլոր ձերբակալվածներն անմիջապես խոստովանել են, որ հենց իրենք են կրակել՝ հայտարարելով, թե «մարդը զինված եկել էր տան վրա, բա ի՞նչ անեինք»:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ են մտածում մարզկենտրոնի բնակիչները Գորիսում կատարված դեպքի մասին: «Ցավում եմ կատարվածի համար, այն իրոք ողբերգություն է: Դեպքից հետո հանդիպել եմ մարզպետի հետ, սակայն կատարվածի մանրամասները չենք քննարկել, հետեւաբար ոչինչ ասել չեմ կարող: Հետեւում եմ նախաքննության ընթացքին, համոզված եմ, որ իրավապահները կբացահայտեն մեղավորներին, որոնք կստանան իրենց արժանի պատիժը»,-ասաց քաղաքապետը:
Իսկ մեզ մնում է հավելել՝ հուսանք:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս